Ռեգիոնը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին․ ի՞նչ սպասել Հայաստանի շուրջ առաջիկա օրերին

Ժամեր առաջ Իսրայելը ռազմական լուրջ գործողություն իրականացրեց Իրանի տարածքում՝ թիրախավորելով Նաթանզի և Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտները, Քերմանշահի և Խորամաբադի հրթիռային բազաները, ինչպես նաև Թեհրանը, Սպահանը, Թավրիզը և Իրանի այլ խոշոր քաղաքներ:

Նպատակակետը եղել է Իրանի զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը, ինչպես նաև միջուկային ծրագրի վրա աշխատող գիտնականները: Հարվածներ են հասցվել նաև Ղոմին, որտեղ բնակվում են Իսլամական Հանրապետության հոգևոր ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչներ: Իսրայելի տևական ժամանակ մշակված գործողության հետևանքով ըստ էության գլխատվել է Իրանի ռազմական ղեկավարությունը, թեև հարկ է նշել, որ Իրանը շատ արագ կատարեց նշանակումներ՝ փորձելով թույլ չտալ իրավիճակի հետագա անկայունացում։

Օպերացիայի առաջին ժամերի ընթացքում հայտարարություններով հանդես եկան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ինչպես նաև հակամարտող երկրների բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ՝ սպառնալով գործողություններով։ Հարկ է ընդգծել, որ Նեթանյահուն իր ժողովրդին կոչ արեց պատրաստվել շատ ավելի երկար դիմակայության, Իսրայելը հայտնում է, որ ռազմական գործողություններն Իրանի դեմ կշարունակվեն 14 օր։

Ալի Խամենեին հայտարարեց՝ այս հանցագործությամբ Իսրայելն իր համար պատրաստել է դառը և սարսափելի ճակատագիր, և այն անպայման կարժանանա դրան։ Իրանի զինված ուժերի խոսնակ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հաստատել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, այդ թվում՝ բնակելի շենքերին, և հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը կոշտ կպատասխանի այդ հարձակումներին։

Կարդացեք նաև

Թրամփն իր հերթին՝ հայտարարեց․ «Իրանը պետք է գործարք կնքի, նախքան ոչինչ չմնա, և փրկի այն, ինչը մի ժամանակ հայտնի էր՝ որպես Իրանական կայսրություն։ Այլևս ո՛չ մի մահ, ո՛չ մի ավերածություն, ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԵՔ ԴԱ, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԱՓԱԶԱՆՑ ՈՒՇ ՉԷ»։ Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը դատապարտել են Իսրայելի հարձակումը։ Իրավիճակը լարված է, աշխարհն իրանական հարվածի սպասման մեջ է, թեև իսրայելական գործողության առաջին խոշոր հարվածներից հետո տեղեկություններ են տարածվում նաև այլ հարվածների ու թիրախավորումների մասին։ Դատելով ամերիկյան ու իսրայելական պաշտոնական հայտարարություններից՝ Իսրայելի ռազմական գործողությունը տևելու է երկար ու ունենալու է բացասական հետևանքներ, եթե Իրանը կանխարգելիչ հարվածներ չհասցնի։

Այս ֆոնին մտահոգիչ է իրավիճակը Հայաստանի հարավի շուրջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին Թուրքիան ու Ադրբեջանը ծավալուն երկու զորավարժություն են անցկացնում Նախիջևանում, զորավարժությունները տևելու են մեկ ամիս։ Թուրք-ադրբեջանական, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պահանջի ֆոնին Իրանի շուրջ իրավիճակի աննախադեպ սրացումը և թուրք-ադրբեջանական զորքերի կուտակումը Երևանից 70 կմ հեռավորության վրա խիստ մտահոգիչ են։ Թերևս սա է պատճառը, որ ՀՀ ԱԳՆ արձագանքը չուշացավ։

«Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Տեղի ունենալով հատկապես բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Մենք դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքը»,- ասված է ՀՀ ԱԳՆ անդրադարձում։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս այսօր արտահայտվել է, ասելով, թե այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար է խնդիր։

«Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ դասական անվտանգային սպառնալիքը, այսինքն՝ ռազմական սպառնալիքը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է։ Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր մասնաբաժին կայունությունը տարածաշրջան բերել»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հարևանությամբ պայթյունավտանգ իրավիճակի պայմաններում այսօր Նիկոլ Փաշինյանը դստեր հետ մեկնեց Պրահա՝ «GLOBSEC 2025» ֆորումին մասնակցելու նպատակով: Չեխիայում Փաշինյանն ասել է, որ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին հարձակումն Իրանի վրա։ «Եվ դա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք մենք տարածաշրջանում։ Եվ մենք շատ մտահոգ ենք»,- ընդգծել է Փաշինյանը:

Ռուս արևելագետ Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Իսրայելը կարողացավ Թրամփի նկատմամբ ճնշումներով և ժամեր առաջ Իրանին հասցված հարվածներով տապալել Իրանի ու ԱՄՆ-ի միջև սկսված բանակցային գործընթացը, որը պետք է շարունակվեր կիրակի օրը Մասկատում։ Նրա խոսքով, արդեն ակնհայտ է, որ իրավիճակը գտնվում է լայնածաված ռեգիոնալ պատերազմի շեմին, և Իրանի, Իսրայելի հետագա գործողություններից շատ բան է կախված լինելու։

«Ամեն դեպքում, կարծում եմ, կողմերը հասկանում են, որ սա կարող է նաև շատ երկար տևել, ուստի միմյանց տրվող պատասխանները լինելու են աստիճանական, զգուշավոր, փորձելով նաև որոշակի տեղ թողնել բանակցության համար, ինչի հաջողության հավանականությունը շատ փոքր է։ Այս իրավիճակում ամեն բան հնարավոր է, այդ թվում՝ միջուկային զենքի ստեղծում, որը,ն ԱՄՆ-ի ու Իսրայելի պնդմամբ, շատ քիչ ժամանակ կպահանջի Իրանից։ Իրանի զսպման հարվածը կարող է սահմանափակ ուժ ունենալ, բայց Իրանում հասկանում են, որ այս դիմակայությունը երկար է տևելու և Իսրայելին իսկապես զսպելու համար գուցե շատ այլ գործողություններ պետք լինեն։ Այստեղ առանձին թեմա է Թրամփի վարչակազմի քաղաքականությունը, որն այս ուղղությամբ ևս չկարողացավ որևէ արդյունք ունենալ, որի հետևանքով այս ռեգիոնը հայտնվեց լայնամասշտաբ լարման շեմին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, վերլուծաբանը գտնում է, որ այս ամենը կատարվում է Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի ու Ադրբեջանի անմիջական հարևանությամբ։

«Ավելորդ է ասել, որ սա խնդիր է Երևանի ու Բաքվի համար, հաշվի առնելով չլուծված խնդիրները, սեղանին դրված պահանջները, ինչպես նաև Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերություններն ու Իրան-Ադրբեջան ավանդական խնդիրները։ Ռեգիոնն ունի խնդիրների մի ամբողջ շարք, որոնք կարող են գլուխ բարձրացնել այս ամենի հետևանքով, այդ թվում՝ ռազմական սցենարներ կարող են գործի դրվել։ Սակայն բոլորը դեռ հետևելու են այն ամենին, ինչ կատարվելու է Իրանի ու Իսրայելի միջև առաջիկա մի քանի ժամերի ու օրերի ընթացքում»,- ասաց Տարասովը։

Նա գտնում է, որ հայկական կողմի քաղաքականությունն ու դիվանագիտությունը շարունակում է, մեղմ ասած, խիստ անհասկանալի ու անբացատրելի լինել։ «Թե ինչպես են Հայաստանում պատրաստվում դիմակայել սպառնալիքներին այս քաղաքականությամբ, անհասկանալի է ինձ համար»,- նկատեց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս