Հովհաննես Այվազովսկու և Նիկոլայ Գոգոլի ծանոթության և ընկերության պատմությունը

Հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու և ռուս գրականության ամենաերևելի դեմքերից մեկի՝ Նիկոլայ Գոգոլի մասին շատ են պատմությունները, հուշերը, փաստագրական նյութերը: Երկու մեծ արվեստագետները հիանում էին միմյանց արվեստով, ազդվում և ոգեշնչվում իրարից: Նրանք կարողացան թողնել այնպիսի մեծ հետք արվեստում, որ իրենց ժամանակակիցները գիտակցում էին, որ այս երկու մեծ անհատների արվեստը հավիտենական է և ժամանակավրեպ չէ: Նրանց առաջին հանդիպման մասին նշվում է, որ Այվազովսկին իր առաջին այցի մասին Իտալիա պատմելիս հաճախ էր հիշատակում Գոգոլին և իր բարեկամությունը նրա հետ. «Իտալիայի առաջին քաղաքը, որ ես այցելեցի իհարկե Վենետիկն էր։

Հոգնեցնող Բեռլինից, Դրեզդենից, Տրիեստից հետո այն անասելիորեն դուր եկավ ինձ։ Վենետիկում էլ ես ծանոթացա մեր անմոռանալի Գոգոլի հետ, որը այն ժամանակ այստեղ էր բնակվում»։ Այվազովսկու և Գոգոլի ծանոթության, մտերմության և ընկերության մասին մանրամասն գրում է Գուրգեն Հովնանն իր «Ռուս-հայ գրական կապերը 19-20-րդ դդ» աշխատության մեջ.

«Այվազովսկին հատկապես մոտ էր Գոգոլի հետ: Հայտնի է, որ ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում նրանք հաճախակի հանդիպումներ են ունեցել և երկար զրուցել գրականության ու արվեստի հարցերի շուրջ: Բելինսկու մասին գրած իր հուշում Այվազովսկին նշում է.

Կարդացեք նաև

«Որքա՜ն շատ բան է փոխվել այն ժամանակվանից, երբ Գոգոլի հետ միասին ես կարդում էի Բելինսկու  «Գրական երազանքներ» լուրջ ու անկեղծ հոդվածը, որտեղ նա այնպես հիացմունքով ու ջերմությամբ է վերաբերվում թատրոնին՝ «հոգու բոլոր ուժերով սիրածին….»: (Հովնան Գ., «Ռուս-հայ գրական կապերը 19-20-րդ դդ», Երևան, 1960, էջ 52):

Նրանց ծանոթությունը նոր ընկերության և մտերմության հիմքերն է դնում: երկու մեծ անհատներն այնքան են տարվում միմյանց արվեստով, միմյանց մտքերով և գաղափարներով, որ սկսում են միասին ճամփորդել: Հետաքրքրական է, որ այդ ճամփորդությունների մասին հուշեր ունի Հովհաննես Այվազովսկին, ով նաև մանրամասն տալիս է Գոգոլի արտաքինի ու բնավորության նկարագիրը.

«Շուտով Գոգոլն ու Այվազովսկին միասին ճանապարհորդում են Իտալիայում: Այդ ճանապարհորդության, ինչպես և Գոգոլից ստացած իր տպավորությունների մասին Այվազովսկին գրում է.

«Ցածր հասակով, նիհար, բավականին երկար ու սուր քթով և շեկ մազերով, որոնք հաճախակի թափվում էին փոքրիկ, կիսաբաց աչքերի վրա, Գոգոլը գիտեր փարատել յուր անհրապույր տեսքի ազդեցությունը սիրալիրությամբ, անսպառ զվարճախոսությամբ, սրամիտ ու նուրբ կատակներով, որոնցով միշտ փայլում էր նրա զրույցը մտերիմ բարեկամների շրջանում: Նոր անծանոթ անձի ներկայությունը, անձրևաբեր ամպի նման, մի ակնթարթում ստվեր էր ձգում Գոգոլի քաղցր ժպիտով ոգևորված երեսի վրա. նա լռում էր, մռայլվում, մի տեսակ փոքրանում և կարծես ինքն իր մեջ խորասույզ լինում: Նրա այս տարօրինակ բնավորության հատկությունները նկատել էին նաև նրա մոտ բարեկամները: Սակայն ինձ հետ նա շուտ մտերմացավ և ես առիթ ունեցա մի քանի անգամ վայելելու նրա սիրալիր զրույցները: Նա, Բոտկինը և Պանովն ինձ առաջարկեցին մեկնել իրենց հետ Ֆլորենցիա, և ես հաճույքով համաձայնեցի: Մենք ճանապարհորդում էինք վարձված չորստեղանի կառքով….ժամանելով Ֆլորենցիա, ես միառմի զննեցի: Տոսկանայի մայրաքաղաքի գեղարվեստական գանձարանները, հաճախեցի Պիտտու ապարանքը և այլն»: (Նույն տեղում, էջ 53-54):

Երկու մեծերի մտերմության ու ընկերության մասին տեսնում ենք երկկողմանի պատմություններ: Այվազովսկին Գոգոլին և իրենց հարաբերությունները ներկայացնում էր իր դիտանկյունից, իսկ Գոգոլն իր հերթին իր դիտանկյունից: Հատկանշական է, որ Գոգոլն Այվազովսկու մասին խոսելով չի թաքցնում իր գեղարվեստական սատիրան, երբ ներկայացնում է Իտալիայում Այվազովսկու «Քաոս» կտավի հաջողությունը:

«Իտալիայում ստեղծված բազմաթիվ նկարներից արտակարգ հաջողություն է ունենում Այվազովսկու «Քաոս»-ը: Այվազովսկին պարգևատրվում է ոսկե մեդալով: Այդ հաջողության առթիվ ռուս նկարիչների ու գրողների մասնակցությամբ Հռոմում կազմակերպվում է հատուկ երեկույթ, որին ներկա է լինում նաև Ն. Վ. Գոգոլը: Մեծահռչակ սատիրիկը կատակով արտասանում է մի փոքրիկ, բայց սրամիտ ճառ. «Պարոնայք, վերջերս Նևայի ափերից այստեղ եկավ մի փոքրիկ մարդ, Վանյա Այվազովսկին, և հանկարծ Վատիկանում «Քաոս» բարձրացրեց. Եթե այդ ես անեի, ինձ որպես գրչակի վզակոթիս կտային, այնինչ Վանյա Այվազովսկու վզից մեդալ կախեցին»: (Նույն տեղում, էջ 54):

Գոգոլի և Այվազովսկու ընկերությունը չի ավարտվում Իտալիայում: Այվազովսկին իր հուշերում գրում է, որ նրանք հանդիպել և շփվել են նաև Ռուսաստանի տարածքում: Մասնավորապես նրանք հանդիպել են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Այդ հանդիպումների մասին հայազգի ծովանկարիչը մանրամասներ է հայտնում:

Այս երկու մեծ արվեստագետների մասին կարելի է երկար խոսել, սակայն սա միայն մի փոքր անդրադարձ էր երկու մեծերի առաջին հանդիպման, ծանոթության, միմյանց մասին կարծիքների ու գնահատականների մասին: Նրանք հարգում էին իրար որպես մարդ և արվեստագետ: Եվ տասնամյակներն ու ժամանակը ցույց տվեցին, որ նրանց արվեստը հավիտենական է և համամարդկային:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս