
Էական չէ՝ ով ինչ ձևակերպում է տալիս․ ՀՀ սուվերեն տարածքի ճանապարհահատվածի վրա վերահսկողությունն իրականացնելու է այլ կազմակերպություն․ տնտեսագետ

«2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժողովրդի վստահության քվեն ստացավ «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսով,- օրերս հրավիրած ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով,- Այսօր արդեն՝ հերթական խորհրդարանական ընտրություններից 11 ամիս առաջ, կարող եմ հայտարարել, որ այդ կարգախոսն իրագործվում է և իրագործված է։ «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսը զարգացնելով՝ հիմա արդեն ասում եմ՝ ապագան այսօր է: Այսինքն՝ ապագան արդեն իսկ մուտք է գործել մեր իրականություն»։
Նիկոլ Փաշինյանն այս ապագահայաց խոսույթում անդրադարձավ նաև իր հեղինակած՝ «խաղաղության խաչմերուկ» թեզին, որն ի հայտ էր եկել «զրո կետից» բանակցելու իր միսիան ձախողելուց հետո։
Նախընտրական հերթական քարոզարշա՞վ, թե՞ Ստամբուլ-Աբու-Դաբի-Բրյուսել այցերում ձեռք բերված պայմանավորվածությունների ազդարարում․ ինչի՞ մասին էր ասուլիսը։
Ըստ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ուներ երեք հիմնական ուղերձ։
«Երկուսը ներքաղաքական էին, որով ամփոփում էր ընդդեմ կաթողիկոսի, Հայ Առաքելական եկեղեցու և Սամվել Կարապետյանի արշավը։
Քանի որ հանրության շրջանում լայն քննարկվել էին այս հարցերը, և քանի որ այս համատեքստում այլ գործիչների ձայնն ավելի լսելի էր եղել, քան իրենը, ինքը խնդիր ուներ այդ մասին խոսելու։ Ընդ որում, խոսելով հանդերձ՝ ժողովրդին ևս մեկ անգամ շեղելով երրորդ հիմնական ուղերձի անոնսը տալու համար և բացահայտ հայտարարելու, որ «միջանցքը» տրամադրվում է»,- 168․am–ի հետ զրույցում մանրամասնեց Նաիրի Սարգսյանը։
Դիտարկմանը, որ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ դրանից ամենևին չի տուժելու ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դա ամենևին միջանցք չէ, այլ ճանապարհ, որի վերահսկումն իրականացնելու համար հնարավոր արտապատվիրակման հարցեր են քննարկվել ժամանակին, մեր զրուցակիցն արձագանքեց՝ ասելով, որ դա ինչ անուն էլ ունենա, փաստորեն քննարկվում է ՀՀ տարածքով անցնող ճանապարհի վերահսկողությունն այլ երկրի կազմակերպությանը վստահելու հարցը։
«Աշխարհաքաղաքական կենտրոնները դրան ասում են՝ «ճանապարհների ապաշրջափակում», Թուրքիան ու Ադրբեջանը՝ «միջանցք», Նիկոլ Փաշինյանը՝ «Խաղաղության խաչմերուկ»․ էական չէ, թե ով ինչ ձևակերպում է տալիս․ ՀՀ սուվերեն տարածքից տրվում է ճանապարհ, որի վերահսկողությունն իրականացնում է այլ կազմակերպություն։
«Արտապատվիրակել»՝ նշանակում է կառավարման ծառայությունները պատվիրակել մասնագիտացված կազմակերպության, պետական կառույցի կամ անհատի, և այլն,- նախ արձանագրեց տնտեսագետը, ապա, ցույց տալու համար, թե դա որքան չի համապատասխանում անվտանգային ու ռազմավարական իրողություններին, օրինակ բերեց,- Բանակի առջև խնդիր է դրված ՀՀ սահմանների պաշտպանության կազմակերպումը ու, պատկերացրեք, դա արտապատվիրակվի այլ կազմակերպության․ ասեն՝ բանակը լավ չի իրականացնում իր գործառույթները։ Այսինքն՝ մոտավորապես այսպիսի հիմարության մասին է խոսվում»։
Մասնագետը համոզված է՝ տերմիններով ուղղակի փորձում են շեղել, ու դեռ հարց է՝ այս սցենարի իրականության պարագայում ի՞նչ ընկերություն կստանձնի այդ ճանապարհի վերահսկողության կառավարումը։
Նաիրի Սարգսյանը չի բացառում, որ, օրինակ, ամերիկյան ընկերության անվան տակ այստեղ հայտնվեն թուրքական ընկերություններ՝ «կարող է օֆշորային գոտում գրանցվել, Պանամայում գրանցվել, ՄԲ-ում գրանցված լինի․․․»։
Ինչ վերաբերում է «խաղաղության խաչմերուկի» տնտեսական օգուտների մասին իշխանությունների հայտարարություններին, ապա տնտեսագետը վստահեցրեց, որ դրանից առաջ անվտանգային ռիսկերն են։
«Եթե այդ «խաղաղության խաչմերուկ» ծրագրի անվան տակ որևէ օտարերկրյա զինվորի ոտք մտավ ՀՀ հող, դժվար է հետո լինելու նրանց հեռացնել այստեղից։ Մենք չգիտենք՝ ինչ սադրանքների կարող են դիմել ու ՀՀ կողմից որևէ կոշտ արձագանքի արժանանալու պարագայում լեգիտիմ հիմքեր ստեղծեն թուրք-ադրբեջանական ագրեսիայի համար,- չբացառեց նա և հավելեց,- Տնտեսական կոմպոնենտի առումով ևս վտանգավոր է, քանի որ Հայաստանը չի պատրաստվել՝ սկսած արդյունաբերությունից, գյուղատնտեսությունից և այլն։ Թուրքիան արտահանման համար հատուկ սուբսիդիաներ է տրամադրում՝ իր արտադրանքն աշխարհում տարածելու համար, իսկ ճանապարհների ապաշրջափակման պարագայում ՀՀ-ն դառնում է բացառապես սպառողական, Թուրքիայից ներկրումներ կատարող պետություն»։