Փաշինյանը փոքրիկ բռնապետիկ է. նրա ասուլիսը լինելու է one man show. Աննա Կոստանյան

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Աննա Կոստանյանը չի առաջնորդվում Հայաստանի իշխանությունների այն հերքումներով, թե՝ Սյունիքում ճանապարհի վերահսկողությունը չեն արտապատվիրակելու երրորդ կողմի:

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Սյունիքը վիճելի տարածք է համարել՝ բառացի ասելով հետևյալը. «Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է՝ վիճում են 32 կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ Եվ ահա թե ինչ է տեղի ունենում։ Միացյալ Նահանգները գալիս է և ասում. «Շատ լավ, մենք վերցնում ենք այն։ Տվեք մեզ վարձակալությամբ այդ 32 կիլոմետրանոց ճանապարհը և բոլորով օգտվեք դրանից»:

Աննա Կոստանյանի դիտարկմամբ՝ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պատասխանատու և հետևողական է, և դեսպանը չէր կարող չհամաձայնեցված հայտարարություն անել:

«Առնվազն, սա կարելի է դիտարկել ուղերձ ոչ միայն ՀՀ իշխանությանը, այլև հայ ժողովրդին: Նորմալ իշխանությունը առնվազն պետք է բողոքի նոտա հղեր ԱՄՆ Պետդեպին՝ ՀՀ-ում գտնվող դեսպանության միջոցով, որովհետև Սյունիքը վիճելի տարածք չի եղել: Սրանք բացասական ազդակներ են: Այսինքն՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այնպիսի վիճակում է գտնվում, որ ցանկացած երկրի պաշտոնյա կարող է իրեն թույլ տալ ՀՀ ինքնիշխան տարածքի հետ կապված որոշումներ կայացնել, առաջարկներ անել կամ ասել՝ մենք գալիս ենք վերցնելու: Ամերիկյան պաշտոնյան ասում է՝ տվեք մեզ վարձակալությամբ:

Կարդացեք նաև

Եթե այս հայտարարությունը հնչեր ռուսական կողմից, պատկերացնում եք՝ պայմանական կոչված արևմտամետները Երևանի փողոցները կողողեին, Ռուսաստանին կհռչակեին ֆաշիստ, իսկ այս դեպքում լռություն է: Այդ մարդկանց ձեռնտու չէ արձանագրել, որ Արևմուտքը ոտնձգությունների ձևով ուղերձներ է հղում Հայաստանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ըստ նրա՝ այս իրավիճակում Փաշինյանի ասուլիսը լինելու է one man show. «Նստելու է 2-5 ժամ խոսի այն, ինչ ուզում է, պաշտոնական ոչ մի ուղերձ չուղարկի, իսկ այս ընթացքում տարբեր կալիբրի իշխանական պատգամավորներ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի ասուլիսից հատվածներ են տեղադրում՝ նշելով, թե նման հայտարարություն չկա… Սա իշխանության կողմից պետք է դիտարկել հերթական մոլորություն, որը տարածում են հասարակության մեջ, որովհետև հասկանում են՝ եթե սկսեն բացեիբաց խոսել բանակցությունների իրական բովանդակության մասին, հասարակությունից շատ նեգատիվ ազդակ են ստանալու:

Այսօր Սյունիքի մարզում ապրող ՀՀ քաղաքացին խիստ մտահոգ է, այդ մարդիկ ճ կլասի ֆեյքնյուզերից մոլորված՝ չգիտեն՝ ինչ տեղեկատվության հավատալ: Վստահություն չկա, որ հավատան պաշտոնական լրահոսին: Վերադառնալով Փաշինյանի ասուլիսին՝ եթե անգամ լինեն լրագրողներ, ովքեր կկարողանան կոնկրետ հարցադրումներ անել, վարչապետի աթոռը զբաղեցնողը մանիպուլացնելու է, ինչպես արել է միշտ, և ոչ մի կոնկրետ պատասխան չի տալու»:

Աննա Կոստանյանի դիտարկմամբ՝ իշխանությունները հաշվի չեն առել մի կարևոր հանգամանք. «Որքան ռեպրեսիաներն ուժեղացնեն, այնքան ժողովրդական ըմբոստությունն ավելի է խորանալու: Մարդն իր էությամբ այդպես է՝ ճնշումը որքան շատանում է, այդքան ըմբոստությունն ավելի ահագնանում և գլուխ է բարձրացնում:

Հետևաբար, հույս դնել, որ համատարած ձերբակալություններով կարողանալու են հարց լուծել, ընդամենը ժամանակի հարց է: Իրենք չեն կարող երկար ժամանակ ժողովրդավարության քողի տակ իմիտացիա ստեղծել, թե իրենք մաքրում են դաշտը կամ ամրապնդում են ժողովրդավարության հիմքերը: Արտաքին աշխարհը լիարժեք չի տեսնում կամ շատ զբաղված է, որպեսզի տեսնի, թե Հայաստանում իրենց ժողովրդավար հռչակած անձինք ինչպես են դիմում բռնապետական մեթոդների: Այս մասին պետք է կոմունիկացնել արտաքին աշխարհին:

Եվրոպան վերահաստատել է, որ պատրաստ է Հայաստանի տարբեր ոլորտների ֆինանսավորումը կրկնապատկել և աջակցել Հայաստանին, և առաջին տպավորությամբ կարող է հակադրություն առաջանալ, որ եթե Եվրոպան Փաշինյանին հովանի է կանգնում, ո՞նց կարող ենք մեր խոսքը տեղ հասցնել և ակնկալել, որ ժողովրդավարական երկրները, ի վերջո, տեսնելու են, որ Փաշինյանն իր հռչակած իրական ժողովրդավարը չէ, այլ փոքրիկ բռնապետիկ է, բայց կարևոր տարբերակում պետք է անել՝ հովանավորությունը ՀՀ-ին, ՀՀ ինստիտուտների ուժեղացմանն է ուղղված, ոչ թե Փաշինյանին: Այն պահին, երբ Եվրոպան տեսնի, որ այս մարդն իրենց ձեռքի տակ դարձել է փոքր բռնապետ, ոչինչ չի կարողանալու անել, քան ընդունել, որ նա այլևս վստահելի և ժողովրդավար գործընկեր չէ, և իրավիճակ պետք է փոխվի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս