
Դատախազության քայլերը կախված են մեկ կենտրոնի որոշումից. հայցից պետք է հրաժարվեն. Վահագն Դալլաքյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամների՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործով հերթական դատական նիստը հետաձգվեց՝ ՍԴ վերջին որոշմամբ պայմանավորված։
Դատական նիստի մեկնարկին հանրային մեղադրողը միջնորդեց հետաձգել նիստը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի օրենքի» սահմանադրականության վերաբերյալ որոշման համատեքստում՝ նկատելով, թե դատախազությանը ժամանակ է պետք հասկանալու իրենց հետագա դիրքորոշումը։
Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Վահագն Դալլաքյանը հիշեցրեց՝ ՍԴ որոշումը մեկ ամիս առաջ է եղել:
«Ողջամիտ կլիներ, եթե հայցից հրաժարվեիք, ոչ թե նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացնեիք»,- հավելեց պաշտպանը։
Վահագն Դալլաքյանը ևս միջնորդություն ուներ հայցի առնչությամբ։
Իսկ միջնորդության մեջ փաստաբանը նախ հիշեցրել էր, որ ՍԴ որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետի համաձայն՝ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։
«Սա մի մոտեցում է, որը մենք սույն գործով բազմիցս ներկայացրել ենք և՛ դատարանին, և՛ հայցվորին, այդ թվում՝ իրավասու մարմնի իրականացրած ուսումնասիրության ամփոփագրի վերաբերյալ ներկայացված գրավոր դիրքորոշմամբ, հայցադիմումի պատասխանով, ինչպես նաև հենց այդ՝ ենթադրյալ հանցավոր արարքի և գույքի ձեռքբերման միջև պատճառահետևանքային կապի հարցի վերաբերյալ ներկայացված առանձին գրավոր դիրքորոշմամբ (10.04.2024թ.)։ Ի վերջո, մեր այդ դիրքորոշման իրավաչափությունն ու սահմանադրականությունը հաստատվել են ՍԴ որոշմամբ,- պարզաբանել էր նա և հավելել՝ հայցապահանջը հայցի հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակա է մերժման, քանի որ հայցվորը չի վկայակոչել ենթադրյալ հանցանքի և հայցապահանջում նշված գույքի միջև որևէ կապի մասին փաստ կամ պնդում, ավելին՝ պնդում է, որ նման կապն անհրաժեշտ չէ,- Նման պայմաններում նաև չկա անհրաժեշտություն գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու. նման հարցեր չեն էլ քննարկվել գործի վարույթով»։
Ելնելով այս և մատնանշված այլ հանգամանքներից՝ նա խնդրել էր կիրառել արագացված դատաքննություն՝ հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմքով։
«Մեր գործով ՍԴ որոշման կոնտեքստում հայցն ակնհայտորեն անհիմն է,- դատական նիստից հետո 168․am-ի հարցադրումներին ի պատասխան՝ իր մոտեցումը վերահաստատեց փաստաբանը՝ մանրամասնելով,- տրամաբանական դատավարական քայլը պետք է լիներ հայցից հրաժարումը»։
Անդրադառնալով մեղադրող դատախազի դիտարկմանը, թե պետք է քննարկեն, ընդհանուր որոշում կայացվի՝ ինչպես են շարժվում առաջ, Վահագն Դալլաքյանը նկատեց, որ դա իրականում նշանակում է, որ դատախազության քայլերը կախված են մեկ կենտրոնի որոշումից։
Մանրամասները՝ տեսանյութում