Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Հունգարիայի կառավարությունն այսօրվանից դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին, հայտարարել է Հունգարիայի կառավարության մամուլի խոսնակ Վանդա Շոնդին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Նրա խոսքով՝ այս քայլն օտարերկրյա աշխատուժի ներհոսքի կարգավորմանն ուղղված առաջին փուլն է։ Շոնդիի հայտարարության համաձայն՝ օտարերկրյա պետություններից Հունգարիա ժամանած աշխատուժի պատճառով տեղի աշխատողների աշխատավարձերը նվազում են, և նրանք կորցնում են իրենց աշխատատեղերը։
Հունգարիայում արդեն իսկ աշխատող Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները դեռևս կարող են դիմել աշխատանքային վիզայի ժամկետի երկարաձգման համար։
Reuters-ի փոխանցմամբ՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, օտարերկրյա աշխատուժը կազմում է Հունգարիայի աշխատուժի ընդամենը 2%-ը, թեև որոշ ոլորտներ, ինչպիսիք են սպասարկումն ու արտադրությունը, զգալիորեն կախված են օտարերկրյա աշխատուժից։

