Վրաստանում դպրոցներում հատուկ պահարաններ կտեղադրվեն հեռախոսների համար

Վրաստանի կրթության նախարարը հրաման է արձակել, որով հաստատվում է դպրոցում էլեկտրոնային հաղորդակցության միջոցների օգտագործման ընդհանուր կարգը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Համաձայն հրամանի՝ դպրոցները պետք է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը ապահովեն բջջային հեռախոսների/սմարթֆոնների և «խելացի» ժամացույցների պահպանման համար անհրաժեշտ քանակությամբ հատուկ պահարանների գնումն ու տեղադրումը։ Հատուկ պահարանները պետք է տեղադրվեն բոլոր դասասենյակներում։

Ըստ հրամանի՝ ուսումնական գործընթացի ժամանակ արգելվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցների աննպատակ օգտագործումը։ Մասնավորապես, աշակերտը պարտավոր է նախքան առաջին դասի սկսվելը բջջային հեռախոսը/սմարթֆոնը և «խելացի» ժամացույցը տեղադրել համապատասխան հատուկ պահարանում, սակայն էլեկտրոնային հաղորդակցության միջոցների օգտագործումը թույլատրելի է.

ա) լիազորված անձի նախնական համաձայնությամբ՝ ուսումնադաստիարակչական նպատակներով,

բ) աշակերտի ծնողի/օրինական ներկայացուցչի դպրոցին նախապես ներկայացված և համապատասխան փաստաթղթով հաստատված՝ առողջական վիճակի մոնիտորինգի և/կամ այլ բժշկական նպատակներով,

գ) արտակարգ իրավիճակներում և անհետաձգելի դեպքերում,

դ) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և/կամ հաշմանդամության կարգավիճակ ունեցող աշակերտների համար՝ ներառական կրթության մեջ ներգրավված մասնագետի (առկայության դեպքում) կամ դասղեկի և ծնողի/օրինական ներկայացուցչի համատեղ որոշման հիման վրա,

ե) աշակերտի անհատական կարիքները հաշվի առնելով, եթե դա անհրաժեշտ է նրա ուսուցման և գործունեության ապահովման համար, ինչը հաստատվում է համապատասխան մասնագետի տրված տեղեկանքով/եզրակացությամբ,

զ) դպրոցի ներքին կարգապահական կանոններով սահմանված այլ դեպքերում։

Աշակերտի այս կարգի խախտումը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն դպրոցի ներքին կանոնակարգով և Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։

Եթե ուսումնական գործընթացի ժամանակ ծնողին անհրաժեշտ լինի կապ հաստատել երեխայի հետ, համաձայն հրամանի՝ դպրոցը պարտավոր է սահմանել ծնողի/օրինական ներկայացուցչի հետ հաղորդակցության պաշտոնական ուղիներ, այդ թվում՝ դպրոցի տնօրինության կոնտակտային հեռախոսահամարը, դասղեկի կամ դպրոցի էլեկտրոնային փոստը և կոնտակտային հեռախոսահամարը, դպրոցական տեղեկատվական համակարգերը/սոցիալական ցանցերը և այլն։

Նշենք՝ կառավարությունը դպրոցներում բջջային հեռախոսների արգելքի մասին հայտարարել էր անցյալ տարվա վերջին։ Արդյո՞ք այս կարգը կվերաբերի նաև ուսուցիչներին, հրամանում նշված չէ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930