
Ո՞ր մի լուրջ ներդրողը ներդրում կկատարի, երբ տեսնում է՝ հետապնդում է իրականացվում, սեփականություն են խլում բառիս բուն իմաստով․ Հայկ Ֆարմանյան

Թավիշի ու ժողովրդավարության մասին միֆերով ծնված «իրական Հայաստան»-ում քաղաքացիական դիրքորոշում հայտնելն իսկ մեծ գին ունի․ տնտեսական ու քաղաքական տեռոր, բռնաճնշումներ, բիզնեսմենի «օդերը փակել»։
Վերջինը «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի օրինակն է․ պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանը սպասում էր Հայ Առաքելական եկեղեցու մասին Սամվել Կարապետյանի աջակցող հայտարարությանը, որպեսզի հայտարարի ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին։
Իսկ մենք հիշենք՝ 2015 թվականին Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը գնել էր հսկայական պարտքային բեռով, տարբեր շրջանակներ սա նույնիսկ որակել էին բարեգործություն՝ նկատի ունենալով հսկայական ներդրումների ծավալը, որ պահանջում էր ընկերությունը։ Սամվել Կարապետյանն այդ օրերին գնումը համարել էր «բիզնես և հայրենիքին ցուցաբերած օգնություն»՝ վստահեցնելով, որ իրենց ղեկավարման ներքո ընկերությունն ավելի լավը կդառնա։
Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը 168․am-ի հետ զրույցում նշեց՝ 10 տարի անց ՀԷՑ-ի համար արվել է շուրջ 700 միլիոն դոլարի ներդրում և նախատեսված է ևս 300 միլիոն ներդրում, ու ազգայնացման պարագայում էլ ենթադրվում է ներդրումների վերադարձ սեփականատիրոջը և ոչ միայն։
«Այդ գումարների վերադարձն արվելու է հարկատուների հաշվին, արտաքին պարտքի հաշվին։ Դա այդքան հեշտ գործընթաց չէ։ Ուղղակի քաղաքական պատճառ կա,- նշեց տնտեսագետը՝ հիշեցնելով,- Տարիների ընթացքում ներդրումների շնորհիվ զգալիորեն կրճատվել են հոսանքի կորուստները, ամբողջն արդիականացվել է։ Այսինքն՝ դեպի բարելավում է գնացել ընկերությունը, ոչ թե՝ վատթարացում, որ խոսեն ազգայնացման մասին։
Բա այդ դեպքում «Վեոլիա ջուրն» ինչո՞ւ չեն ազգայնացնում․ այնտեղ ավելի լուրջ խնդիրներ կան, քանի որ ջրի խնդրի պատճառով ներդրումային ծրագրեր են տապալվում։ «Վեոլիա ջուրը», որը ներդրումների կատարելու պարտավորություններ ուներ պետության առաջ, չի կատարել, ու կան զգալի կորուստներ»։
Անդրադառնալով ՀԷՑ-ի ոչ արդյունավետ կառավարման մասին իշխանությունների հայտարարություններին՝ Հայկ Ֆարմանյանը դրանք որակեց պրիմիտիվիզմ։
«Սրանք էնքան են պրիմիտիվացել, որ նույնիսկ հասարակ հոսանքի անջատումները կապում են ոչ արդյունավետ կառավարման հետ՝ ասելով, թե եթե ազգայնացվի, նման խնդիրներ չեն լինի։ Իսկ ո՞վ է երաշխավորում, որ պետությունն այնքան լավ կկառավարի, որ նման խնդիրներ չեն առաջանա,- ասաց նա՝ հավելելով,- Եթե տրամաբանությունն այն է, որ հանրային նշանակության, ստրատեգիական օբյեկտները պետք է ազգայնացվեն, որպեսզի կառավարման արդյունավետությունը բարձրանա, ապա դա պետք է վերաբերի բոլոր ընկերություններին՝ նաև «Գազպրոմ», «Վեոլիա ջուր»․ մեկը հոսանք է բաշխում, մեկը՝ ջուր, մեկը՝ գազ, ի՞նչ տարբերություն։ Այդ դեպքում գոնե իշխանությունների նպատակը կքողարկվեր։
Ու այս համատեքստում ներդրումային միջավայրի խաթարումն ակնհայտ է․ ո՞ր մի լուրջ ներդրողը Հայաստանում ներդրում կկատարի, երբ տեսնում է՝ ակնհայտ հետապնդում է իրականացվում, սեփականություն են խլում բառիս բուն իմաստով։ Մանավանդ մեր տիպի երկրներն այնքան զգայուն են։ Ներդրումների համար երկու գործոն կա՝ սեփականության իրավունքի պաշտպանություն և անվտանգային միջավայր»։
Հայկ Ֆարմանյանը զարմանքով է արձագանքում այս դրվագի քննարկումը Ռուսաստանի հետ համեմատությունների ու զուգահեռների ֆոնին։
«Գերտերություններում, որտեղ ստրատեգիական, ռազմարդյունաբերության, նավթարդյունաբերության օբյեկտներ են ազգայնացվում, դրանց հիմքում նախ դրվում են ապօրինի սեփականաշնորհման դեպքերը, ապա նաև՝ հանգամանքը, որ պատերազմական իրավիճակում գտնվող գերտերությունները քայլեր են ձեռնարկում, որպեսզի ստրատեգիական օբյեկտների վրա այլ գերտերությունների ներգործություն չունենան»,- մանրամասնեց նա։
Մասնագետները պարզաբանում են նաև՝ միջազգային պրակտիկայում շատ են դեպքերը և իրավական ատյանները հօգուտ սեփականատիրոջ են որոշումներ կայացրել․ այս դեպքում ևս, ըստ նրանց դիտարկումների, այդ հավանականությունը կա, քանի որ բոլոր գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ-ի ազգայնացմանը, եղել են խտրական և ոչ արդար վերաբերմունքի առկայության պայմաններում: