
«Պատը, ժեշտը, փշալարը չեն կարող անվտանգություն լինել. անվտանգությունն ականապատված բուֆերային տարածքն էր, որը Կիրանցից 3-4 կմ հեռավորության վրա էր. այ դա էր անվտանգության երաշխիքը»

Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ գնացել էր «Ցանկապատ» ներկայացումը նայելու։ Ինչպես նրա հրապարակած տեսանյութում է երևում, ներկայացումից հետո Նիկոլ Փաշինյանը պահը բաց չի թողել ու սկսել է քարոզել «Իրական Հայաստանի» գաղափարը, բայց մինչ այդ դերասաններից հետաքրքրվել է, թե մարդիկ այդ ներկայացումից ի՞նչ հետևություններ պետք է անեն։ Հանդիսականներից մեկն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին, ասելով՝ «սիրել հայրենիքը և պայքարել յուրաքանչյուր սանտիմետրի համար»։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը «դասախոսություն» է կարդացել դերասանների համար՝ շեշտելով.
«Հայաստան կառուցելու համար ոչ թե պետք է ցանկապատ քանդել, այլ կառուցել, որովհետև երբ չկա ցանկապատ, չկա և Հայաստան։ Պետք չէ ցանկապատը քաշքշել, Հայաստան ունենալու համար պետք է ունենալ ցանկապատ, երբ քանդում ենք ցանկապատը, մեր Հայաստանը հայտնվում է ոտքի տակ։
Ես բոլորիդ հրավիրում եմ Կիրանց, գնալ ու տեսնել, թե ինչպես է դրվում ցանկապատ և ստեղծվում Հայաստան, ինչպես է դրվում ցանկապատ ու ստեղծվում անվտանգություն, բարեկեցություն, տներ են կառուցում և այլն»։
Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում է ժողովրդին, թե Կիրանցում իր կառուցած պատով անվտանգություն է ստեղծել, մինչդեռ այդպես չէ. պատն ընդամենը պատնեշ է։
«Պատն ընդամենը տեսողական խոչընդոտ է, պատը նրա համար է, որ երկու կողմերից միմյանց չտեսնեն։ Պատը, ժեշտը, փշալարը չեն կարող լինել անվտանգություն։ Անվտանգությունն ականապատված բուֆերային տարածքն էր, որը Կիրանցից 3-4 կմ հեռավորության վրա էր գտնվում, իսկ թշնամին մեզանից ավելի հեռու էր գտնվում, այ սա էր անվտանգության երաշխիքը։ Ինչպես միշտ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ է բարբաջում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Ղազարյանը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում, որպեսզի իր կատարած հանցագործությունները ներկայացնի՝ որպես «խաղաղության» ու «Իրական Հայաստանի» համար արված քայլեր, ու ցավալին այն է, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են Նիկոլ Փաշինյանին։
«Ցավալին նաև այն է, որ իրենց մտավորական համարողները համաձայն էին Նիկոլ Փաշինյանի հետ՝ ասելով, թե՝ «բա մենք մերն ունենք, աչքներս ուրիշների ունեցածի վրա ենք տնկել»։ Ջուր են լցնում, էլի, նրա ջրաղացին, որ երկիրը կարելի է հանձնել, մեկ է՝ տակն ինչ էլ մնա, մերն է լինելու»,- շեշտեց Կարեն Ղազարյանը։
Նա նաև ընդգծեց՝ վստահ է, որ ամիսներ անց տեղի ունեցող խորհրդարանական հերթական ընտրություններում Կիրանցում Նիկոլ Փաշինյանին ընտրողներ կլինեն, բայց ոչ այն քանակով, ինչ 2021 թվականին։ Նրան ընտրողներ կլինեն նաև Ոսկեպարում, որտեղ թշնամու սուրը գյուղի գլխին ճոճվում է։
«Այսօր Միքայել սրբազանը դատվում է խոսելու համար, այսօր հազարավոր մարդիկ սրբազանի նման են խոսում։ Շատերը գուցե Նիկոլի կողքին լինեն, բայց նրան ատեն։ Միևնույն է, բոլորն այս ամենի հանգուցալուծումը տեսնում են այս իշխանությունների հեռացմամբ»,- ընդգծեց Կարեն Ղազարյանը։