Դատախազը կրկին միջնորդեց Ռուբեն Հայրապետյանի գործով նիստը հետաձգել. հիմա էլ ՍԴ որոշումն էր մեղավոր

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամների՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործով հերթական դատական նիստը:

Նախորդ դատական նիստը սկսվեց նշված ֆայլի բովանդակության վերաբերյալ պաշտպանական կողմի՝ հանրային մեղադրողին ուղղված հարցերով, ինչից հետո պաշտպան Վահագն Դալլաքյանը միջնորդեց տրամադրել իրենց հաշվարկային ֆայլը՝ բանաձևերով: Դատարանը մերժեց միջնորդությունը՝ անհիմն համարելով այն:

Այնուհետև Վահագն Դալլաքյանն անդրադարձավ «Հայէկոնոմբանկից» տրված կեղծ տեղեկանքին, որի հետևանքով բավականին լուրջ գույքի ու եկամտի բռնագանձման խնդիր դարձել է ներկայացված հայցի առարկա:
«Ի՞նչ հիմքով եք «Հայէկոնոմբանկից» տված կեղծ քաղվածքի հիման վրա հայց ներկայացրել»,- հարցրեց Վահագն Դալլաքյանը դատախազին: Հանրային մեղադրողի պատասխաններն անորոշ էին:

Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը նաև բացարկի միջնորդություն հայտնեց նախագահող դատավոր Կարապետ Բադալյանին:

Կարդացեք նաև

Նա թվարկեց հանգամանքներ, որոնց հիմքով՝ դատավորի մոտ կարող է ձևավորված լինել բացասական վերաբերմունք Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ:

Պարզվեց՝ ժամանակին Ռուբեն Հայրապետյանն ու Կարապետ Բադալյանի զոքանչը՝ Հրանուշ Խառատյանը, դատական վեճ են ունեցել, և այդ քաղաքացիական վեճի ժամանակ Հրանուշ Խառատյանի ներկայացուցիչը եղել է այսօր արդեն այս գործով նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը, և էմոցիոնալ ֆոնը կարող է ազդել դատավորի անաչառության վրա:

Դատավոր Կարապետ Բադալյանը մերժեց բացարկի միջնորդությունը՝ կրկին վկայաբերելով իրավունքի չարաշահման հանգամանքը:

Այսօրվա դատական նիստի մեկնարկին հանրային մեղադրողը միջնորդեց հետաձգել նիստը՝ կապված Սահմանադրական դատարանի (ՍԴ)՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի օրենքի» սահմանադրականության վերաբերյալ որոշման հետ: Դատախազությանը, պարզվեց, ժամանակ է պետք՝ հասկանալու իրենց հետագա մարտավարության նրբությունները:

Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Վահագն Դալլաքյանն ասաց՝ ՍԴ որոշումը մեկ ամիս առաջ է եղել:

«Ողջամիտ կլիներ, եթե հայցից հրաժարվեիք, ոչ թե նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացնեիք»,- ասաց Վահագն Դալլաքյանը:

Մյուս պաշտպանը՝ Ամրամ Մակինյանն էլ ասաց՝ տարիներ շարունակ Ռուբեն Հայրապետյանի գույքը կալանքի տակ է, սեփականատերը կրում է վնասներ, ու հիմա հանրային մեղադրողն էլի ժամանակ է խնդրում:

Ռուբեն Հայրապետյանի պաշտպանության կողմն առարկություն ուներ նիստը հետաձգելու հետ կապված:
«Հայցից հրաժարվելու մասին գլխավոր դատախազությունում այս պահին համենայն դեպս քննարկում չկա: Դատախազությունը միասնական համակարգ է: Էս պահի դրությամբ ես անգամ դիրքորոշում չեմ կարող հայտնել ՍԴ որոշման վերաբերյալ: Իսկ հայցից հրաժարվելու մասին կարող ենք խոսել միայն քննարկումից հետո»,- ասաց հանրային մեղադրողը:

Վերջինս կրկին պնդեց՝ իրավասու մարմինը, այսինքն՝ գլխավոր դատախազությունը, պետք է դիրքորոշում հայտնի ՍԴ որոշման մասին:

Վահագն Դալլաքյանը միջնորդություն ուներ, և այն վերաբերում էր հայցին:

«Ակնհայտ է, որ կա արագացված դատավարություն կիրառելու հիմք, օրենքն էլ թույլ է տալիս այն կիրառել: Մեծածավալ գույքեր, դրամական միջոցներ, տևական ժամանակ է՝ գտնվում են կալանքի տակ, և այս պայմաններում, երբ հայցն ակնհայտորեն անհիմն է, անհրաժեշտություն է առաջանում այդ հարցը լուծել»,- ասաց Վահագն Դալլաքյանը: Ամրամ Մակինյանը միացավ միջնորդությանը:

Դատարանը ժամանակ խնդրեց՝ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով:
Գործի քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով, ըստ դատավոր Կարապետ Բադալյանի, անհրաժեշտ է հետաձգել նիստը: Հանրային մեղադրողը խնդրեց հետաձգել մեկ ամսով, Ռուբեն Հայրապետյանի պաշտպանները դեմ էին:

Նիստը հետաձգվեց: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 1-ին՝ ժամը 14:00-ին:

Հիշեցնենք, դատախազությունը պահանջում է Ռուբեն Հայրապետյանից և Նարինե Հայրապետյանից՝ հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ բռնագանձել ՝ Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող հողամասն ամբողջությամբ, Առինջում գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ, Սևանում գտնվող հողամասն ամբողջությամբ, ինչպես նաև՝ «Լեքսուս» ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ գույքերի միջին շուկայական արժեքը։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է Ռաֆիկ և Մարիամ Հայրապետյաններից բռնագանձել ավտոմեքենան, «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ում 2021թ. հոկտեմբերին ներդրված 6 մլն 897 հազ․ 30 ՀՀ դրամ չափով արժույթն ամբողջությամբ, նույն ՓԲԸ-ում 2020թ. սեպտեմբերի 25-ին ներդրված և 2021թ. սեպտեմբերի 22-ին ներդրված 6674 ԱՄՆ դոլարի չափով ավանդն ամբողջությամբ, ինչպես նաև՝ Յունիբանկում 2021թ. սեպտեմբերի 22-ին ներդրված 1 մլն 523 հազ․ 641 ՀՀ դրամի չափով ավանդն ամբողջությամբ։

Այնուհետև, ըստ դատախազի, Ռաֆիկ Հայրապետյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ բռնագանձման է ենթակա Երևանի Ավան թաղամասի շենքերից մեկում ոչ բնակելի տարածքն ամբողջությամբ, Ավանում բնակելի տունն ամբողջությամբ, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև՝ «Սպորտ Ռեզորթ», «Ռոյալ Քլաբ», «Սևան Ռեզորթ», «Հարսնաքար», «Նորալուսին» ընկերությունների մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ միջին արժեքը։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ 65181 բաժնետոմսերից 8526 ապօրինի բաժնետոմսերը և 153433 հասարակ բաժնետոմսերից 45430 ապօրինի բաժնետոմսերը, այնուհետև, «Հարսնաքար» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 70 մլն 600 հազ 496 ՀՀ դրամ չվերադարձված մասից 57 մլն 58 հազ 104 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Նորալուսին» ընկերությանը տրամադրված փոխառության 43 մլն 710 հազ․ 903 ՀՀ դրամ չվերադարձված մասից՝ 5 մլն 898 հազ․ 520 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Ռոյալ Քլաբ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 3 մլն 394 հազ․ 375 ՀՀ դրամ չվերադարձված մասից 96 հազ. 375 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Սևան Ռեզորթ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 88 մլն 318 հազ․ 393 ՀՀ դրամ չվերադարձված մասից 74 մլն 119 հազ․ 266 դրամի պահանջի իրավունքը, «Բյուրեղ» ՓԲԸ-ին տրամադրված փոխառության 97 մլն 702 հազ. 500 դրամ չվերադարձված մասից 83 մլն 568 հազ. 580 դրամի պահանջի իրավունքը, «Արագած» ԲԿ-ին տրամադրված փոխառության 199 մլն 74 հազ․ 606 չվերադարձված մասից 193 մլն 829 հազ․ 510 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ չվերադարձված ապօրինի մասի չափի գումար։ Դատախազությունը նաև պահանջում է բռնագանձել բաժնետոմսեր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս