Նույն Սամվել Կարապետյանի օրինակը բոլորի աչքի առաջ է։ Հրահանգով «ձև գտան» ու գործ սարքեցին մարդու վրա, այն էլ՝ միլիարդատիրոջ, խոշոր գործարարի ու բարերարի վրա։ Պատկերացրեք, թե ինչ կարող են անել մյուսների դեպքում։ Մի խանութն ի՞նչ է, որ «ձև չգտնեն» ու չփակեն։ Ո՞նց կարող են չկատարել կառավարության ղեկավարի հրահանգը։
Սեփական քաղաքական վախերից դրդված՝ իշխանությունները վերջին ամիսներին մի գործընթաց են նախաձեռնել, որը չափազանց վտանգավոր է թե՛ երկրի տնտեսության, և թե՛ ընդհանրապես պետականության համար։ Խոսքը «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր, խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումների ու նրան պատկող ՀԷՑ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին է, որոնք հերթական անգամ բացահայտեցին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն անթաքույց յուրացնում պետական ինստիտուտներն և դրանք ծառայեցնում սեփական քաղաքական վրեժխնդրության ու քմահաճույքների համար։
Այսպիսի գործողություններով նպատակ ունեն լռեցնել ընդդիմախոսներին, ահաբեկել մարդկանց, խեղդել հասարակության շրջանում մեծացող դժգոհությունները, որոնք կապված են՝ ինչպես երկրում ձևավորված քաղաքական մթնոլորտի, այնպես էլ՝ սոցիալական պայմանների հետ։ Սոցիալական իրավիճակը երկում լարվում է, ու դա գնալով շատերի համար անտանելի է դառնում։ Մի կողմից՝ մարդկանց եկամուտները չեն ավելանում, մյուս կողմից՝ համատարած թանկացումներ են։