ՔՊ-ի աջակիցները կամ անտարբերությամբ հետևողները պետք է իմանան, որ Փաշինյանի իշխանության շարունակության դեպքում տեսանելի ապագայում իրենք և իրենց երեխաները՝ մեկ շնչի հաշվով, ստանալու են 50-70 հազար դոլար պարտքի բեռ, ընդ որում, ի տարբերություն արտաքին պարտքի սեփականատեր միջազգային կառույցների, այդ պարտքի «ստացողը» լինելու է Ադրբեջանը՝ դրանից բխող ոչ միայն ֆինանսական հետևանքներով։
Կառավարությունը չի դադարում մեծ տեմպերով ավելացնել պետական պարտքը։ Ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ «լիխարադկայի» մեջ է։ Վերջին տարիներին այնքան են ավելացրել պետական պարտքը, որ ստիպված են անընդհատ նոր պարտքեր վերցնել նախկին պարտքերը սպասարկելու համար։
Միայն այն, որ այս իշխանության օրոք Հայաստանը, կյանքի թանկությամբ, շատ երկրներից առաջ է անցել ու մոտեցել, եթե ոչ՝ հավասարվել եվրոպական երկրներին, բավական է հասկանալու համար, թե ինչու են շատերն ավելի վատ ապրում, քան ապրում էին տարիներ առաջ, երբ Հայաստանում միջին աշխատավարձն անհամեմատ ավելի ցածր էր, քան այժմ է։ Հիմա ո՞րն է այդ մարդկանց համար ավելի լավ՝ երբ միջին աշխատավարձը 66 տոկոսով ցա՞ծր էր, թե՞ որ 66 տոկոսով բարձրացել է։