Դիմելու ենք Սահմանադրական դատարան, նաև քննարկում ենք ՄԻԵԴ դիմելու հարցը. իրավապահ համակարգը ցուցաբերում է անգործություն. Իրմա Ճաղարյան

Երևանի Բելինսկու անվան 38 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի նախկին ուսուցչուհի Ամալյա Եփրեմյանը տևական ժամանակ է՝ չի կարողանում վերկանգնել իր աշխատանքային իրավունքները։ Նրան աշխատանքից հեռացրել են իբրև թե երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Փաստաբան Իրմա Ճաղարյանը 168.am հետ զրույցում՝ մանրամասնելով ամբողջ եղելությունը, ասաց, որ նախկինում նույն դպրոցից հեռացրել են նույն ուսուցչուհուն, սակայն վերջինս դատական կարգով կարողացել է կրկին վերականգնել իր աշխատանքային իրավունքները։ Նա շարունակել է աշխատել դպրոցում մինչև նախորդ տարվա գարուն. նրան կրկին աշխատանքից հեռացրել են։

«Նրան աշխատանքից այնպիսի հոդվածով են հեռացրել, որ որևէ տեղ այլ աշխատանքի չի կարող անցնել։ Նրան մեղադրում են իբր երեխաների նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական բռնություն գործադրելու համար։

Իբր թե դպրոցի երեխաների ծնողների մի մասը ստորագրություն է հավաքագրել ու ներկայացրել դպրոցի տնօրերին, որ Ամալյա Եփրեմյանի կողմից երեխաների նկատմամբ բռնություն է գործադրվել։ Առ այսօր այդ դեպքի մասին չունենք մանրամասներ, այսինքն՝ չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել, որ օրը, կոնկրետ որ երեխայի նկատմամբ, բայց հարուցվել է համապատասխան վարույթ Կրթության տեսչական մարմնում, այս վարույթի շրջանակներում ներգրավվել է հոգեբան։

Կարդացեք նաև

Հոգեբանը եզրակացություն է տվել, որին, մեղմ ասած, մենք չենք վստահում՝ մի քանի պատճառներից ելնելով։ Օրինակ, ասվում է, որ դասարանում 22 աշակերտ հրաժարվում է սովորել տիկին Եփրեմյանի մոտ, բայց այդ նշված դասարանում տիկին Եփրեմյանը դասավանդել է 11 աշակերտի։ Սա վկայում է այն մասին, որ եթե իրականացվել է փորձաքննություն, ապա ինչպե՞ս է նշվել 22 աշակերտի մասին, երբ այդ դասարանում ուսուցչուհին դասավանդել է 11 աշակերտի»,- նշեց փաստաբանը։

Ըստ փաստաբանի, բազմաթիվ ծնողներ իմանալով Ամալյա Եփրեմյանին հեռացնելու մասին, դիմել են ԿԳՄՍՆ, քաղաքապետարան, որպեսզի նրան չհեռացնեն աշխատանքից, քանի որ հարգված ու սիրված ուսուցչուհի է։

«Մենք բախվեցինք այն խնդրին, որ Տեսաչական մարմնի կողմից տրված կարգադրագիրը դրվել է տիկին Եփրեմյանին աշխատանքից հեռացնելու հիմքում, սակայն վերջինս այն չի կարողանում վիճարկել, որովհետև աշխատանքային գործով այն փաստաթուղթը չէ, որը կարող է քննարկվել՝ համարվում է վարչական ակտ։ Վարչական դատարանում էլ հայցադիմումի ընդունումը մերժվեց։ Մենք պատրաստվում ենք դիմել Սահմանադրական դատարան և քննարկում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցը։ Մենք քրեական վարույթի ընթացքից առհասարակ տեղեկություններ չունենք, առ այսօր տիկին Եփրեմյանը չի հարցաքննվել։ Գլխավոր խնդիրը, որն այստեղ տեսնում ենք՝ իրավապահ համակարգի անգործությունն է»,- շեշտեց Իրմա Ճաղարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս