
Ալիևի անուղղակի քաղաքական գնահատականը՝ Փաշինյանի պատերազմական գործելաոճին

1988 թվականի այս օրերին Արցախյան շարժումը խեղդելու նպատակով՝ Սումգայիթում (Ադրբեջան) սկսվեցին հայկական եռօրյա ծրագրված ջարդերը (փետրվարի 27-29-ը), իսկ հետո ադրբեջանական իշխանություններն ընտրեցին այլ թիրախներ՝ Գանձակ, Բաքու, Մարաղա և այլն:
Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը փորձեն կերպափոխել Ադրբեջանին և նրա այսօրվա իշխանություններին, ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը չի փոխվել, ինչի ականատեսը եղել ենք 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, 2023 թվականին Արցախում «հակաահաբեկչական օպերացիա» անվանված ցեղասպանական գործողությունների ժամանակ, դրանից հետո, և այսօր՝ հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության շինծու մեղադրանքներով «դատավարության» օրերին, այս ապացույցներն ուղղակի դաջված են Բաքվում պահվող հայ գերիների, գեներալների, քաղաքական և պետական գործիչների դեմքին:
Եվ որքան էլ Ալիևն այսօր «Խոջալուի ցեղասպանության փաստերը» ձեռքին՝ ման գա աշխարհով, որը գրեթե անմիջապես հերքել է ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևը և ոչ միայն, դա չի փրկում Ադրբեջանի դեմքը, եթե անգամ որոշակի ժամանակահատվածում, միջազգային որոշ շրջանակների հնարավոր է լինում խաբել:
Ի դեպ, Ադրբեջանը Ռուսաստանից պահանջում է իրավական գնահատական տալ «Խոջալուի ցեղասպանությանը»՝ նշելով, թե վաղուց ժամանակն է:
Իսկ գրեթե նույն ժամանակահատվածում Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում, որն ադրբեջանցիները կոչում են Խոջալուի շրջանի Բալուջա գյուղ, Իլհամ Ալիևը, ըստ էության, խոստովանել է, որ և՛ 44-օրյա պատերազմը, և՛ 2023 թվականին Արցախում իրականացված «հակաահաբեկչական օպերացիան» եղել են նախապես ծրագրված:
Այս համատեքստում Ալիևն ընդգծել է իր գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակը և ասել, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ բոլոր օպերացիաներն անձամբ է ղեկավարել, և ոչինչ, որ 44-օրյայի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ կարգված Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում էր, թե Ալիևին զեկուցում են կեղծ ինֆորմացիա, որից ոգևորված՝ սեփական բանակի պարտությունը հաղթանակ է ներկայացնում: Նույն բանը հոկտեմբերի վերջին ասում էր նաև Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման, իրենց վերջնական և անշրջելի հաղթանակի մասին լուրին: Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու և այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները»:
Իսկ պատերազմից հետո՝ մոտ 3 տարի առաջ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի նախագահական գրադարանում «Հայրենական պատերազմի պատմությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ Շուշիի գրավման օպերացիայի հետ կապված մի քանի «գաղտնազերծում» էր արել։
«Մենք ամեն առավոտ զեկուցում էինք ռազմական օպերացիայի դետալները: Նախօրեին ես ներկայացրեցի մարտական գործողությունների պլանը, բայց Ադրբեջանի նախագահը մերժեց այն: Նա ասաց, որ չպետք է վնաս հասցնել շենքերին և պատմական հուշարձաններին, և քաղաքը պետք է վերցնել առանց ծանր մարտական տեխնիկայի կիրառման: Եվ նախագահի հանձնարարությամբ, Շուշին «ազատագրվել» է Ադրբեջանի հատուկ ջոկատայինների ուժերով: Երեկոյան մոտավորապես ժամը 20:00-21.00-ի սահմաններում ես զեկուցել եմ երկրի ղեկավարին, որ քաղաքն «ազատագրված» է»,- պատմել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը:
Իսկ հայկական Շուշին, ըստ Ադրբեջանի, գրավվել է նոյեմբերի 8-ին, այսինքն՝ վերևում նշված Շուշիի գրավման պլանն Ալիևը չեղարկել է նոյեմբերի 7-ին:
Միաժամանակ հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում մի ուշագրավ հայտարարություն էր արել.
«Նոյեմբերի 8-ին ես չէի կարող ասել, թե ինչպես կավարտվի պատերազմը, չէի կարող դա ասել լիակատար վստահությամբ: Իհարկե, ես գիտեի, որ ամեն ինչ բերելու է մեր հաղթանակին, բայցև նոյեմբերի 8-ին հնարավոր չէր կանխատեսել՝ երբ և ինչպես դա տեղի կունենա: Իհարկե, նոյեմբերի 8-ին խոշոր իրադարձություն տեղի ունեցավ՝ «ազատագրվեց» Շուշին, բայց, ըստ էության, ռազմավարական տեսանկյունից անիմաստ էր «սեպարատիստների» (չակերտները։- Մ.Պ.) դիմադրելը (8 ноября я не мог сказать точно, чем завершится война, не мог сказать это с полной уверенностью. Конечно, я знал, что это приведет к нашей Победе, но 8 ноября было невозможно предположить, когда и как это случится. Да, 8 ноября произошло очень крупное событие – Шуша была освобождена от оккупации, и по сути сопротивление сепаратистов было бессмысленным со стратегической точки зрения)»:
Իսկ 2025 թվականի փետրվարին Բալուջա անվանվող գյուղում Ալիևը հայտարարել է նաև, որ Արցախյան առաջին պատերազմում հայերի հաղթանակը կամ «ադրբեջանական տարածքների» կորուստն Ադրբեջանի այդ ժամանակվա իշխանության «հանցագործության» հետևանք էր, և եթե նրանք շարունակեին մնալ իշխանության ղեկին, կամ հայր Ալիևը չգար, «պատերազմը չէր կանգնի, և հայերն ավելի շատ տարածքներ «կօկուպացնեին» (չակերտները։- Մ.Պ.):
Որքան էլ սա համարենք սեփական հոր լեգենդացում, այստեղ, թերևս, կա ճշմարտություն, եթե հարցը դիտարկենք զուտ քաղաքական հարթության մեջ և մի կողմ դնենք պատերազմում հայ մարտիկի հերոսությունները:
Կարո՞ղ ենք սա համարել մեսիջ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, և քաղաքական գնահատական՝ ինչու Ադրբեջանը հաղթեց և հայկական կողմը պարտվեց 2020 թվականի պատերազմում:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ալիևն անուղղակի ընդունում է, որ Նիկոլ Փաշինյանը «հանցագործություն է գործել» հայ ժողովրդի նկատմամբ…