Քանդողներն ապագա չունեն Հայաստանում. ապագան կառուցողներինն է. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի պաշտպանության համար կազմակերպված երթ-հավաքի ժամանակ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, իր ելույթում նախ հայտնեց, որ հավաքվածների մեջ կան և՛ քաղաքական այս կամ այն հոսանքի հարող, և՛ որևէ քաղաքական հոսանքի չհարող մարդիկ, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպություններ և մասնագիտական տարբեր խմբեր ներկայացնող, և, որ իր համար կարևոր է՝ հավաքվել են ընդդիմադիր և ապաքաղաքական մարդիկ, որպեսզի համախմբվեն մի գաղափարի շուրջ:

«Կան գաղափարներ, որոնք միավորում են մարդկանց՝ անգամ տարբեր ուղղություններից: Կան նաև մարդիկ, որոնք միավորում են մարդկանց: Այսօր ՀՀ-ում շատ են մարդկանց կողմից առանձնացումները, բաժանումները, մենք բաժանված ենք, այսպես ասած՝ մեկն ընդդիմադիր է, մյուսը՝ իշխանական, մեկն արևմտամետ է, մյուսը՝ ռուսամետ, մեկը պահպանողական է, մեկ ուրիշը՝ ազատական, կամ՝ ընդդիմադիր-դիմադիր:

Հայերի մեջ պետք է լինի բաժանում կառուցողների և այն փոքրիկ խմբի, ովքեր ուզում են միայն քանդել: Ի դեպ, այդ խումբը կարող է լինել թե՛ դիմադիր կամ իշխանական, թե՛ բոլոր ուղղություններից կամ ընդդիմադիր: Մենք պետք է մեր մեջ հաղթահարենք իրար դեմ գնալու, իրար վատաբանելու և իրար մեջ խնդիր տեսնելու ձգտումը: Այդ հակադրությունով են մեզ այս պահին կառավարում օտար ուժերը: Իսկ ինչպես ենք հասկանում՝ մարդը քանդո՞ղ է, թե՞ ոչ, երբ նա միայն վատ բաներն է տեսնում, երբ մարդիկ իրենց նախորդ տարիների ընթացքում խոսում են միայն ուրիշների թերություններից»,- նշեց Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ կառուցողները մարդկանց մեջ լավն են տեսնում:

«80 տոկոս լավը հիմք է, որ մենք կառուցենք նորմալ և զարգացող հասարակություն: Սամվել Կարապետյանը կառուցող մարդ է, սա ես ուղղակի չեմ ասում, նրան հանդիպածները կարող են ապացուցել, որ մարդուն հանդիպելիս միայն լավ կողմերն է տեսնում և զարգացնում է այդ լավ կողմերը: Քանդողներն ապագա չունեն ՀՀ-ում, ապագան կառուցողներինն է»,- եզրափակեց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս