Ինչո՞ւ ՀՀ-ն անակնկալ որոշում կայացրեց միանալ Շանհայի համագործակցության կազմակերպությանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Չինաստան կատարած պաշտոնական այցից մեկ շաբաթ անց ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարեց ՇՀԿ-ին անդամակցելու ցանկության մասին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` «Կիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն»:

Սա բավականին լայն արձագանք է ստացել, հաշվի առնելով կարճ ժամանակ առաջ ՀՀ իշխանությունների ձգտումը դեպի ԵՄ անդամակցություն։

Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, որ ՀՀ-ն պատրաստ է զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ այնքան, որքան ԵՄ-ն է պատրաստ։

ՀՀ ԱԺ-ն վավերացրեց նաև «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենք, սակայն ըստ էության չստանալով ԵՄ-ից հստակ արձագանք, չնկատելով ՀՀ ԵՄ անդամակցության հարցում ԵՄ շահագրգռությունը, ՀՀ իշխանությունները արտաքին քաղաքականության մեկ այլ փաթեթավորում գտան՝ բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն։

Կարդացեք նաև

Հունվարին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։

«Մենք որոշեցինք որդեգրել բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք փորձելու ենք բալանս ստեղծել մեր հարաբերություններում Եվրամիության, Ռուսաստանի, տարածաշրջանային ուժերի հետ։ Շատ կարևոր են մեր հարաբերություններն Իրանի հետ։ Մենք փորձում ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, մենք փորձում ենք խաղաղության հասնել Ադրբեջանի հետ։ Իհարկե, դա հեշտ չէ, բայց մյուս կողմից՝ ես չեմ կարծում, որ դա անհնար է։ Կարող է տարօրինակ թվալ, բայց մենք մեր մտադրությունների վերաբերյալ իսկապես կասկածելիորեն թափանցիկ ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ»,- ասել էր նա։

Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը սա համարում է անակնկալ զարգացում՝ հաշվի առնելով ՀՀ վերջին տարիների քաղաքականությունը՝ Արևմուտքի հետ հարաբերություններին և ԵՄ անդամակցությանն ընդառաջ։

Ըստ նրա, որքան էլ չեն հայտարարում, թե ԵՄ-ն ու ՇՀԿ-ն չեն հակասում իրար, ԵՄ և ՇՀԿ համատեղ անդամակցություն լիարժեք հնարավոր չէ։

«Նման երկիր գոյություն չունի, որն այս երկուսը համատեղել է և ընթացել է այս երկու կազմակերպություններում մասնակցությունը խորացնելու ուղղությամբ։ Եթե ՀՀ-ն նման որոշում է կայացրել, կարծում եմ՝ չկա հստակություն ԵՄ-ի հարցում, սա անցումային փուլում որոշակի դիրքավորում է։ Բացի այդ, Թուրքիան փաստացի ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է մի քանի տասնամյակ, սակայն անցյալ տարի հայտնեց ՇՀԿ-ին անդամակցելու ցանկության մասին։ Նման ցանկություն հայտնեց նաև Ադրբեջանը։ Կազմակերպության առանցքային մասնակիցներից է Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը, որը ևս փորձում է ավելի ակտիվ քաղաքականություն ունենալ Հարավային Կովկասի ուղղությամբ։ Ուստի ՀՀ-ի որոշումը պետք է դիտարկել նաև տարածաշրջանայնացման քաղաքականության շրջանակում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիմոնովը։

Նրա խոսքով, ՇՀԿ անդամակցությունն ու ԵՄ-ի, Արևմուտքի հետ ինտենսիվ, խորացված երկխոսությունը մի փոքր անհամատեղելի են թվում։ Սակայն, Սիմոնովի խոսքով, այս պայմանավորվածությունը հայ-չինական երկխոսության, ինչպես նաև աշխարհաքաղաքական անկայունության հետևանք է, հատկապես, երբ այս մասին հայտնում են այցից հետո։

«Այսինքն՝ սա ոչ թե Իրանի հետ երկխոսության, առավել ևս՝ ՌԴ-ի հետ երկխոսության հետևանք է, որքան՝ Չինաստանի։ Գուցեև կա նաև այն նպատակը, որ սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայունությանը, եթե Բաքուն ևս միանա այս կառույցին, թեև ՇՀԿ-ն դասական անվտանգային կառույց չէ։ Սակայն, թե ինչ առարկայական դրսևորում այն կունենա և ինչ կտա Հայաստանին՝ ցույց կտա ժամանակը»,- ասաց նա։

Նշենք, որ ՇՀԿ-ն քաղաքական և անվտանգային կազմակերպություն է, ստեղծվել է Չինաստանի և Ռուսաստանի կողմից 2001 թվականին։ Կազմակերպությունը 10 անդամ պետություն ունի՝ Ռուսաստան, Հնդկաստան, Ղազախստան, Չինաստան, Ղրղըզստան, Պակիստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Իրան։ 2024 թվականի հուլիսին էլ Բելառուսը դարձավ կազմակերպության 10-րդ լիիրավ անդամ․ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Աստանայում՝ կազմակերպության 24-րդ գագաթնաժողովի մեկնարկին։

ՇՀԿ-ն ունի երկու մշտական ​​մարմին՝ քարտուղարությունը, որը գտնվում է Պեկինում, և տարածաշրջանային կառույց, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Տաշքենդում։ ՇՀԿ գլխավոր քարտուղարն է Նուրլան Երմեկբաևը։

Տեղեկացնենք նաև, որ հունիսի 27-ին Պեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ՇՀԿ Գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ։

Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, զրուցակիցները քննարկել էին ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ձևավորված ակտիվ երկխոսության և գործընկեր երկրի կարգավիճակում արդեն իսկ արձանագրված արդյունքների կապակցությամբ։ «Նախարար Միրզոյանն ընդգծել է կազմակերպության շրջանակներում ՀՀ ներգրավածության ընդլայնման հարցում ՀՀ դիրքորոշումը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում ՀՀ մոտեցումները ևս հիմնված են այն հիմնարար սկզբունքների վրա, որոնք դրվել են ՇՀԿ ստեղծման հիմքում, այդ թվում՝ տարածքային ամբողջականության հարգում և սահմանների անխախտելիություն»,- ասված էր հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս