
Աշխարհաքաղաքական անորոշություն ու մտահոգություններ․ Ի՞նչ «հրաշք» է խոստանում Թրամփը Երևանին ու Բաքվին

Սյունիքով նախատեսվող երթուղու վերաբերյալ ամերիկյան առաջարկի շուրջ աշխարհաքաղաքական անորոշությունը պահպանվում է։ Չնայած ամերիկյան կողմը չի դադարում հայտարարություններն այն մասին, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում բեկում է նախապատրաստվում, իրականում ամենայն մանրամասնություններով հասկանալի չէ, թե խոսքը մասնավորապես ինչ առաջարկի մասին է։
Ինչպես հայտնի է, ապաշրջափակման հարցում ամերիկյան առաջարկի առկայության մասին հայտնի դարձավ հուլիսի սկզբին Carnegie Politika-ում վերլուծաբան Օլեսյա Վարդանյանի գրած հոդվածով, որտեղ ասվում էր, թե ԱՄՆ-ը առաջարկել է ՀՀ-ով անցնող հաղորդակցության հսկողության հետ կապված իր ծրագիրը՝ ամերիկյան բիզնես մասնակցությամբ։ Սրան հաջորդեցին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մի քանի արձագանքները, որոնց էությունը կայանում էր հետևյալում՝ ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի, թեև համաձայնագիրն ու ապաշրջափակման օրակարգերն ըստ էության անջատ են։
Հուլիսի 9-ին, թվարկելով նախագահ Թրամփի պաշտոնավարման վեց ամիսների ընթացքում արտաքին հարաբերությունների ոլորտում արձանագրված ձեռքբերումները, պետքարտուղար Ռուբիոն Երևանի ու Բաքվի միջև բանակցություններն է հիշատակում այն դեպքում, երբ պաշտոնապես կողմերը բանակցում են ուղիղ՝ առանց միջնորդների, որի ապացույցն այն էր, որ հուլիսի 10-ին Աբու Դաբիում հանդիպեցին Փաշինյանն ու Ալիևն ԱՄԷ հարթակում։
Այս հանդիպումից կարճ ժամանակ անց Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, թե Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որն Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին, սակայն Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյան նշել էր՝ «ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ»։ Նազելի Բաղդասարյանը, սակայն, չէր հստակեցրել՝ արդյո՞ք դեսպանն ԱՄՆ ապաշրջափակման այդ նույն առաջարկի մասին է խոսում, որը, ըստ «Քարնեգի» հիմնադրամի, Թրամփի վարչակազմն արել է Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան կապուղու վերաբերյալ: Պաշտոնական Երևանը, Փաշինյանը չի հերքում, որ կա ամերիկյան առաջարկ, և նշում է, որ ՀՀ-ն ինչ էլ բանակցի, բանակցելու է ՀՀ տարածքային ամբողջականության, իրավազորության և ինքնիշխանության շրջանակում։ Ուշագրավ է նաև այն, որ Թոմ Բարաքի դիտարկումներին արձագանքեցին նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմից, նշելով, թե տեղյակ չեն այդ առաջարկի մասին։
Սակայն, թե ինչպես է ԱՄՆ-ը աշխատում հանուն խաղաղության, ինչ ջանքեր են ներդրվում, կոնկրետ ինչ է առաջարկում ԱՄՆ-ը, առաջարկը որ խողովակով է եղել, որքանով է այն տեղավորվում ՀՀ տարածքային ամբողջականության, իրավազորության և ինքնիշխանության շրջանակում, պետքարտուղարությունը չի մանրամասնում։ Ռուբիոյի վերոնշյալ հայտարարությունների ֆոնին ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը լրագրողների հարցերին ի պատասխան՝ միայն նշում է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին:
Սակայն, երբ հարցը հասնում է ամերիկյան առաջարկը պարզաբանելուն, Բրյուսը խորհուրդ է տալիս դիմել Սպիտակ տուն՝ այդ հարցով նախագահական վարչակազմի դիրքորոշումը հասկանալու համար: Օրինակ՝ Forbes պարբերականում գրված հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ը առաջարկում է 100 տարով վարձակալել, Ադրբեջանին տալ անվտանգության երաշխիքներ, ինչպես նաև բավարարել ՀՀ պահանջները։
«ԱՄՆ-ի «վարձակալության» առաջարկը ստեղծարար փորձ է՝ օգտագործելու կորպորատիվ-իրավական շրջանակները՝ այս փակուղին շրջանցելու համար, առաջարկելով Բաքվին անվտանգության երաշխիքներ՝ միաժամանակ թույլ տալով Երևանին պահպանել անվանական ինքնիշխանությունը»,- գրում է Forbes-ում թուրք էներգետիկ վերլուծաբան Գյունեյ Յըլդըզը։
Վերջին 2 շաբաթների ընթացքում թե Մարկո Ռուբիոն, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի հայտարարություններ են արել այն մասին, որ համաձայնությունը մոտ է։ Վերջին նմանատիպ հայտարարությունը ժամեր առաջ արեց Դոնալդ Թրամփը, նշելով, թե ԱՄՆ-ը հրաշք է գործել։ Ժամեր առաջ կրկին թվարկելով իր նախագահության օրոք, իր գնահատմամբ՝ արտաքին դիվանագիտական հաջողությունները՝ Թրամփը դրանց շարքում շատ հպանցիկ նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին անդրադարձավ: «Հայաստան ու Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել, և (խաղաղության համաձայնագիրը) բավականին մոտ է, եթե ոչ՝ արդեն իրականացած»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: Այս ֆոնին հարկ է նաև հիշեցնել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի Breitbart News-ին դեռևս մայիսին տված հարցազրույցում արած դիտարկումը, որ Հայաստանը և Ադրբեջանը ևս կարող են միանալ Աբրահամի խաղաղության համաձայնագրերին։
«Ես կանխատեսում եմ, որ շուտով կտեսնենք Լիբանանում և նույնիսկ Սիրիայում իրավիճակի կարգավորում։ Նրանց կողմից դրական արձագանք է եղել։ Դա կարող է տեղի ունենալ նաև Լիբիայի հետ։ Խոսքն Աբրահամի խաղաղության համաձայնագրերին երկրների միանալու մասին է։ Դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ, որտեղ, կարծում ենք, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական կարգավորմանը»,- մասնավորապես, ասել էր Ուիթքոֆը և հավելել, որ «սա հսկայական նախաձեռնություն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի կողմից։
Ամերիկյան առաջարկի առկայության մասին են խոսում նաև անհանգիստ արձագանքներն Իրանից։ Վերջին օրերի ընթացքում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ով մասնակցել էր Աբու Դաբիի բանակցություններին, որտեղ, ըստ տեղեկությունների, նաև ապաշրջափակման հարցերն էին քննարկվել։ Նախօրեին էլ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ կարճ զրույցում ասել էր, թե հայկական պետությունը չի ասել, որ ճանապարհի կառավարումը հանձնում է ԱՄՆ-ին։
«Իսկ ենթադրությունների հիման վրա չենք կարող կարծիք հայտնել։ Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո։ Ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է, բազմիցս հայտարարել ենք՝ ցանկացած ապաշրջափակում պետք է լինի ՀՀ ինքնիշխանության ներքո»,- նշել էր դեսպանը։
Իսկ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ էր հեռախոսազրույց ունեցել։ Ինչպես հայտնի է, Արմեն Գրիգորյանը ևս մասնակցել էր Աբու Դաբիի բանակցություններին։ Այսօր իրանական Mehr գործակալությունը հաղորդում է, որ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ զրույցում ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը մնում է անփոփոխ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխության դեմ, և այս դիրքորոշումը համարում է օգտակար բոլոր տարածաշրջանային կողմերի համար։
«Ահմադիանը Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանային և երկկողմ հարցեր։ Գրիգորյանն Ահմադիանին ներկայացրել է ադրբեջանական կողմի հետ բանակցությունների վերջին զարգացումները և ընդգծել, որ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային տարանցիկ ուղիների վերաբերյալ չի փոխվել»,- գրում է Mehr-ը։
Ի դեպ, ՀՀ ԱԽՔ տարածած հաղորդագրությունում ևս նշվում էր, թե հայկական կողմն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ հիմնված տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն Իրանին այս հարցում հավաստիացումներ ներկայացնելու անհրաժեշտություն ունի։ Այս հայտարարությունների ֆոնին գլխավոր մտահոգությունն առաջարկների մանրամասնությունների բացակայությունն է և այն, որ գուցե այն, ինչ ՀՀ իշխանությունները որակում են՝ որպես կարմիր գծեր՝ ՀՀ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, դառնան պարզապես նոմինալ, ինչպես գրում է Forbes-ի հոդվածագիր Գյունեյ Յըլդըզը։