Իրանի համար փրկությունը միջուկային զենք ունենալն է. Գրիգոր Բալասանյան

«Իրանի բարձրաստիճան ղեկավարությունը գործածության մեջ է դրել մի ծրագիր, որով Իրանին թույլ է տրվում ուրանի հարստացումը հասցնել մինչև 90 տոկոսի, այն դեպքում, երբ սովորաբար թույլատրված է եղել մինչև 20 տոկոս։ Սա նշանակում է, որ Իրանին կանգնեցրել են ուլտիմատումի առաջ, ինչին ի պատասխան՝ Իրանը դիմում է նման քայլի և կարող է, օրինակ, միջուկային բաղադրիչներով հագեցած զինատեսակների օգնությանը դիմել, որոնք կարող են հայտնվել Եմենի հուսիների ձեռքում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Իրան-Իսրայել ռազմական գործողությունների հետևանքներին, նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ որպես այդ պատերազմի ծանրագույն հետևանքներից մեկը՝ չբացառելով միջուկային պատերազմը։

«Իրանի համար փրկությունը միջուկային զենք ունենալն է. չունեցավ, այս պատերազմը շարունակվելու է, որին զուգահեռ՝ կա վտանգ Իրանը ներսից պայթեցնելու։ Կարծում եմ՝ առաջին հարվածը կհասցվի Իրանի Ատրպատականին, ինչն արդեն լրջագույն խնդիր է ստեղծելու մեզ համար, քանի որ այդ տարածքը Հայաստանի հետ սահմանակից է»,- ասաց Բալասանյանը։

Նրա խոսքով՝ Իսրայելն Իրանին չեզոքացնելու ռեսուրս չունի. Իսրայելն այժմ այլ նպատակ է հետապնդում՝ դուրս գալ Եփրատ և Տիգրիս գետերի ափ և տեր կանգնել Իրանի՝ այդ հատվածոււմ ունեցած բնական պաշարներին, առաջին հերթին՝ նավթին։

«Այս կռիվը նաև նավթի համար է. դրա համար էլ կեղծ է այն պնդումը, թե եթե Իրանի հոգևոր առաջնորդը հեռանա, կռիվ չի լինի։ Հոգևոր առաջնորդն էլ եթե գնա, միևնույն է՝ Իրանը մինչև չքանդեն ու դարձնեն երկրորդական պետություն, չեն հանգստանա։ Ցանկանում են փոխել Իրանի սահմանները. կտրել Պարսից ծոցը՝ Բանդարաբաս նավահանգստով, և ունենալ Հորմուզի նավահանգստի վրա վերահսկողություն, որովհետև Հորմուզի նեղուցն Իրանին դարձնում է հեգեմոն պետություն»,- ասաց Գրիգոր Բալասանյանը։

Կարդացեք նաև

Ըստ միջազգայնագետի՝ Իսրայելն իր այս ծրագիրը չի կարող իրականացնել միայնակ՝ առանց ԱՄՆ-ի աջակցության. այն օրը, երբ ԱՄՆ-ը ձեռքը քաշի Իսրայելի վրայից, Պարսից ծոցի արաբական երկրներից յուրաքանչյուրը հիշելու է Իսրայելից իր պահանջը։

«ԱՄՆ-ը Իրանի սպառնալիքով կարողանում է Քաթարից, Օմանից և արաբական այլ երկրներից հսկայական գումարներ ստանալ։ Օրինակ, եկեք հիշենք, որ Թրամփը մի անգամ գնաց Մերձավոր Արևելք, 5 տրիլիոն դոլար կարողացավ տանել՝ բոլորին վախեցնելով Իրանով։ Ինչպես Եվրոպան է վախեցնում Ռուսաստանով, այնպես էլ ԱՄՆ-ը՝ Իրանով՝ փող ստանալու համար»,- ասաց Գրիգոր Բալասանյանը։

Ինչ վերաբերում է թուրքական գործոնին, ապա Բալասանյանն ընդգծեց՝ թեև Թուրքիան դատապարտել է Իսրայելի գործողություններն՝ ընդդեմ Իրանի, սակայն Իրանի համար դրանք գրոշի արժեք չունեն, որովհետև Թուրքիային համարում են դրսից՝ բարեկամ, ներսից՝ թշնամի։

«Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ պատերազմի ամենաթեժ շրջանում Վանի հատվածում ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ֆիքսում են հրթիռների արձակման պահն ու հաղորդում Իսրայելին։ Այսինքն՝ Թուրքիան իր գործն անում է»,- ասաց Գրիգոր Բալասանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս