
Աստված չանի՝ ընդդիմությունը սխալվի, և Փաշինյանը վերընտրվի, Հայաստանի վրա կդրվի տապանաքար. Նաիրի Սարգսյան
«Նիկոլ Փաշինյանը Կառավարության ուղիղ եթերով հեռարձակվող նիստերը վերածել է շոուներով համեմված քարոզարշավի. քարոզարշավ, որը նա սկսել է դեռևս տարեսկզբին։ Դա է պատճառը, որ այս մարդն այդ նիստերի ժամանակ խոսում է ոչ թե տնտեսական քաղաքականությունից, այլ՝ ասֆալտից։ Ինչո՞ւ ասֆալտից, որովհետև գիտի՝ իր բոլոր քայլերը տանելու են նրան, որ Հայաստանը վերածվի թուրքական վիլայեթի, որտեղ տնտեսական քաղաքականություն ուղղակի պետք չէ». 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի և նրա ղեկավարած Կառավարության վարած տնտեսական քաղաքականություն-ասֆալտապատում «օպերացիայի» մասին, նման տեսակետ հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
Նրա խոսքով՝ «այդ մարդը» ձգտում է վիլայեթի, որովհետև միայն այնտեղ է, որ իրեն վտանգ չի սպառնա, միայն վիլայեթում է, որ պետության անվտանգությունն ապահովելու փոխարեն՝ մտածելու է միայն ասֆալտ փռելու մասին։
«Փաշինյանը Հայաստանի անվտանգային և տնտեսական համակարգն ամբողջությամբ տեղավորել է թուրքական քաղաքականության շահերի ծիրում։ Նա տեսնում է, որ իր վարկանիշն անկում է ապրում, հասել է ընդամենը 10-11 տոկոսի։
Տեսնում է նաև, որ օդն անգամ ազդարարում է իր Կառավարության պայթյունի մասին։ Նման զարգացումների դեպքում է, որ մտածում է պաշտպանվելու մասին. իսկ ինչպե՞ս, իհարկե, Թուրքիայի հետ երկխոսության գնալու ճանապարհով։
Նրա նպատակն է՝ Հայաստանը դարձնել Երևանի գավառ ու նշանակվել գավառապետ։ Կրկնում եմ՝ Թուրքիայում դեռ չեն տեսել իրենց այսքան հավատարիմ ծառա»,- ասաց Նաիրի Սարգսյանը։
Վերջինս առաջարկեց Հայաստանը վիլայեթ դարձնելու համատեքստում դիտարկել Փաշինյանի՝ երեկ Ազգային ժողովում ունեցած ելույթի այն հատվածը, որտեղ, թվարկելով պետության անվանգությունն ապահովող համակարգերը՝ նա առաջին տեղում դասեց պարեկային ծառայությունը, երկրորդում՝ Ազգային անվտագության ծառայությունը, հետո՝ այլ կառույցներ, վերջում՝ բանակը։
«Սա բխում է նրանից, որ դարձյալ թիվ մեկ հարցն իր անվտանգության ապահովումն է։ Դա է պատճառը, որ ամեն տարի 1 միլիարդ դոլարով ավելացրել են պետության պարտքը, փոխարենը՝ ստեղծել ընդամենը 3000 աշխատատեղ։
Ավելին՝ այժմ քննարկում են հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն ավելացնելու և ներկայիս 24 տոկոսը 30 դարձնելու հարցը։ Ի՞նչ է սա նշանակում՝ նշանակում է, որ տեղի կունենա ևս 20 տոկոսով թանկացում։
Հետևապես, Աստված չանի՝ ընդդիմությունը սխալվի, և Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, Հայաստանի վրա կդրվի տապանաքար։ Ուստի ժամանակն է նորից ասելու ՝բավական է դիրքավորվեք՝ որպես ապաքաղաքական. սա քաղաքականության հարց չէ, սա այլևս Հայաստանի գոյության և Հայաստանի ապամոնտաժման հարցն է»,- շեշտեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։