«Առաջին անգամ չէ, որ ՀՀ պատվիրակությունը Կարսում հանդիպում է Թուրքիայի պատվիրակության հետ. Սա պետք է դիտարկել այս ռեժիմին աջակցող PR կամպանիա». Արմեն Մանվելյան

Ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման՝ Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը:

Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:

Այս հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ողջունելով ու պատմական որակելով Հայաստանի և Թուրքիայի այս քայլը։

«Պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։

Կարդացեք նաև

Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։ Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը»,- ասված է https://168.am/2026/04/28/2402910.html հայտարարության մեջ։

Միջազգային և էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն այս հանդիպումը ո՛չ պատմական, ո՛չ էլ խիզախ քայլ է համարում, շեշտելով՝ առաջին անգամ չէ, որ նման հանդիպում է տեղի ունենում։

«Առաջին անգամ չէ, որ Հայաստանի պատվիրակությունը Կարսում հանդիպում է Թուրքիայի պատվիրակության հետ՝ Կարս-Գյումրի երկաթգծի բացման աշխատանքները քննարկելու համար։ Ամեն անգամ այս հանդիպումը որակում են պատմական, ամեն անգամ դա տարբեր պատճառներով է արվել՝ տարբեր երկրների միջնորդությամբ, սակայն արդյունքը մշտապես նույնն է եղել։

Այս փուլում հանդիպումը պետք է դիտարկել ՀՀ գործող ռեժիմի ցածր վարկանիշի և ընտրություններում որոշակի ֆոն ապահովելու համատեքստում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մանվելյանը։

Նա վստահ է՝ Թուրքիան որևէ ճանապարհ չի բացելու և դրա մասին բազմիցս է հայտարարել։

«Այս հանդիպումներն ուղղակի մնալու են թղթի վրա։ Թուրքիան մի քանի անգամ հստակ ասել է՝ Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատի այն ժամանակ, երբ Հայաստանն Ադրբեջանի բոլոր պահանջները կատարի։ Այդ պահանջները բոլորին են հայտնի՝ ՀՀ Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հեռացումը, 300 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, «անկլավների» հանձնում, և այլն։ Սրանք այն պահանջներն են, որոնք մեզ հայտնի են, կան նաև այլ պահանջներ, որոնք մենք չգիտենք։

Կրկնում եմ՝ այս հանդիպումը պետք է դիտարկել այս ռեժիմին աջակցող PR կամպանիա, այլ ոչ թե Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման աշխատանքներին ուղղված հանդիպում։ Հավատացեք՝ որևէ ճանապարհ չի բացվելու, որպեսզի այդ ճանապարհը բացվի, պետք է որոշակի աշխատանքներ տարվեն, բայց այս պահին Թուրքիայի կողմից զրո աշխատանք է այդ ուղղությամբ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Արմեն Մանվելյանը նաև ընդգծեց՝ մինչև ՀՀ-ում հունիսի ընտրությունները, գործող ռեժիմին աջակցող քայլեր կլինեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։

Նա չբացառեց, որ հենց այս համատեքստում Ադրբեջանն ապօրինի պահվող հայ գերիներին բաց թողնի, բացի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից։ Այսինքն՝ ամեն ինչ անելու են, որ Հայաստանում ՔՊ-ն վերարտադրվի, քանի որ Հայաստանի կողմից նախատեսվող զիջումները շատ ավելին են, քան հայտնի է հասարակությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930