
«Տեսել եմ տղաների խոշտանգված մարմինները…, եթե Փաշինյանին ու իր կնոջը մտցնեին դիահերձարան, կաթված ստացած դուրս կգային». Անահիտ Ադոյան

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Չինաստան կատարած այցի ընթացքում ֆեյսբուքյան իրենց էջերում լուսանկարներ էին հրապարակում՝ Ալիևի, Էրդողանի, իսկ Աննա Հակոբյանը՝ Ալիևի ու Էրդողանի կանանց հետ։
Արցախյան պատերազմում նահատակված շատ տղաների ծնողներ հարց էին բարձրացրել, թե Աննա Հակոբյանն այդքան ջերմ լուսանկարվելիս գոնե մեկ անգամ Մեհրիբանից հետաքրքրվե՞լ է գերիների, պատանդների, այդ թվում՝ անհետ կորած անձանց ճակատագրերի մասին։
«Քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը, ասում է՝ եթե այդ կինը մարդկային որևէ հատկանիշ ունենա, պետք է որ հետաքրքրված լիներ անհետ կորած անձանց ճակատագրերի մասին։
«Մի օր այս հարցը պետք է լուծվի, չէ՞, թե՞ այսպես պետք է մնա։
Ինքներս տարբեր միջոցներ ենք կիրառել, որ մեր երեխաների հարցը լուծեն, դիվանագիտական ճանապարհ ենք ընտրել, բողոքի ակցիաներ ենք իրականացրել, այդ գործողություններից շատերը տեսանելի են եղել, շատերը՝ ոչ։ Բայց ոչ մի միջոց չի օգնել, որովհետև իշխանությունը մեր երեխաների վերադարձը չի ուզում։
Այսպես ասեմ՝ երեխաներից, ովքեր ողջ են, այս իշխանությունների ձեռքին մեծ «կոզր» են, խաղաքարտի «ջոկերներն» են, մի օր այդ «ջոկերները պե՞տք է բացվեն, թե՞ չէ»:
5 տարի է՝ մենք տառապում ենք, եթե վաղը Վարդանս հետ գա, որևէ մեկը չի կարող այս ապրումներիս համար պատասխան տա։
Շատ մարդիկ այս ամենին մատների արանքով են նայում, ոմանք համակերպվել են, իսկ ոմանց էլ փողն է կուրացրել, բայց այդ ոմանց մեջ որևէ հարցում ես չկամ։ Ուղղակի ափսոսում եմ մեր տղաներին, որ նրանք այս պահին իրենց տներում չեն։ Ինքս շատ եմ հիասթափված շատ մարդկանցից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Անահիտ Ադոյանը։
Նա շեշտեց՝ ինքն այնպիսի սարսափելի օրեր է ապրել, որը միայն Աստծուն է հայտնի, հատկապես այն օրերին, երբ տղաների մարմիններ էր բերում Երևան, ինչպես է այդ մարմինները տարել դիահերձարան ու տեղավորել։
«Եթե որոշ մարդիկ ինձ հետ տեսնեին, թե ինչպես էին տղաների մարմինները քերթել ու լցրել մորգը, երբեք չէին ասի, որ ուզում են ադրբեջանցու հետ ապրել։ Տեսել եմ տղաների աչքերը փորած, հանած, լեզուները կտրած, ես այդքանը տեսնելուց հետո ինչպե՞ս կարող եմ ապրել նման ոխերիմ թշնամու հետ։
Ձեզ թվում է, որ մեր երկրի ղեկավարը պետք է գնար դիահերձարան ու տեսներ տղաների խոշտանգված մարմիննե՞րը, ո՛չ, իհարկե, ինքն իր սենյակից, որտեղից լայվ էր անում, որևէ տեղ չի գնացել, մի զանգ են արել, ասել են իրեն, ու վերջ։ Եթե Նիկոլ Փաշինյանին ու իր կնոջ մտցնեին դիահերձարան, այնտեղից կաթված ստացած դուրս կգային ու երբեք չէին համաձայնի այս ամենին, ինչի՞ մասին է խոսքը։
Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արարատ Միրզոյանը որ այդպես խոսում են, ինչի իրենք տեսե՞լ են մեր տղաների խոշտանգված մարմինները, իհարկե չեն տեսել։ Այդ դաժանությունը մենք ծնողներով ենք տեսել։ Ես դեռ զարմացած եմ, որ այս ազգի մեջ կան մարդիկ, որոնց համար Նիկոլ Փաշինյանն ընդունելի է»,- հավելեց Անահիտ Ադոյանը՝ հավելելով, թե այս ամենը տեսնելուց հետո ինչպե՞ս կարող է համակերպվել, ինչպե՞ս կարող է հավատալ «Խաղաղության պայմանագրին»։
«Զանգելանում ես եմ գնացել ու փոսը քանդել, բերել եմ 8 հոգի, 8 գլուխ, իրան ու վերջույթներ, ձեռքեր ու ոտքեր արդեն անջատված։ Դրանից հետո Զանգելանից ոչ մի մարմին չի փոխանցվել Կապանի ուղղությամբ, ինչո՞ւ են 14 հոգու ԴՆԹ տալիս, քիչ-քիչ տան՝ շա՞տ տան»,- ընդգծեց մեր զրուցակիցը։