
Հուլիսյան մարտերի օրերին ՀՀ ԶՈւ-ին «իջեցված հրամանը» և Բաքվի մեղադրական պնդումները

168.am-ը գրել է, որ մայիսի 30-ի «դատական» նիստի հիմնական թեման Բաքուն դարձրել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը, մասնավորապես, «Գյանջայի դեպքերը»՝ մեղադրական սլաքն ուղղելով ՀՀ զինված ուժերի դեմ:
Հունիսի 2-ի «դատավարությունը» շարունակվել է նույն տրամաբանության մեջ:
Մասնավորապես, ներկայացվել են ինչ-որ փաստաթղթեր, որոնք իբր ապացուցում են 2020 թվականի պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորումները:
Դատարան բերված «փաստաթղթային ապացույցների» հիման վրա Բաքուն պնդել է, թե իբր «ՀՀ զինված ուժերը հարվածներ են հասցրել Մինգեչաուրի ուղղությամբ», ընդ որում, «կիրառվել է «Սմերչ», և, որ «թիրախի տակ է պահվել տեղի ՀԷԿ-ն ու ՋԷԿ-ը»:
Նշենք, որ պատերազմի օրերին և դրանից հետո Ալիևը հայտարարել էր, թե 44-օրյա պատերազմի օրերին հայկական կողմը փորձել է հարվածել Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանին: Այսինքն՝ Բաքվի «դատավարության» օրակարգը վաղուց մշակված է:
Մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ պատերազմի օրերին, օրինակ, 2020թ. հոկտեմբերի 4-ին էր հերքել ադրբեջանական այս պնդումը:
«Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է»,- ասել էր ՀՀ ՊՆ խոսնակը:
Այդ ժամանակ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանն էլ իր հերթին հավելել էր, որ հայկական կողմը ոչ մի հարված չի հասցրել ո՛չ Մինգեչաուրի ՀԷԿ-ի, ո՛չ ՋԷԿ-ի, ո՛չ քաղաքի, ո՛չ էլ ջրամբարի ուղղությամբ՝ «հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չենք տեսնում»:
Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարությունը նման մի հերքում էլ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին էր տարածել, որում նշվում էր.
«Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի՝ իբր ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։
Մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար առկա են հակառակորդի բավարար թիրախներ։
Նախազգուշացնում ենք, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ»:
Իսկ Բաքվի դատարանում հունիսի 2-ի նիստին ուսումնասիրվել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի և Հարավկովկասյան խողովակաշարի` «Սմերչ» հրթիռներով թիրախավորմանն առնչվող փաստաթղթերը»:
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր ադրբեջանական կողմի այս պնդումները, որոնք արվել են նաև 44-օրյայի ժամանակ:
«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե իբր հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, լկտի սուտ է։
Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից՝ բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»,- նշվում էր ՊՆ հերքման մեջ:
168.am-ը գրել էր, որ դեռ հուլիսյան մարտերի օրերին Փաշինյանի իշխանությունը «հրաման էր իջեցրել» ՀՀ ԶՈՒ-ին, Արցախի ՊԲ-ին՝ չթիրախավորել Ադրբեջանի կամ այնտեղի օտարերկրյա ենթակառուցվածքները:
Նույն ժամանակ Ադրբեջանը սպառնում էր հարվածել Մեծամորի ատոմակայանին, այլ հարց է՝ որքանով էր այն իրատեսական:
Իսկ թե որքանով է, ամեն դեպքում, 2020 թվականի պատերազմի ժամանակ հայկական կողմը վնաս հասցրել Ադրբեջանի ռազմական և ռազմավարական օբյեկտներին, և եթե նման բան եղել է, ապա ինչ օբյեկտների մասին է խոսքը, առանձին վերլուծության թեմա է:
Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ հաջորդ «դատական» նիստը նշանակված է հունիսի 5-ին: