Սաակաշվիլի & Փաշինյան. «Փաշինյանն արեց այն, ինչ ես չկարողացա». Երկիր քանդողների հեռահար զրույցները
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ գործարար Սամվել Կարապետյանին ձերբակալելով՝ Նիկոլ Փաշինյանն արեց այն, ինչ ինքը չկարողացավ անել իր իշխանության օրոք։
«Անհաջող պատերազմից հետո Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չկարողացա անել 2011-2012 թվականներին՝ ձերբակալեց հայ Իվանիշվիլիին, միլիարդատեր Կարապետյանին», – գրել է Սաակաշվիլին իր Ֆեյսբուքյան էջում։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն, Վրաստանի նախկին նախագահի կարծիքով, Հարավային Կովկասում ներկայիս գործընթացները «Ուկրաինայում Ռուսաստանի թուլացման ուղղակի արդյունքն են»։ Նրա խոսքով՝ «Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են մերձենալ, ինչը ծանրագույն հարված է Ռուսաստանին»։
Այս իրավիճակում, ըստ Սաակաշվիլիի, Վրաստանը, որտեղ «Իվանիշվիլին և նրա ավազակախումբը բոլորին զզվեցրել են», «լիակատար անոմալիա է»։ Նա նշել է «առաջնորդների դեֆիցիտը» և կոչ է արել «Վրացական երազանքի» քննադատներին ինքնակազմակերպվել։
«Հասարակության ակտիվ մասը պետք է նախաձեռնություն ցուցաբերի և դադարի փակ շրջանով շարժվելուց։ Աշխարհաքաղաքական գործընթացները մեզ շատ են օգնում, բայց մենք չենք կարող ժամանակ վատնել», – ասել է Սաակաշվիլին։
Ի դեպ, Սաակաշվիլին ժամանակ առ ժամանակ ողջունում կամ խորհուրդներ է տալիս Փաշինյանին:
Հիշեցնենք, որ 2023թ. (06.12.2023թ.) Սաակաշվիլին կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին գնալ վա-բանկ` պահանջել ռուսական ռազմակայանի անհապաղ դուրսբերում, դուրս գալ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, մաքսային միությունից և հայտ ներկայացնել Եվրամիություն և ՆԱՏՕ։
Այս մասին ասվում էր վրացական բանտից նրա ուղերձում, որը հրապարակվել էր X սոցցանցում։
Նա հայտարարել էր, որ Ռուսաստանի և նրա առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր շփման փորձի վրա հիմնվելով՝ որոշել է մի քանի խորհուրդ տալ Փաշինյանին։ Այդ ժամանակ Սաակաշվիլին կարծում էր, որ որոշ հայտարարություններից, քաղաքական քայլերից և հատկապես Հռոմի ստատուտի վավերացումից հետո Փաշինյանը դարձել է Պուտինի «ոխերիմ թշնամին», այդ պատճառով Սաակաշվիլին եզրակացրել էր, որ ՌԴ-ն կարող է կիրառել «հիբրիդային պատերազմի ողջ զինանոցը»։
Միևնույն ժամանակ, Սաակաշվիլին Փաշինյանին մեղադրել էր դանդաղկոտության մեջ եվրաինտեգրման և բարեփոխումներ իրականացնելու հարցում, ինչպես նաև հայտարարել էր, որ այսօրվա պետական ապարատը Կրեմլի հինգերորդ շարասյունն է։
«Որքան էլ դա Ձեզ համար դժվար է, բայց Հայաստանի շուրջ ստեղծված վերջին իրադարձությունները մեր տարածաշրջանին նոր հնարավորություն են տալիս։ Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել ինչպես երեք բալթյան երկրներ` բաց սահմաններով, ստեղծել լոգիստիկայի, ֆինանսական, էներգետիկ հաբերի ամբողջական համակարգ, օգտագործելով մեր եռյակից յուրաքանչյուրի առավելությունները։ Բայց դրա համար Դուք պետք է շտապեք և դեն նետեք ցանկացած երկմտանք և գնաք վա-բանկ», – գրել էր նա։
Վրաստանի նախկին նախագահը հայտարարել էր նաև, որ Փաշինյանը պետք է անհապաղ Ադրբեջանի հետ ստորագրի խաղաղության պայմանագիրը, ինչը, իր համոզմամբ, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ ճանապարհ կբացի հիմնարար փոփոխությունների համար։
2023թ. (06.12.2023թ.) Սաակաշվիլին Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել «փախչել» ԵՄ և ՆԱՏՕ։
«Ռուսաստանը արգելել է հայկական գրեթե ողջ գյուղտղնտարտադրանքի և հայկական կոնյակի ներմուծումը։ Դե, նրանք, ովքեր Կրեմլի ղեկավարությունում սիրում են հայկական կոնյակ, իրենց չեն սահմանափակի (վրացական գինու էմբարգոյից հետո դրանով առանց որևէ խնդրի հյուրասիրում էին վրացի լրագրողներին Կրեմլի բուֆետում), իսկ սովորական ռուսաստանցիների կարծիքի վրա նրանք թքած ունեն։ Բայց այդ արգելքը պետք է վառի բոլոր կարմիր լույսերը Փաշինյանի համար։ Պուտինը ոչ թե հայկական կոնյակը չի սիրել, այլ իրեն՝ Փաշինյանին, և էմբարգոն նրան իշխանությունից վանելու հերթական քայլն է։
Ես ուզում եմ կրկնել մեկ անգամ ևս Հայաստանի վարչապետի համար։ Հարգելի Նիկոլ, փախիր, արագ փախիր, փախիր ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից՝ առանց հետ նայելու, փախիր Եվրամիություն, ՆԱՏՕ, նոր տարածաշրջանային միություններ։ Բայց որ գլխավորն է՝ փախիր Ռուսաստանից որքան հնարավոր է հեռու, փրկիր քեզ և հայկական պետականությունը։ Պուտինը բուլդոգի պես մի բան է։ Նա կծում է և ձեռք չի քաշի, մինչև որ ատամները չսեղմի։ Փրկվեք ատամների այդ սեղմումից, որպեսզի ապրեք։ Ես համոզված եմ, որ դեռ ուշ չէ։ Եվ բավական է դանդաղել ու տատանվել։ Դանդաղելը մահվան է հավասար»,- գրել է Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում։

2024 թվականի փետրվարին Սաակաշվիլին շնորհավորական նամակ էր հղել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, վերջինիս անվանելով «Հաղթական Իլհամ»։



