Իշխանությունը վերացնում է հայրենիքը պաշտպանելու գաղափարական հենքը. Տիգրան Աբրահամյան

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստը բառացի սկսվելուց րոպեներ առաջ հետաձգվեց, կարծում եմ՝ եղել է պարզ տեխնիկական հաշվարկ, որ ընդդիմությունը ներկայացված է հանձնաժողովում ավելի շատ պատգամավորներով, այդ նախագիծը որևէ պարագայում չէր կարող ստանալ դրական եզրակացություն։ Այդ պատճառով իրենք իրենց ձեռքով տապալեցին»,- այս մասին Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծի մասին, որը վերաբերում է այլընտրանքային զինվորական ծառայությանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ Պաշտպանության նախարարն էր եկել Խորհրդարան, ուստի վերջին պահին միայն տեխնիկական հաշվարկն է բերել այդ իրավիճակին։
«Եթե նույնիսկ դիտարկենք վերջին 3 տասնամյակում Զինված ուժերում տեղի ունեցող գործընթացները, ապա 90-ականներից սկսած՝ հայրենիքի պաշտպանությունն իր մեջ ներառել է առաջին հերթին գաղափարական պայքար, հայրենիքի նկատմամբ անձնազոհություն ու նվիրվածություն։ Բայց երբ դու ոչնչացնում ես գաղափարական ֆունդամենտը և փորձում ես իրավիճակը դիտարկել բացառապես սոցիալական կամ ֆինանսական դաշտում, ապա ակնհայտորեն ինչ նախագիծ էլ բերես, տապալվելու է։

Իշխանությունը բարձր մակարդակով հերոս հռչակեց հարկ վճարողին, այսինքն՝ մարդը, որը պատրաստ է կյանքը տալ հայրենիքին, փաստորեն ոչ միայն բերեց հավասարեցրեց այլ մասնագիտությունների, այլև դարձավ երկրորդական գործոն։ Այսինքն՝ այս հիմնական դրդապատճառները, որոնք ազդում են մարդկանց զինվորական մասնագիտություն ընտրելուն, փաստորեն ամբողջովին ոչնչացվեցին»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, մեկ ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում պետբյուջե վճարել 24 մլն դրամ, 6 ամսվա դեպքում՝ 5 մլն դրամ:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս