«Նիկոլ Փաշինյանին մնացել է 6 ամսվա ակտիվ քաղաքական կյանք, նրա քայլերը եկեղեցու վրա չեն ազդելու». Քաղտեխնոլոգ

Գրեթե 2 շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանը խիստ հակասությունների մեջ է մտել հոգևոր իշխանության հետ՝ թիրախավորելով Գարեգին Բ Վեհափառին։

Նիկոլ Փաշինյանի կողմից օրը մի քանի անգամ Ֆեյսբուքում հայտնվող գրառումները, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ ունեն առիթ և պատճառ. առիթը հանդիսացել է Շվեյցարիայում տեղի ունեցած ժողովը, որի ժամանակ կաթողիկոսը, հայ հոգևորականները խոսել են բռնազավթված Արցախից, արցախահայերի վերադարձի իրավունքից, հայ գերիների վերադարձի և այլ հարցերի մասին։

«Բնական է, որ նշածս առիթն իշխանությունները հերքում են և շարունակելու են հերքել, բայց սա է եղել առիթը, և անսովոր կլիներ, եթե իրենք չհերքեին։

ՀՀ իշխանություններն Ալիևին վստահեցրել են, որ ՀՀ-ում այլևս Արցախի հարցը չեն բարձրացնում, բայց տեսանք, որ հարցը կաթողիկոսի մակարդակով բարձրացվում է, հետևաբար՝ պետք է կաթողիկոսին լռեցնեն։

Կարդացեք նաև

Բոլորն էլ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանից հետո ՀՀ-ում իշխանության եկող ուժը բարձրացնելու է Արցախի ու արցախահայերի հարցը, բայց հիմա քանի որ դա անում է եկեղեցին ու կաթողիկոսը, պետք է թիրախավորեն եկեղեցուն։

Տեսեք, կաթողիկոսին ու եկեղեցուն սատարում է հասարակության զգալի հատվածը, նշանակում է՝ նրանք կիսում են Արցախի վերաբերյալ կաթողիկոսի դիրքորոշումը։ Բնական է, չէ՞, որ այս ամենը կարող է խիստ ազդել ընտրությունների վրա. Նիկոլ Փաշինյանը սպասում է, որպեսզի ստորագրի «խաղաղության պայմանագիրը», որպեսզի նախընտրական շրջանում գովազդի իրեն ու ՔՊ-ին, դրա համար էլ կաթողիկոսի քայլերն իշխանության մոտ խիստ դժգոհություն են առաջացրել»,- 168.am հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը։

Այս ամենի պատճառը, ըստ Արմեն Բադալյանի՝ այն է, որ Նիկոլ Փաշինյանն այլ քաղաքական գործիչների համեմատ՝ որոշակի վարկանիշ ունի հեռավոր գյուղերում, որտեղ մարդիկ քաղաքականության ու երկրի կյանքի մասին տեղեկանում են միակողմանի՝ Հանրային հեռուստաընկերության տված լուրերից։

Ի տարբերություն հեռավոր գյուղերի, համայնքներում ու քաղաքներում նա չունի վարկանիշ, դրա մասին վկայում են ընտրութունները, վառ ապացույցը Գյումրու ընտրություններն էին, որտեղ Նիկոլ Փաշինյանն իր ներդրած բոլոր ջանքերով հանդերձ՝ չկարողացավ իր թեկնածուին անցկացնել։

«Հեռավոր գյուղերում քաղաքական կյանք գոյություն չունի, ինչ էլ կա՝ ձևավորվում է Հանրայինի փոխանցած տեղեկատվության վրա, որտեղ ամեն ինչ հրաշալի է։ Բայց եկեղեցին այն կառույցն է, որն ունի իր ցանցային կառույցները՝ եկեղեցիները, որտեղ քահանաները շփվում են բնակիչների հետ, և բնակիչները հենց նրանցից կարող են ստանալ այլընտրանքային տեղեկություններ։ Այս ամենը կարող է փոխել այդ մարդանց դիրքորոշումները, և նրանք ընտրություններում քվեարկեն այլ ուժի։ Այսինքն՝ հեռավոր գյուղում մարդիկ ունենալու են տեղեկատվության 2 աղբյուր՝ Հանրայինը, որը ներկայացնում է իշխանության շահերը, և եկեղեցին, որը չի ենթարկվում իշխանությանը և կարող է այլ տեղեկություններ տրամադրել»,- նշեց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգը նաև շեշտեց՝ հաշվի առնելով հանգամանքը, որ իշխանություններին չի հաջողվելու հավաքել «50+1» ձայն, Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել ամեն գնով եկեղեցին ենթարկեցնել իրեն, սակայն չի հաջողվելու։

«Այդ պահին Նիկոլ Փաշինյանը կիրառում է հոգեբանական տեխնոլոգիա՝ օրը մի քանի գրառում կատարելով։ Մտածում է՝ եթե շատ գրի, ապա մի օր կաթողիկոսին իր գրառումներով «նադայել» կանի, ու կաթողիկոսը կհեռանա։ Բայց Նիկոլ Փաշինյանի գրառումները հանրության մի մասի դժգոհությունն է առաջացնում, մի մասի մոտ՝ զայրույթ։ Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանի այս քայլերը եկեղեցու վրա չեն ազդելու, նրան մնացել է 6 ամսվա ակտիվ քաղաքական կյանք։ Հաջորդ տարվա հունվարից Հայաստանում քաղաքական կյանքը մտնելու է նախընտրական փուլ, թեպետ հիմա էլ է մտել»,- ասաց մեր զրուցակիցը։։

Արմեն Բադալյանի դիտարկմամբ, հավանականությունը շատ մեծ է, որ ՔՊ-ն 2026 թվականին բացարձակ մեծամասնություն չի ունենալու, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանն ունի 6 ամիս, իսկ այդ ընթացքում նա ոչինչ չի կարողանա անել։

«Բոլոր այն գործիչները, որոնք կփորձեն խառնվել եկեղեցու ներքին կյանքին, շատ հավանական է՝ իշխանափոխությունից հետո դատվեն՝ սահմանադրական կարգը տապալելու համար։

Նիկոլ Փաշինյանն էլ լավ գիտի, որ իր ակտիվ քաղաքական կյանքին մնացել է 6 ամիս, դրա համար ոչինչ չի կարող անել՝ բացի գրառումներ կատարելուց, կամ էլ՝ կարող են խմբեր ձևավորել, գնալ ու Վեհարանը գրավել։ Այսինքն՝ կանեն պարզ խուլիգանություն, բայց որևէ արդյունքի չեն հասնելու, որովհետև Առաքելական եկեղեցին ոչ թե հայ, այլ համահայկական կառույց է, սա համայն հայության հարցն է, որի վրա Նիկոլ Փաշինյանը որևէ ազդեցություն չի կարող ունենալ, բացի որոշակի խժդժություններ հրահրելուց, ինչը եկեղեցու վրա չի ազդելու»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս