Սուրեն Պապիկյանը կաշկանդվա՞ծ է հստակ հայտարարելու՝ Ալեն Սիմոնյանը սխալ տեղեկություն է հայտնել և ուսումնական զորամասի պատերից դուրս չի եկել

Հունիսի 19-ին խորհրդարանի ամբիոնից, մեկ այլ դեպքում էլ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով նախկինների բանակին, մասնավորապես, հայտարարել է.

«2000-2002թթ. ես ծառայել եմ ՀՀ բանակում, այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նախագահն էր, Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր, Սեյրան Օհանյանն առաջին բանակային կորպուսի հրամանատարն էր: Այսինքն, մի հատ ընդհանուր լավ բուկետ էր:

…Դուք բանակից մի՛ խոսեք: Մի սրիկա ոչնչություն կար, որ կանգնում էր ճաշարանի դռան առջև և ռետինե մահակով 18 տարեկան երեխաներին, որոնք մտնում էին հաց ուտելու, հարվածում էր, ուղղակի հարվածում էր: Ո՞ւր են այդ դոլարավոր միլիոնատերները, թող գան ինձ պատասխան տան, ինչի՞ էր մեր ուտելիքի ամանի մեջ լցրած եռացրած ջուր, կտրատած կաղամբ, կարտոֆիլ ու կիլկի: Եռացնում էին ու տալիս երեխեքին: Հաց տալիս էին 7-10 օրը մեկ, թրջած կտորով»:

Ի դեպ, մի առիթով էլ, երբ դեռ ակտիվ քննարկվում էր իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ բանակին առնչվող օրենսդրական փաթեթը, Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում շեշտել էր, թե աղքատ չլինելով կամ հարուստ լինելով՝ ծառայել է բանակում:

Կարդացեք նաև

Հաշվի առնելով ԱԺ նախագահի այս հայտարարությունները, դրանցում առկա սխալ տվյալները, հունիսի 19-ին 168.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պաշտոնական տեղեկություն ստանալու, թե՝ 2000-2002 թվականներին որտե՞ղ է ծառայել Ալեն Սիմոնյանը, կամ՝ որտե՞ղ է անցել ուսումնական փուլը և հետո որտե՞ղ է շարունակել ծառայությունը, ինչպես նաև՝ ի գիտություն ԱԺ նախագահի, խնդրել ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնի՝ ո՞վ է եղել 2000-2002 թվականներին ՀՀ ԶՈՒ առաջին կորպուսի հրամանատարը, արդյո՞ք երբևէ Սեյրան Օհանյանը եղել է այդ զորամիավորման հրամանատարը, և այդ ժամանակահատվածում ի՞նչ պաշտոն է զբաղեցրել:

Մեր հարցադրումների ձևակերպումները, թերևս, հուշում են, որ հայցվող տեղեկատվությանը տիրապետում ենք, այդ թվում՝ բաց աղբյուրներից, բայց հատկապես այսօրվա պայմաններում, ինչո՞ւ չէ, նաև՝ բարեխիղճ լրագրության սկզբունքից ելնելով (չնայած Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքը «հուզվում» է նաև դրանից), մշտապես փորձում ենք ստանալ նաև ՀՀ պաշտպանության պաշտոնական հաստատումը:

Ինչևէ, մոտ 2 շաբաթ հետո իր պատասխան գրության մեջ Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը՝ ՊՆ-ն, սահմանափակվել է՝ հայտնելով.

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված 2025 թվականի հունիսի 19-ի Ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2000-2002թթ. ծառայել է Արմավիրի մարզում տեղակայված զորամասերից մեկում»:

ՀՀ պաշտպանության նախարարության հայտնած տեղեկությունը լրացնենք, որ խոսքն Արմավիրի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի մասին է, որտեղ իշխանափոխությունից հետո Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ այցելել է Ամանորի նախօրեին: Մասնավորապես, 2023 թվականի դեկտեմբերին իր այցից հետո Ալեն Սիմոնյանը գրառում էր կատարել, որ «այցելել է այն զորամասը, որտեղ ծառայել է 2000-2002 թվականներին:

Այդ ժամանակ նշված ուսումնական զորամասի հրամանատարը գնդապետ Դավիթ Ալեքսանյանն էր, ով այսօր ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետն է։

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին առնչվող Ալեն Սիմոնյանի հայտնած սխալ տվյալին, ՀՀ պաշտպանության նախարարությունը խուսափել է ուղիղ և հստակ ասել՝ ԱԺ նախագահը ճի՞շտ տեղեկություն չի հայտնել՝ պատասխան գրության մեջ նշելով, որ «Սեյրան Օհանյանի աշխատանքային կենսագրությունը հրապարակված է բաց աղբյուրներում»:

Ուրեմն՝ առանց Սեյրան Օհանյանի կենսագրությունը վերընթերցելու՝ հայտնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը երբեք չի եղել ՀՀ ԶՈՒ առաջին բանակային կորպուսի հրամանատար, նա կարճ ժամանակահատված եղել է միայն 5-րդ բանակային կորպուսի հրամանատար (1998թ. հոկտեմբերից մինչև 1999 թվականի որոշակի հատված), և Ալեն Սիմոնյանի նշած ժամանակահատվածում՝ 2000-2002 թվականներին, Սեյրան Օհանյանը եղել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը կամ Արցախի պաշտպանության նախարարը: Իսկ ՀՀ ԶՈՒ առաջին բանակային կորպուսի հրամանատարը 2000-2002 թվականներին եղել է Լևոն Երանոսյանը:

Ի դեպ, պատեհ առիթն օգտագործելով, մենք հունիսի 19-ի մեր գրավոր հարցման միջոցով ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձել ենք նաև պարզել՝ 2012-2014 թվականներին որտե՞ղ է ծառայել «Քաղաքացիական պայմանագիր» ԱԺ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով պարբերաբար բանակին և զինվորական ծառայությանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններով է ներկայանում, ավելին՝ պաշտոնական պարզաբանում ենք խնդրել՝ արդյո՞ք նրա եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, ծառայել է, եթե ոչ, ապա ի՞նչ հիմքով կամ հիմնավորմամբ է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Պաշտպանության նախարարությունը մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ նշել է.

 ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ծառայել է Սյունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկում: Իսկ պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից»:

ՊՆ-ի խուսափողական պատասխանից պարզ չէ՝ Սյունիքի մարզում կոնկրետ որտե՞ղ և ի՞նչ զորամասում է ծառայել իշխանական պատգամավորը, ով գտնում է, որ 1 ամսում հնարավոր է մասնագիտացում ունեցող զինվոր պատրաստել:

Իսկ պաշտպանության նախարարության հստակ պատասխանը ոչ միայն այս առումով էր կարևոր, այլև հասկանալու՝ մինչ այս շրջանառված տեղեկությունների իրականությանը համապատասխան լինել-չլինելը:

Նշենք, որ 2021 թվականին ArmLur.am-ը գրել էր, որ «Հայկ Սարգսյանը բավականին արտոնյալ պայմաններում է ծառայել հայկական բանակում, նա իր ծառայությունն իրականացրել է զինվորական դատախազության Գորիսի կայազորի վարչական շենքում, որը, ըստ էության, բուն զինվորական ծառայության հետ կապ չունի»:

Այսինքն, ՀՀ պաշտպանության նախարարությունը զրկել է մեզ ճշմարտությունն իմանալու հնարավորությունից, որպեսզի հետագա հոդվածներում հենց դա մեջբերենք:

Իսկ Նաիրի Սարգսյանի մասով էլ պաշտպանական գերատեսչությունը թաքցրել է բանակից ազատվելու պատճառը, հնարավոր է հաշվի են առել անձնական տվյալների պաշտպանության խնդիրը։

Ի դեպ, մենք մի քանի անգամ հենց Նաիրի Սարգսյանից փորձել ենք ստանալ այս հարցի պատասխանը նրա՝ բանակին առնչվող գրառումների տակ հարցադրումներով, բայց նա այդպես էլ չի պատասխանել: Գուցե թաքցնելու բա՞ն կա, այդ դեպքում, առավելևս, պետք է զուսպ լինել բանակին առնչվող դատողություններում:

Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նրա ղեկավարած գերատեսչությունը կարծես թե կաշկանդված են հայցվող տեղեկություններին պատասխանելիս, այնինչ կար ժամանակ, երբ որոշակի «համարձակություն կար», կամ գոնե տողատակային պատասխաններ էին տրվում: Հասկանում ենք, բարդ ժամանակներ են նաև Նիկոլ Փաշինյանի թիմի համար:

Տեսանյութեր

Լրահոս