Թուրքիան հերքում է Հունաստանի և եվրոպացի նախարարների օդային միջադեպի մասին տեղեկությունները

Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը (DMM) հերքել է այն տեղեկությունները, ըստ որոնց՝ թուրքական ռազմական ինքնաթիռները հետապնդել են Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին և եվրոպացի նախարարներին տեղափոխող օդանավերը, ինչպես նաև խախտել Հունաստանի օդային տարածքը։

Կենտրոնի տարածած հայտարարության համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին Հունաստան-Կիպրոսի Հանրապետություն երթուղով իրականացված վեց թռիչքներից չորսը «խախտել են Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության (ՀԿԹՀ) օդային տարածքը, ինչի հետևանքով օդ են բարձրացվել երկու թուրքական F-16 կործանիչներ։ Կենտրոնը պնդում է, որ դրանք գործել են միայն ինքնահռչակ ՀԿԹՀ-ի օդային տարածքում և որևէ հետապնդում չեն իրականացրել։

Միաժամանակ, թուրքական կողմը հերքել է նաև հունիսի 6-ին Հունաստանի օդային տարածքի խախտման մասին լուրերը՝ նշելով, որ այդ օրը ռազմաօդային ուժերի 115-ամյակի և «Երիտասարդություն և ավիացիա» փառատոնի շրջանակում կատարված բոլոր թռիչքները իրականացվել են Թուրքիայի ներսում սահմանված թռիչքային գոտում։

Թուրքիայի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը պնդել է, որ շրջանառվող տեղեկությունները «սադրիչ են և ուղղված են միջազգային հանրային կարծիքի մանիպուլացմանը»։

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիայի և Հունաստանի միջև օդային տարածքի և Էգեյան ծովի հարցերով լարվածությունը պարբերաբար վերածվում է փոխադարձ մեղադրանքների։ Հունական կողմը բազմիցս հայտարարել է թուրքական ռազմական ավիացիայի կողմից իր օդային տարածքի խախտումների մասին, մինչդեռ Անկարան այդ մեղադրանքները սովորաբար հերքում է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930