Ադրբեջանը փորձում է միջազգային իրավունքին հակառակ՝ վերահսկողություն հաստատել Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների վրա. Վիտալի Մանգասարյան

Իրան-Իսրայել ռազմական հակամարտության պատկերը կամ արդյունքն արդեն տեսանելի է:

168.am-ը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ զրույցում փորձեց պարզել՝ ի՞նչ խնդիր էին դրել Իսրայելը, Իրանը, և ով որքանով կարողացավ հասնել իր առջև դրված խնդրին, որքանո՞վ կարողացավ ձախողել հակառակորդի պլանները:

– Վերջին շաբաթների ընթացքում Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը հասավ իր գագաթնակետին, երբ ԱՄՆ-ի ուղիղ միջամտությամբ հարվածներ հասցվեցին Իրանի մի շարք ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներին, ներառյալ՝ միջուկային հետազոտությունների ու վերամշակման խոշոր կենտրոններին։ Իսրայելը և ԱՄՆ-ը իրենց առջև խնդիր էին դրել կասեցնել Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը, թույլ չտալ, որ Թեհրանը մոտենա միջուկային զենքի արտադրության հնարավորության շեմին։

Իրանն իր հերթին՝ խնդիր էր դրել պահպանել ռազմավարական նախաձեռնությունը և ցույց տալ, որ չի վախենում ուղղակի բախումից անգամ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ։

Կարդացեք նաև

Այսինքն, Թեհրանի նպատակն էր ոչ միայն պաշտպանել իր միջուկային կարողությունները, այլ՝ վստահ ազդակ հղել դաշնակիցներին ու թշնամիներին, որ Իրանը կարող է պատասխանել ցանկացած ագրեսիայի։

Այս համատեքստում Իրանը փորձեց վերահաստատել իր դիրքը՝ որպես տարածաշրջանային առանցքային ուժ, որն ունի թե՛ հարձակողական, թե՛ պաշտպանողական կայուն ներուժ։

Չնայած Իսրայելի և ԱՄՆ-ի որոշակի հաջողություններին՝ երկարաժամկետ կտրվածքով Իրանը կարող է ավելի շահեկան դիրքերում լինել։ Իրանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել իր ռազմավարական նպատակներից, և այս իրադարձությունները կարող են էլ ավելի ուժեղացնել Իրանի ներքին համախմբումը։

Իրանա-իսրայելական հակամարտության ֆոնին Թուրքիան Իսրայելին դեմ էր արտահայտվում, սակայն Թուրքիայի տարածքում տեղադրված AN/TPY-2 ռադարը, որն ԱՄՆի THAAD հակահրթիռային համակարգի մասն է, թույլ է տալիս հայտնաբերել ամեն տեսակի թռչող օբյեկտներ մեծ բարձության վրա և մինչև 1000 կմ հեռավորության վրա: Այսինքն, երբ այն մոտ 10 տարի առաջ տեղադրվել էր, հիմնական խնդիրն Իսրայելին ապահովագրելն էր իրանական հրթիռներից։

– Թուրքիան քաղաքական մակարդակով, թվում է, թե քննադատում է Իսրայելի գործողությունները, սակայն, երբ խոսքը վերաբերում է անվտանգության ոլորտին և իր տարածաշրջանային շահերին, մենք բոլորովին այլ պատկերի ենք ականատես լինում, ինչը, իմ կարծիքով, թուրքական դիվանագիտության հին ավանդույթներից է։

AN/TPY-2 ռադարը, որը տեղադրված է Թուրքիայի Քյուրեջիք ռազմակայանում (Մալաթիայի մարզ), ամերիկյան արտադրության կայան է, և հանդիսանում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանական համակարգի մաս։ Այն կարող է մինչև 1000 կմ շառավիղով հայտնաբերել թռիչքի մեջ գտնվող հրթիռներ ու այլ թռչող օբյեկտներ։ Այս ռադարն իրականում վաղ նախազգուշացման հնարավորություն է տալիս ՆԱՏՕ-ին, բնականաբար, այդ թվում՝ նաև Իսրայելին։ Երբ Իրանը հրթիռ է արձակում Իսրայելի ուղղությամբ, այս ռադարը հնարավորություն է տալիս շուտ հայտնաբերել այն։ Այսպիսով, Թուրքիան, չնայած իր հայտարարություններին՝ դե ֆակտո ուղիղ մասնակցություն ունի մի պրոցեսում, որն օգուտ է տալիս Իսրայելին։

– Իսկ ինչպե՞ս կգնահատեք Իրան-Իսրայել կոնֆլիկտի համատեքստում Ադրբեջանի որդեգրած դիրքը, երբ մի կողմում իրեն 44-օրյա պատերազմում օգնած, իր ռազմավարական դաշնակից Իսրայելն է, մյուս կողմում՝ հարևան Իրանը, մեկ այլ կողմում էլ՝ Թուրքիան և Պակիստանը, որոնք հրապարակավ դատապարտում էին Իսրայելի գործողություններն Իրանի դեմ, և որոնց ևս 2020 թվականի պատերազմում հաղթանակի համար պարտք է: Ի դեպ, ադրբեջանական տարբեր հարթակներում հարց էր բարձրացվում՝ Ադրբեջանը պարտավոր չէ՞ Թուրքիայի դիրքորոշումը կիսել այս հարցում:

– Ադրբեջանի դիրքն Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունում կարող ենք գնահատել որպես ֆորմալ չեզոքություն, բայց փաստացի՝ Իսրայելին համակողմանի աջակցություն։ Սա բացատրվում է մի քանի հանգամանքներով։

Նախ ֆիքսենք, որ Ադրբեջանի համար Իսրայելը չի եղել պարզապես զենք մատակարարող։ Իսրայելի հետախուզական աջակցությունը, հատկապես՝ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիան, դիպուկ հարվածային համակարգերը և արբանյակային հետախուզությունը վճռորոշ դեր են ունեցել 2020թ. արցախյան պատերազմի ժամանակ։

Ադրբեջանի համար Թուրքիան ու Պակիստանը մնում են ռազմավարական գործընկերներ, սակայն, կարծում եմ, որ Բաքվում լավ հասկանում են՝ այդ հարաբերությունները գործընկերային են շահերի շուրջ։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանում հաճախ հնչում են տեսակետներ, որ Բաքուն պարտավոր չէ համակարծիք լինել Անկարայի հետ՝ հատկապես Մերձավոր Արևելքի հետ կապված հարցերում։

Պատահական չէ, որ Իսրայելի հարվածն Իրանի տարածքում տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը բացեց իր վերջին պլանավորած օդանավակայանն օկուպացված Արցախի տարածքում։

Ադրբեջանն իր նորաստեղծ օդանավակայանները քաղաքացիականի քողի տակ օգտագործում է ռազմահետախուզական նպատակներով, այդ թվում՝ Իսրայելին հետախուզական օժանդակություն տրամադրելու համար, ինչի մասին, վստահ եմ, Թեհրանում տեղյակ են: Սակայն այս փուլում, կարծում եմ, կառավարելի տիրույթում է այս ամենը, և Իրանը գուցե չի ցանկանում ստեղծված իրավիճակում հավելյալ խնդիրներ ունենալ իր անմիջական հարևանների հետ, ինչից և օգտվում է Ադրբեջանը։

Ռուս-ուկրաինական պատերազմը կարծես անտեսվեց Իրան-Իսրայել ռազմական գործողությունների ֆոնին, ի՞նչ պատկեր է այդ ճակատում:

Վերջին ամիսներին միջազգային լրահոսում գերիշխող թեման Իրան-Իսրայել լարվածությունն է, որը շատ առումներով, այո, ռուս-ուկրաինական պատերազմը մղել է երկրորդ պլան։ Սակայն այն, որ Ուկրաինայում շարունակվող լայնամասշտաբ պատերազմն այս օրերին համաշխարհային ուշադրությունից դուրս է մնում, չի նշանակում, որ ռազմաճակատում որևէ բան չի կատարվում։

Ռուսական ուժերը Դոնեցկի և Լուգանսկի ուղղություններով դանդաղ, բայց հստակ առաջ են շարժվում։ Նրանց նպատակը տարածքների հստակ ամրացումն է՝ անգամ, եթե յուրաքանչյուր նոր բնակավայր գրավելու համար պահանջվում են շաբաթներ կամ ամիսներ։ Սա այլևս արագ հաղթանակի փորձ չէ, այլ երկարաժամկետ մաշեցման ռազմավարություն, որտեղ հաղթում է ոչ թե առավել ակտիվ կողմը, այլ առավել դիմացկունը։

– Ռազմական ի՞նչ հետևություններ պետք է անել այսօրվա՝ ռուս-ուկրաինական, Իրան-Իսրայել պատերազմներից:

– Ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ դասական բլիցկրիգն աշխատող չէ, երբ կա դիմադրության լայն հիմք, տեխնոլոգիական ճկունություն և արտաքին օգնության հստակ տրամադրում։ Ռուսական կողմը մտադիր էր կարճ ժամանակում վերցնել Կիևը, սակայն դիմադրության կառուցվածքային կազմակերպվածությունը վերածեց պատերազմը մաշեցման երկարատև պայքարի։ Այս պատերազմը հաստատեց նաև, որ ժամանակակից պատերազմում գերիշխող չեն տանկերն ու ավանդական հրետանին, այլ՝ անօդաչու սարքերը, արբանյակային դիտարկումը և էլեկտրոնային պատերազմը։ Ավելին, պատերազմը տեղափոխվել է նաև էներգետիկ, տեղեկատվական ու դիվանագիտական ճակատներ։

Իսրայելը ցուցադրեց քաղաքացիական պաշտպանության մաստեր կլաս՝ սկսած ժամանակին տրված ազդանշաններից՝ մինչև ապաստարանների բացում և բնակչության հոգեբանական պատրաստվածություն։ Միևնույն ժամանակ, առաջին անգամ լայն հանրությունն ականատես եղավ, որ իսրայելական հակաօդային պաշտպանության փուչիկը պայթեց, քանի որ Իրանից արձակված բազմաթիվ հրթիռները հասան իրենց նպատակին։

– Հայաստանի շուրջ տեսանելի և ոչ տեսանելի ի՞նչ վտանգներ կան՝ հնարավոր էսկալացիայից մինչև «Զանգեզուրի միջանցք», և այլն:

– Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը պատմականորեն միշտ էլ եղել է լարված, սակայն այսօր՝ 2025 թվականին, ռիսկերի մակարդակը ոչ միայն բարձր է, այլև բազմաշերտ և անկանխատեսելի։ Բնականաբար, ռիսկերը մեծ են՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, կիսապատերազմական հարևաններին և աշխարհաքաղաքական մեծ պետությունների շահերի բախումը հենց մեր սահմանների մոտ։ Սակայն, ցավալիորեն պետք է արձանագրել, որ գործող ՀՀ իշխանության պարագայում այդ ռիսկերը ոչ միայն չեն նվազում, այլ՝ էլ ավելի են մեծանում։

Պատճառն այն է, որ պետության ղեկավարման մակարդակում ակնհայտ է առաջնային և երկրորդական խնդիրները չտարբերակելու կարողությունը։ Մինչդեռ անվտանգային համակարգը պահանջում է խոր ռազմավարական մտածողություն, համազգային վստահություն և կոլեկտիվ կայունություն, գործող իշխանությունն իր քայլերով հակառակն է անում՝ խորացնում է հասարակական պառակտվածությունը, որն ուղիղ բացասական ազդեցություն է ունենում պաշտպանության և անվտանգության համակարգի կենսունակության վրա։

Տեսանելի ռիսկերից առաջինը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ զարգացումներն են: Եվ Ադրբեջանը շարունակում է կիրառել ճնշման քաղաքականություն՝ փորձելով ոչ միայն ճանապարհային հաղորդակցություն ապահովել դեպի Նախիջևան, այլև միջազգային իրավունքին հակառակ՝ վերահսկողություն հաստատել Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների վրա։

Հայաստանի շուրջ վտանգները բազմապատկվում են ոչ միայն՝ արտաքին գործոնների պատճառով, այլև՝ ներսում ընդունվող սխալ որոշումների, պառակտիչ քաղաքականության և ռազմավարական միտք չունեցող կառավարիչների հետևանքով։ Իսկ այդ պայմաններում անվտանգության համակարգը կարող է հայտնվել առավելագույն ճնշման տակ՝ հենց այն պահին, երբ մեզ ամենաշատն է անհրաժեշտ ուժեղ և համախմբված պետություն։

Տեսանյութեր

Լրահոս