
Չի բացառվում, որ մոտ ապագայում հայտարարեն՝ «Սյունիքի նշաձողը» պետք է իջեցնենք, Թուրքիայի ու Ադրբեջանի համար հարմար պահ է՝ խորացնել ՀՀ-ի նկատմամբ ճնշումները
168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման ընթացքում հայտնի արևելագետ, քաղաքագետ, իրանագետ Կարինե Գևորգյանը և Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն անդրադարձան գլոբալ զարգացումներին Մերձավոր Արևելքում Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի համատեքստում:
Կարինե Գևորգյանը գտնում է, որ այս ամենը տեղի է ունենում մակրոտնտեսական, մակրոքաղաքական, մակրոֆինանսական մակարդակում ուժգնացող միտումների ֆոնին: Նրա որակմամբ, պետք չէ գուշակ լինել հասկանալու համար, որ ԱՄՆ-ում պայքարը սրվում է, կարելի է ասել, որ պայքարը սրվում է Միացյալ Արևմուտքում, և այդ պայքարի ֆոնին հայտնվում է «սև կարապը»:
«Հարց է առաջանում, թե ում է ձեռնտու: Սկսում է Նեթանյահուն, որը հասկացնում է, թե ո՞վ ավելի շատ իշխանություն ունի՝ իսլայելական լոբբի՞ն, թե՞ MAGA-ի շարժումը («Կրկին Ամերիկան հզոր դարձնենք» շարժում): Թրամփն իրեն բարդ է պահում, տարօրինակ հայտարարություններ է անում: Ինձ մոտ տպավորություն է, որ Թրամփը հումոր է անում, քանի որ չեմ կարող մտածել, թե Թրամփը հիմար է։ Կանխատեսելն անհնար է, բայց միակ բանը, որ կարող եմ հստակ ասել (իրանցի փորձագետները նշում են, և ես համաձայն եմ դրա հետ), որ սա առաջին ճակատամարտն էր, Իրանն այն չի պարտվել, ասում են, որ հաղթանակ էր, դա այդքան էական չէ, սակայն պարտություն չկա, քանի որ չհաջողվեց Իրանի դեմ բլից-կրիգ իրականացնել: Այո, Իրանը ջախջախված է, կորուստներ է կրել, սակայն Իրանը մեծ երկիր է՝ մեծ ռեսուրսներով:
Ներկայումս Իրանում ընթանում է ներքին աշխատանք՝ հասարակությունում ամեն բան կարգավորելու ուղղությամբ: Շատ տեղեկություններ են տարածվում, որոնք մենք չենք կարող պարզապես նույնականացնել: Ես կարող եմ ասել, որ համաձայն եմ իրանցի այն վերլուծաբանների կարծիքին, որ սա եղել է չպարտված պատերազմ, և սա դեռ սկիզբն է»,- նման կարծիք հայտնեց Կարինե Գևորգյանը:
Իր հերթին՝ Արթուր Խաչիկյանն ասաց, որ այն, ինչ տեղի ունեցավ Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ, լրջորեն հեղինակազրկում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի խարտիան, միջուկային չտարածման պայմանագիրը ևս կարծես անպետք է ներկայումս:
«Այսինքն՝ մենք ապրում ենք այնպիսի փուլում, երբ միջազգային իրավունքը չի գործում, և գործում է ուժեղի իրավունքը: Դուք չեք կարող հարձակվել մի երկրի վրա, որի հետ բանակցում եք: Ի՞նչ հետևանքներ կունենա այս ամենը, օրինակ՝ ՌԴ նախագահն Արևմուտքի հետ բանակցելիս պետք է մտածի, թե ինչ արժեք կարող են ունենալ բանակցությունները: Մենք տեղափոխվում ենք ջունգլի, միայն այդ կանոններն են գործում, մենք մոտենում ենք համաշխարհային պատերազմի, և Մերձավոր Արևելքը փաստացի կրակի մեջ է, սա կարող է դառնալ այն նույն թրիգերը, ինչ Բալկաններն ունեցան Առաջին աշխարհամարտին ընդառաջ: Մենք կտեսնենք Ռուսաստան-Չինաստան մերձեցում, ներկայիս Արևմուտքի պայմաններում նրանք է՛լ ավելի սերտ կհամագործակցեն»,- նման կարծիք հայտնեց նա:
Ըստ Խաչիկյանի՝ Իրանի պարտությունը չափազանց անցանկալի է Ռուսաստանի, Չինաստանի համար, դա հարված է ԲՐԻԿՍ-ին, բոլոր տրանսպորտային պրոյեկտներին, դա հարված է Չինաստանի տնտեսական շահերին, Ռուսաստանին, Ռուսաստանն արդեն աջակցում է, ռազմատեխնոլոգիական աջակցություն է ցուցաբերում Իրանին: Ինչ վերաբերում է Թրամփին, ապա, Խաչիկյանի կարծիքով, «նա իրեն լիովին հեղինակազրկել է, նրա համախոհների շրջանում դժգոհություն է, ամերիկացի ժողովուրդը չի աջակցում նրան այս պատերազմի հարցում, Թրամփի հեղինակությունն ընկել է, պրոյեկտ MAGA-ն ևս պետք է թաղել, տեղադրել թարմ ծաղկեպսակ: Թրամփը տապալվել է»,- ասաց Արթուր Խաչիկյանը:
Նրա գնահատմամբ՝ մեր ռեգիոնում Իրանի թուլացումը նշանակում է Թուրքիայի աճող հեգեմոնիա, Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան-ՆԱՏՕ-ԱՄՆ առանցքի ամրապնդում:
«Ներկայումս Թուրքիայի ու Ադրբեջանի համար հարմար պահ է ստեղծվել՝ ճնշել ՀՀ իշխանությանը հետագա զիջումներ ստանալու համար, քանի որ զսպող ուժի ուշադրությունը շեղվել է: Չի բացառվում, որ մոտ ապագայում լսենք, որ «Սյունիքի նշաձողը» պետք է իջեցնենք, նա կասի, որ ճանապարհ է, Ադրբեջանը՝ միջանցք է, հետո կասի՝ անվանեք՝ ինչպես ցանկանում եք, գուցե մեքենաները պարտադիր չէ, որ կանգնեն մաքսային հսկողության համար: Այսինքն՝ հետզհետե օվերտոնի պատուհանը կշարունակի բացվել: Կա ռիսկ, որ եղել են պայմանավորվածություններ, որոնց մասին մենք չգիտենք, միջանցքից հետո կամ զուգահեռաբար բարձրացվում է ադրբեջանցիների՝ ՀՀ, այսպես կոչված, վերադարձի հարցը: Որտե՞ղ են նրանք ապրելու, ի՞նչ գյուղերից ենք մենք հայկական բնակչություն դուրս բերելու դա անելու համար, մեզ դեռ չեն ասում: Ի՞նչ կլինի՝ հայտնի չէ»,- ասաց Արթուր Խաչիկյանը:
Նա գտնում է, որ Իսլամական համագործակցության կազմակերպության հարթակն Ադրբեջանը մշտապես օգտագործել է սեփական օրակարգերն առաջ մղելու համար:
«Զարմանալի չէ, որ նման հռչակագիր է ընդունվել, մեր ղեկավարությունը կարող է սա օգտագործել՝ կրկին հանելով սեփական պատասխանատվությունը զիջումների համար: Կարող են գնալ զիջումների ու ասել, որ աշխարհն է պահանջում, ստիպված էին դա անել: Վտանգավոր հայտարարություն է, եթե շարունակենք այս ճանապարհով ընթանալ, շուտով նույն կազմակերպությունը կարող է բանաձև ընդունել, որ Հայաստանը՝ որպես պետական միավորում, լեգիտիմ չէ, որից խոսում են մեր հարևանները, որ մենք պետք է դառնանք վիլայեթ»,- ասաց Արթուր Խաչիկյանը: