
50-70 հազար դոլար պարտք՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով

«Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում» արտահայտությունը թեև հիմնականում ընկալվում է՝ որպես կրկնաբանություն, բայց դեպքերի մեծ մասում գրեթե իմպերատիվ նշանակություն ունի։ Մենք դա տեսնում, բայց գրեթե չենք նկատում արտաքին քաղաքականության մեջ, հատկապես Ադրբեջանի հետ հարաբերություններում։
44-օրյա պատերազմից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում «նշաձողի իջեցման» թեզն ավելի շատ ընկալվել է՝ որպես փաշինյանական հերթական բառախաղ կամ մեղմասացություն։ Բայց դրան հաջորդած իրադարձությունները ցույց են տվել և այսօր առավել ակնհայտ են դարձնում, որ նշաձողի իջեցման մասին հայտարարությունը ոչ միայն չի հնչեցվել պատահականորեն, այլ ունեցել է խիստ հաշվարկված բնույթ, և հաշվարկն էլ կատարվել է ոչ Հայաստանում։ Այդ հայտարարության ոչ պատահական լինելու ցցուն վկայությունն այն է, որ դրա հնչեցումից հետո, ուղիղ համեմատական կարգով բարձրացվել է Ադրբեջանի պահանջների նշաձողը։
Վկան՝ այսօր գրեթե ստորագրման պատրաստ «Խաղաղության համաձայնագիրը», որը, մասամբ գրավոր, մյուս մասով՝ հարակից պարտավորությունների տեսքով ամրագրելու է Ադրբեջանի բոլոր պահանջները՝ սկսած «300 հազար փախստականների վերադարձից», մինչև Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, Սյունիքով անցնող ճանապարհների վերահսկողություն՝ որևէ անվանումով։
Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այսօր արդեն որպես սովորական ընկալվող, քաղաքական օրակարգի մաս դարձած ադրբեջանական պահանջներն ընդամենը մի քանի տարի առաջ կարող էին դասվել ցնդաբանությունների շարքին։ Իսկ այսօր դրանք ոչ միայն հնչեցվում են որպես Հայաստանին ուղղված պարտադրանք, այլև դարձել են միջազգային քննարկումների, առնվազն տարածաշրջանի աշխարհաքաղաքական օրակարգի մաս։
Ընդամենն օրեր առաջ Ադրբեջանի պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ իրենց հաջողվել է «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը դարձնել միջազգային քաղաքականության քննարկվող թեմաներից մեկը։ Դա մոտավորապես այն օրերին էր, երբ նույն միջազգային օրակարգում քննարկվում էր Հայաստանի ղեկավարի մարմնամասերի ցուցադրության թեման։
Այսօրվա չոր իրողությունն այն է, որ Ադրբեջանին հաջողվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու միջազգային օրակարգում ընդգրկել հարցեր/պահանջներ, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ քարոզչական մարազմներ էին համարվում։ Եվ մինչ Հայաստանը շարունակում է նշաձողի իջեցման քաղաքականությունը, Ադրբեջանը նոր մակարդակի է բարձրացնում սեփական պահանջների նշաձողը, որոնք այսօր կարող են թվալ ցնդաբանություն, բայց առարկայանալ շատ կարճ ժամանակ անց։
Մի քանի օր առաջ օկուպացված Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Իլհամ Ալիևը հայտարարել, թե Ադրբեջանի կողմից ձևավորված պետական հանձնաժողովը Հայաստանի հասցրած վնասը «գնահատել է» 150 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ադրբեջանը միշտ էր խոսում «Հայաստանի վնասների» մասին, բայց մինչև վերջերս այդ «գնահատումը» տատանվում էր 50-60 մլրդ դոլարի սահմաններում։ Ալիևի ախորժակը եռապատկվել է ոչ թե «նոր գնահատումների», այլ Հայաստանի իշխանության պատրաստակամության պատճառով։
Եվ եթե այսօր նրա հնչեցրած 150 միլիարդ դոլարը ծիծաղելի թիվ է թվում, ինչպես ընդհանրապես փոխհատուցման պահանջի հնարավորությունը, ապա Հայաստանի գործող իշխանության պահպանման դեպքում, կարճ ժամանակ անց դա կարող է դառնալ օրակարգային պահանջ՝ ընդհուպ վճարման ժամանակացույցով։
ՔՊ-ի աջակիցները կամ անտարբերությամբ հետևողները պետք է իմանան, որ Փաշինյանի իշխանության շարունակության դեպքում տեսանելի ապագայում իրենք և իրենց երեխաները՝ մեկ շնչի հաշվով, ստանալու են 50-70 հազար դոլար պարտքի բեռ, ընդ որում, ի տարբերություն արտաքին պարտքի սեփականատեր միջազգային կառույցների, այդ պարտքի «ստացողը» լինելու է Ադրբեջանը՝ դրանից բխող ոչ միայն ֆինանսական հետևանքներով։
Հարություն Ավետիսյան