
Անզոր և ճարահատ լինելու հետևանքները. Վահան Զանոյեան. Aravot.am

«Ուժեղներն անում են հնարավորը, իսկ թույլերը հանդուրժում իրենց պարտադրվածը»։
-Թուկիդիդես, մ.թ.ա. 460-400, պատմաբան և զորավար, «Պելոպոնեսյան պատերազմի պատմությունը» աշխատության հեղինակ։
Սպիտակ տանը օգոստոսի 8-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին շատ բան է խոսվել ու գրվել։ Ստորագրված կամ նախաստորագրված կարևոր փաստաթղթերը հրապարակվել և քննարկվել են։ Որոշ մեկնաբաններ դրանք որակել են որպես «մասշտաբային» և «պատմական»։ Ուրիշներ քննադատել են դրանք՝ համարելով կամ զուտ թատրոն, կամ, ավելի վատ՝ որպես մահվան համբույր ինքնիշխան հայկական պետականությանը։ Այս երկու տեսակետների արանքում եղել են նաև բազում այլ կարծիքներ։
Սակայն եթե քննարկենք, թե ինչ է տեղի ունեցել և, որ նույնքան կարևոր է, թե ինչու է դա տեղի ունեցել, ապա կհանգենք մի պարզ և ակնհայտ փաստի. Այն է՝ Հայաստանը չափազանց թույլ էր Ադրբեջանի հնարավոր հարձակումը ետ մղելու համար և ճարահատորեն ցանկանում էր գործարք կնքել։
Մեծ հաշվով` այս իրադարձությունների նախնական խթանը գարնան սկզբին Ադրբեջանի կողմից հարավային Հայաստանի վրա անմիջական ռազմական հարձակման վախն էր՝ Նախիջևանի և Ադրբեջանի միջև ուժի միջոցով ցամաքային կապ հաստատելու նպատակով: Խոսքը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Այս սցենարը կանխելու համար` ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի գլխավորությամբ ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվեց դիվանագիտական աշխույժ պտտահողմ, որի հետևանքով, Ադրբեջանը, ըստ էության, ստացավ ոչ միայն իր ցանկալի երթուղին, այլև շատ ավելին, Հայաստանը ստացավ անմիջական ներխուժման սպառնալիքի վերացում, իսկ ԱՄՆ-ը ձեռք բերեց ռազմավարական ներկայություն Հարավային Կովկասում։
Ի վերջո, ստորագրվեց ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ ընդամենը փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը պարտավորվում են ձգտել խաղաղության։ Ադրբեջանը ձեռք բերեց.
1) Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքային ճանապարհ կառուցելու մասին համաձայնություն, որը ցանկանում էր, թեև ոչ այն անվան տակ և ձևաչափով, որ հույս ուներ։ Ճանապարհը կկոչվի «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP), որը կկառավարվի ամերիկյան ընկերության կողմից՝ Հայաստանի օրենսդրության համաձայն,
2) Արցախում էթնիկ զտումներն ավարտին հասցնելու համար ուժի կիրառման լիակատար փաստացի նորմալացում,
3) Հայաստանից գրաված 210 քառ. կմ ռազմավարական նշանակության տարածքից զորքերը դուրս բերելու պահանջի բացակայություն,
4) Բաքվում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջի բացակայություն,
5) ԱՄՆ-ից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի վաճառքն արգելող 907-րդ դրույթի չեղյալ հայտարարում,
6) ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում` խփելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցությունների դագաղի վերջին մեխը,
7) Հայաստանում Ադրբեջանի սահմանի երկայնքով օտարերկրյա ներկայություն չունենալու համաձայնություն,
8) Արցախի բնակչության վերադարձի իրավունքի մասին հիշատակման բացակայություն. Այս հարցը չունի ո՛չ միջազգային աջակցություն, ո՛չ էլ Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում է, ինչը ևս «թույլերը հանդուրժում են իրենց պարտադրվածը» երևույթի հետևանք է։
Այս ամենի դիմաց Հայաստանը ստացավ մեկ կարևոր փաստացի զիջում, այն է՝ երկրի հարավային շրջանների վրա Ադրբեջանի կողմից ենթադրյալ հարձակման հետաձգում, այսինքն՝ սպառնալիքի (ժամանակավո՞ր) վերացում:
Իհարկե, կային նաև այլ նշանակալի մեղմացուցիչ հանգամանքներ, որոնք հիմնականում նախատեսված էին Հայաստանի ներքաղաքական զգայունությունը մեղմելու համար, օրինակ, «միջանցք» եզրույթի բացակայությունը, հայկական հողում օտարերկրյա զորքերի բացակայությունը, հայ-իրանական սահմանի չընդհատումը, արտատարածքայնության բացակայությունը: Այս ամենը ևս ենթադրում է հնարավոր սպառնալիքների վերացում: Սակայն Հայաստանն այդպես էլ չստացավ նոր կոնկրետ առաջարկներ, որոնք արդեն իսկ չուներ նախքան օգոստոսի 8-ի հանդիպումը:
Կառավարության քաղաքականությունը պաշտպանողները պնդում են, որ Հայաստանը ձեռք է բերել շատ ավելին, քան Ադրբեջանին ժամանակավորապես զսպելու միջոց (այս մասին՝ ստորև), բայց դրանք ավելի շատ ապագային վերաբերող հույսեր ու սպասումներ են, քան կոնկրետ նվաճումներ:
Մոտ 2500 տարի առաջ Թուկիդիդեսի ասած խոսքերն այսօր էլ արդիական են։ Եթե Հայաստանը բավականաչափ ուժեղ լիներ՝ Ադրբեջանի նոր հարձակումը միայնակ ետ մղելու, այս ամենը տեղի չէր ունենա կամ գոնե ոչ այն ձևով, որ տեղի ունեցավ։ Ցանկացած գործարք առնվազն կներառեր քաղբանտարկյալների և ռազմագերիների ազատ արձակումը, ինչպես նաև ադրբեջանական զորքերի դուրսբերումը գրավյալ հայկական տարածքներից։ Նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտություն կրելուց հետո, դեռ կարելի էր հասնել դրան, եթե Հայաստանը վերջին հինգ տարիների ընթացքում ավելի շատ ջանք գործադրեր` երկրի պաշտպանությունն ամրապնդելու հարցում։
Պետք է շատ հստակ լինել այս հարցում. հենց ադրբեջանական հնարավոր ագրեսիայի հանդեպ վախը` զուգորդված այն ետ մղելու Հայաստանի ենթադրյալ անկարողության և կառավարության՝ հաջորդ տարվա ընտրություններից առաջ իր «Խաղաղության օրակարգի» հարցում առաջընթաց ցույց տալու հուսահատ ցանկության հետ, հնարավոր դարձրեց օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձություններին: Հայաստանի տեսանկյունից դրա համար որևէ այլ համոզիչ հիմնավորում կամ արդարացում չկար: Այս քաղաքականության շարժիչ ուժը անզորությունն ու վախն էին, իսկ ԱՄՆ նախագահը պատրաստ էր դրան խաղակից դառնալ:
Թույլերը հանդուրժում են իրենց պարտադրվածը։ Սա ոչ թե քննադատություն է, այլ փաստի արձանագրում: Մենք պարտավոր ենք գիտակցել դա։ Նրանք, ովքեր գովաբանում են այս «համաձայնությունները», նույնքան, եթե ոչ ավելի, վնասակար ազդեցություն ունեն, որքան նրանք, ովքեր անզգուշորեն դատապարտում են դրանք, քանի որ երկուսն էլ, յուրաքանչյուրն իր ձևով, շեղում են հանրության ուշադրությունը ճշմարտությունից և, որ ավելի կարևոր է, ճիշտ դասեր քաղելուց այն իրավիճակից, որում հայտնվել է Հայաստանը 2020 թվականի պատերազմից հետո։
Ահա թե ինչի վրա են հույս դնում օգոստոսի 8-ի իրադարձությունների հովանավորները և ինչի են ուզում, որ հավատանք. TRIPP-ը կկառուցվի երեք-չորս տարվա ընթացքում։ Նախքան դրա պաշտոնական մեկնարկը, Ադրբեջանը, որը մինչև օրս խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի բոլոր դրույթները, դուրս կգա Հայաստանի գրավյալ տարածքներից, իսկ նախքան այդ, որպես բարի կամքի դրսևորում, կազատի բոլոր քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։ Հայաստանը կփոխի իր սահմանադրությունը՝ ի գոհունակություն Իլհամ Ալիևի, և վերջինս Հայաստանի հետ վերջապես խաղաղության համաձայնագիր կստորագրի։ Ադրբեջանը կդադարեցնի և ժամանակի ընթացքում ետ կկանգնի հայատյաց քարոզչությունից և «Արևմտյան Ադրբեջան» հռետորաբանությունից, դրանց մասին հիշատակումները վերացնելով թե՛ լրատվամիջոցներից, թե՛ դպրոցական դասագրքերից։ Այն կդադարեցնի եկեղեցիների, տապանաքարերի և Արցախում այլ մշակութային ժառանգության ոչնչացումը։ TRIPP-ի բացումից հետո, Ադրբեջանն ու Թուրքիան կպահպանեն համաձայնագրի դրույթներն ու այդ ճանապարհով կտեղափոխեն միայն առևտրային բեռներ։ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանները, առևտուրը կակտիվանա, իսկ օտարերկրյա ներդրումների հոսքը երկիր կմեծանա՝ առանց ճնշելու տեղական տնտեսությունը, իսկ հայկական գյուղատնտեսական, շինարարական և որոշակի արտադրական ձեռնարկություններ կկարողանան մրցակցել թուրքական արտադրողների հետ և բարգավաճել։ Այսպիսով, Հայաստանը վերջապես դուրս կգա կիսաշրջափակված և մեկուսացված վիճակից։ ԱՄՆ-ն Հայաստանին կմատակարարի շատ ավելի լավ պաշտպանական տեխնոլոգիաներ, քան Հայաստանն ունեցել է մինչև այժմ: Հայաստանն անհամաչափորեն ավելի մեծ շահույթ կստանա ԱՄՆ-ի հետ տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում համագործակցությունից, քանի որ ներքին կարողությունների շնորհիվ երկիրն այդ ոլորտում ունի ավելի մեծ կլանման ունակություն, քան Ադրբեջանը կամ որևէ այլ հետխորհրդային երկիր։ ԱՄՆ-ն, ցուցաբերելով իրեն ոչ բնորոշ երկարատև հաստատունություն, կպահպանի հետաքրքրությունը Հարավային Կովկասում իր ռազմավարական ներկայությունը պահպանելու հարցում՝ Թրամփի` խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր դառնալու հույսերը մարելուց և նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից երկար ժամանակ անց, նույնիսկ եթե ԱՄՆ-ն, ի վերջո, համաձայնության գա Ռուսաստանի հետ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի հետ կապված հարցերի շուրջ։ ԱՄՆ ներկայությունը կշարունակի գործել որպես զսպող գործոն ադրբեջանական հետագա ագրեսիայի դեմ՝ անկախ Իսրայել-Իրան դիմակայության կարգավիճակից։
Հենց այս քիչ թե շատ ուտոպիկ սցենարն է ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջ տարվում պաշտոնական մակարդակով։ Ավելորդ է նշել, որ 2020 թվականի պատերազմից հետո և դրանից առաջ տեղի ունեցած ոչինչ, ո՛չ պաշտոնական հռետորաբանության մեջ, ո՛չ էլ կառավարության գործողություններում, չի ապացուցում այս սցենարի հավաստիությունը։ Հակառակը, պարզ է և փորձնական ճանապարհով ապացուցելի, որ Հայաստանի հետ խաղաղությունը Իլհամ Ալիևի օրակարգում չէ։ Ավելին, ուժեղ և բարգավաճող Հայաստանը Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Ադրբեջանի տեսլականի մաս չէ։
Հայաստանը պարզապես չի կարող գոյատևել, եթե շարունակի լինել անզոր և ճարահատ։ Միայն ինքնուրույն զորեղանալով կարող ենք հույս ունենալ իրականացնել նշված ուտոպիական սցենարում թվարկված որոշ կետեր։ Օգոստոսի 8-ից հետո մեր առջև ծառացած ամենամեծ վտանգը ոչ թե Սպիտակ տանը ստորագրված կամ նախաստորագրված փաստաթղթերն են, այլ դրանք որպես Խաղաղության օրակարգի հաղթանակ հռչակելու ներքաղաքական անհրաժեշտությունը և, որպես արդյունք, մեր ազգային պաշտպանության հետ կապված ինքնասփոփման նոր ալիքին տրվելը։
Հզորանալու համար` Հայկական պետությունը չի կարող շարունակել անտեսել հայ ազգի ռեսուրսները: Ավելին, ինչպես բազմիցս նշել եմ իմ նախորդ հոդվածներում, միանգամայն պարզ է, որ Հայկական պետությունն ունակ չէ պաշտպանել հայ ազգային շահերը, որի հույս ունեինք Հայաստանի անկախությունից հետո և 90-ականների սկզբին: Իրականում, կասկածելի է նույնիսկ, որ պետությունը կարող է պաշտպանել իր պետական շահերը, էլ չասենք` ազգի: Արցախի կորստից հետո, ներկայիս 29,743 քառակուսի կիլոմետր տարածքը չունի այն ռազմավարական խորությունը, որը թույլ է տալիս պաշտպանվել բացառապես տվյալ աշխարհագրական տարածքում առկա մարդկային և նյութական ռեսուրսների միջոցով: Հետևաբար, կա «Ազգի» վերակազմակերպման խիստ անհրաժեշտություն՝ նախ՝ որպես քաղաքական և տնտեսական հզոր անդրազգային միավոր սեփական գոյությունը պահպանելու, և երկրորդ՝ պետության գոյատևումը և երկարաժամկետ կենսունակությունն ապահովելու համար:
Վահան Զանոյեան