Սարդարապատն ուղղված էր թշնամուն, և Սարդարապատի հուշահամալիրն ի սկզբանե ընդդեմ 1918թ. Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնող Թուրքիայի էր. Գեղամ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության տոնի առիթով այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, և նրա ելույթի ժամանակ, բնականաբար, անդրադարձ չի եղել Սարդարապատի ճակատամարտին, հայկական զորքի հերոսական կռվին, հաղթանակին և թուրքական զորքի փախուստին ու պարտությանը:

Փոխարենը՝ նա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության տրամաբանության մեջ դարձյալ հնչեցրել է վտանգավոր բառակույտ, որի իմաստը երևի ինքն էլ երբեմն չի հասկանում, բայց դրանք պետական քաղաքականություն են դառնում: Օրինակ, որ «այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ», որ «մեր պետությունն է մեր ինքնությունը», և այլն:

Այս համատեքստում 168.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց.

«Նիկոլին եթե ասես՝ արի գնանք Արամ Մանուկյանի գերեզման՝ Թոխմախ, չի էլ կարա տանի: Կյանքում անկախության մասին ոչ մի բան չպատկերացրած, սեփական աթոռը պաշտպանելու համար ինքնիշխանությամբ ու անկախությամբ պաշտպանված Ալիևի ծառան բոլոր խոհափիլիսոփայական մտքերը, որ արտաբերում է, լոկ մեկ պատճառ ունի՝ որքան հնարավոր է՝ շատ պաշտպանի իր աթոռը, իր իշխանությունը, իր բարեկեցությունը, որը շատ շուտով ավարտվելու է»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է այսօրվա անվտանգային և աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում Մայիսի 28-ի կամ սարդարապատյան խորհրդին, պատգամավորը նշեց, որ այն իր մեջ հետևյալ պատկերը և մեսիջն ունի. «Սարդարապատն ուղղված էր թշնամուն, և Սարդարապատի հուշահամալիրը, որ կառուցվել է, ամբողջությամբ ուղղված էր ընդդեմ թշնամու՝ 1918 թվականին Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնող Թուրքիայի, և 2020 թվականին Սարդարապատի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի թատերականացված պարգևատրման արարողության ժամանակ անգամ էլի բեմն ու ետնապատկերն ուղղված էր ընդդեմ թշնամու, իսկ այսօր այդ ամբողջի հակառակ պատկերն էր»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության տոնի առթիվ իր ուղերձում, մասնավորապես, նշել էր.

«1918 թվականին այսօրվա Եռաբլուրի տարածքում Արամ Մանուկյանի նախաձեռնությամբ աշխատում էին շուրջ 1500 կին ու տղամարդ, նրանք ամրացնում էին դիրքերը. Եռաբլուրը Երևան քաղաքի պաշտպանական վերջնագիծն էր: Սարդարապատի հաղթական ճակատամարտը զերծ պահեց Երևանը գրավվելուց, իսկ Եռաբլուրը տարիներ անց դարձավ յուրատեսակ ուխտատեղի՝ ոգեկոչելու Արցախի ազատության համար կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը»:

Այս ուղերձից ամիսներ հետո սկսվեցին հուլիսյան մարտերը, որտեղ հայկական կողմը չպարտվեց, եթե չասենք՝ հաղթեց, իսկ 2020թ․ օգոստոսի 28-ին Նիկոլ Փաշինյանը որոշեց հենց Սարդարապատում հուլիսյան մարտերի մասնակիցներին ՀՀ նախագահի հրամանագրով տրվող շքանշանները, այդ թվում՝ Ազգային հերոսի կոչմանն արժանացածներին շնորհվող Հայրենիքի շքանշանը, հանձնել՝ ՀՀ նախագահի բացակայությամբ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 27-ից մեկնել էր արձակուրդ, որի մի մասը նախատեսված էր անցկացնել Հայաստանում, մյուսը՝ արտերկրում:

2020թ․ սեպտեմբերին 21-ին Արմեն Սարգսյանն արդեն ՀՀ-ում էր, և Նիկոլ Փաշինյանը կարող էր չշտապել և ըստ էության ՀՀ նախագահի պարտականություններն իր վրա չվերցնել, բայց նա գնաց դրան:

Արդյո՞ք սա պետական կարևոր՝ նախագահի ինստիտուտի հանդեպ անհարգալից վերաբերմունք չէր, ինչը մտածված էր: Ի վերջո, պետք էր ցույց տալ, որ հուլիսյան մարտերի հաղթանակի «կերտողը» նաև ինքն է, որովհետև համացանցում բոլոր շնորհակալությունները հասցեագրվում էին այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և հատկապես ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովին, որին, իհարկե, այդ օրը հանձնվեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան: Իհարկե, ավելի ուշ այս անձինք տարբեր ժամանակներում և պատճառներով հեռացվեցին բանակից, իսկ հուլիսյան մարտերում ՀՀ զինված ուժերի հաջողությունները փոշիացվեցին:

Հիշեցնենք, որ, թերևս, Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում հուլիսյան պարգևատրման արարողություն կազմակերպել էր այն ժամանակ, երբ այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր՝ «այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան», որում ինքը համոզվել էր և նույնիսկ 2020թ. օգոստոսի 21-ի ԱԽ նիստում խոսել :

Ավելին, գրեթե նույն ժամանակահատվածում թուրք-ադրբեջանական զորավարժություններ էին անցկացվել Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում:

Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 29-ի ֆեյսբուքյան գրառման մեջ Փաշինյանը, թերևս, ակամա խոստովանել էր, որ 2020-ի ամռանը թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ գիտեր՝ պատերազմ է սկսվելու:
«Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում, գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, ե՞րբ ես տարածքները հանձնում»,- գրել էր Փաշինյանը:

Իսկ Սարդարապատի խորհրդի մասին Փաշինյանը հիշել էր նաև 44-օրյա պատերազմի ժամանակ:

«Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքն իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է՝ հաղթանակ: Այդ նպատակի անունն է՝ հաղթանա՛կ: Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում: Ու մենք կհաղթենք: Ու մենք անպայմանորեն կհաղթենք: Ու չկասկածեք՝ մենք անպայմանորեն կհաղթենք»,- նշել էր նա:

Եվ սա այն դեպքում, երբ պատերազմի առաջին օրը հայտարարել էր, և, ըստ էության զգուշացրել՝ «եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի», իսկ վերը նշված ուղերձից օրեր հետո էլ՝ հոկտեմբերի 7-ին, հոկտեմբերի 13-ին ՌԴ նախագահին խնդրել էր ասել՝«ի՞նչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի»: Մինչդեռ պատերազմի 4-րդ օրն անտեսել էր պատերազմը կանգնեցնելու և դրա մասին մտածելու ԳՇ պետի առաջարկը:

Այս ամենը թույլ է տալիս պնդելու՝ Նիկոլ Փաշինյանի «սարդարապատների» բովանդակությունը շինծու է, կեղծ, հիմնված ստի և խաբեության վրա, երբեմն՝ սադրիչ, որտեղ գործարքի տարրեր կան, ուստիև պարտության են տանում:

Փաշինյանի «սարդարապատում» հնարավոր չէ ճակատամարտ հաղթել, անգամ՝ սովորական դիրքային բախում…

Տեսանյութեր

Լրահոս