Եթե Փաշինյանը հավատում է, որ Հայաստանը կհարստանա, թող ապահովի դա. Լավրով
Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Հայաստանը հարստացնելու ծրագրերի մասին, թող ապահովի դա։ «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նշենք, որ մայիսի 27–ին Գառնիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ անտրամաբանական է Հայաստանին սպառնալ գների թանկացմամբ (նա ակնարկում է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման հետևանքով գազի գնի հնարավոր բարձրացումը. խմբ.), քանի որ նման սպառնալիքին կա պատասխան` Հայաստանը շատ ավելի փող կունենա, որ դա շատ թանկ չթվա։ Նա ընդգծել էր, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր է լինելու, այլ միլիարդների ու տրիլիոնների երկիր։
«Ես չեմ կարող մեկնաբանել ՀՀ ղեկավարի հայտարարությունները։ Եթե նա հավատում է, որ Հայաստանը կհարստանա, թող ապահովի դա», – ասել է Լավրովը։
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանը զգուշացրել է Հայաստանին գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի հնարավոր դադարեցման մասին, եթե Երևանը միանա Եվրամիությանը։



