
Ինչո՞ւ եկեղեցին չի բանադրում Նիկոլ Փաշինյանին. Հայր Ռուբենը պարզաբանում է
«Պրեսսինգ» հաղորդաշարում հյուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանն է։
Հաղորդման ընթացքում վերջինս պատասխանեց նաև այն հարցին, թե ինչո՞ւ Եկեղեցին չի բանադրում Նիկոլ Փաշինյանին:
«Եկեղեցին չունի ուժային կառույցներ, հենց դրանով էլ հալածվում է ու հալածվել է դարեր շարունակ։ Եկեղեցու ուժը խոսքն է, հոգևորականության ամուր կանգնելն է արժեքների պաշտպանության դիրքերում»,- ասաց Հայր Ռուբենը:
Վերջինս նշեց՝ Եպիսկոպոսներն Ամենայն Հայոց հայրապետի գահի երաշխավորներն են։ Վեհափառին ընտրում է Եկեղեցական բարձրագույն ժողովը, որը Եկեղեցու բարձրագույն մարմինն է։
«Իրենց ուզածը Հայ եկեղեցին է՝ առանց հոգևորականության ուժի։ Հայ եկեղեցին փորձում են զրկել իր նվիրապետությունից։ Ասում են՝ մի քանի հոգու՝ մի քանի հոգևորականների դեմ է, սակայն այդպես չէ։ Հայ հոգևոր միջին դասն առավել պահանջատեր է»,- ասաց Հայր Ռուբենն ու որպես օրինակ՝ բերեց Նիժնի Նովգորոդի թեմի քահանա Հայր Սեբեոսին, ով ուղղակի հրաժարվել էր կատարել այն մկրտության ծեսը, որում որպես քավոր՝ պիտի հանդես գար ՔՊ-ական հայհոյախոս պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։
«Նզովքը պիտի կիրառվի եկեղեցու ներսում։ Արսեն Թորոսյանին դա չի վերաբերելու, նույնն է, որ նզովես բոլշևիկի կամ որևէ արաբի։ Եթե դու եկեղեցու զավակ չես, նզովքը քեզ չի վերաբերելու։ Շատ ավելի ազդու է այդ քահանայի արածը, ով հրաժարվել է անել մկրտության ծեսը՝ պարզապես խնդրելով փոխել քավորին։ Չեն փոխել, հետաձգել են մկրտությունը։ Բայց մարդիկ պետք է հասկանան, որ կարևորը կնքահայրը չէ, կարևորը մկրտությունն է, նրա խորհուրդը։ Եվ քավորի պատճառով մկրտություն չեն հետաձգում։ Ընդ որում, այդ քահանան բացատրել է՝ ինչու չի մկրտում։ Սկզբում փորձել են սիրաշահել քահանային, ապա հայհոյել են, հետո՝ սպառնացել։ Բայց համայնքը քահանայի թիկունքին կանգնած է»,- ասաց հոգևորականը:
Մանրամասները՝ տեսանյութում: