
Ինչո՞ւ թյուրքական պետությունները Բուդապեշտում քննարկեցին Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Մայիսի 21-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցավ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցեցին նաև Ղազախստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Գագաթնաժողովից հետո ստորագրվեց ամփոփիչ հռչակագիր՝ բաղկացած 71 կետից:
Եզրափակելով՝ անդամ պետությունների ղեկավարներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև Հունգարիայի ժողովրդին և կառավարությանը՝ ջերմ ընդունելության համար։ Հռչակագիրը ստորագրվել է ադրբեջաներեն, ղազախերեն, ղրղըզերեն, թուրքերեն և ուզբեկերեն լեզուներով։ Հունգարիան այս կազմակերպությունում զբաղեցնում է դիտորդ երկրի կարգավիճակ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ելույթ ունենալով Հունգարիայում անցկացվող ոչ պաշտոնական գագաթնաժողովին, անդրադարձել էր Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, տարածաշրջանը որակելով ռազմավարական կարևորություն ունեցող: «Մեր թյուրքական աշխարհի համար ռազմավարական կարևորություն ունեցող Կովկասում ընթացող զարգացումներին ուշադիր հետևում ենք»,- նշել էր Էրդողանը:
Բացի այդ, նա գոհունակություն էր հայտնել, որ Ադրբեջանը համաձայնության է եկել իբրև թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցում։
«Եթե հնարավոր լինի երկու երկրների միջև մնայուն խաղաղություն հաստատել, իրավիճակն անկասկած իր հետ բազմաթիվ հնարավորություններ է բերելու մեր թյուրքական աշխարհի համար»,- հավելել էր նա:
Գտնվելով Հունգարիայում՝ Ալիևը ուղերձ էր հղել «Արևմտյան Ադրբեջան վերադարձը որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» կոչվող համաժողովի մասնակիցներին, հնչեցնելով պահանջներ ՀՀ իշխանություններին:
Ըստ նրա, պաշտոնական Երևանը պետք է հստակորեն ասի, թե երբ են ադրբեջանցիները վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր, վերադարձից հետո էլ ինչպես է ապահովվելու նրանց անվտանգությունը:
«Թյուրքական ժողովուրդների հանդեպ հայ հանրության ներսում խորապես արմատավորված ատելությունը, «Մեծ Հայաստանի» մասին երազանքները, այդ երկրի Սահմանադրության տեքստում Ադրբեջանին և Թուրքիային ուղղված տարածքային պահանջների առկայությունը, ինչպես նաև արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ժխտումը, ցավոք սրտի, խոչընդոտում են խաղաղության հաստատմանը»,- հայտարարել էր Ալիևը:
Նրա պնդմամբ՝ Հայաստանը, հարևան երկրներին ուղղված տարածքային պահանջներից հրաժարվելուց բացի, պետք է նաև քայլեր ձեռնարկի «ադրբեջանական հազարամյա մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ, թույլատրի այդ հարցով զբաղվող UNESCO-ի դիտորդական առաքելության գործունեությունը»։ Սա, ըստ էության, հաջորդել էր Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Փաշինյան-Ալիև-Էրդողան շփումներին ու Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
Ուշագրավ է նաև, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը:
«Թուրքիան գոհ է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունից»,- նշվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ամփոփիչ հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԽ նիստը վարել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս կազմակերպությունը ու դրանում ներառված երկրների միջև համագործակցությունը խորացնելը, այդ երկրների ազդեցությունը տարածելը Թուրքիայի ներկայիս իշխանության արտաքին քաղաքական առանցքային նպատակներից է:
Ուստի, նրա խոսքով, պատահական չէ, որ այս կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում քննարկվում է Հայաստան-Ադրբեջան կարգավորումը, քանի որ Հայաստանը, Հարավային Կովկասը պատմականորեն կարևոր հանգույց է թյուրքախոս երկրների ու նրանց ապագա ծրագրերի իրագործման շրջանակում: Հետևաբար, ըստ նրա, այս երկրները քննարկում են, թե երբ կլինի կարգավորում, երբ կբացվեն ճանապարհները, և երբ Թուրքիան կմիավորվի Ադրբեջանի հետ ինչ-որ ճանապարհներով նաև այս հատվածում:
«Հայաստանը ու Հայաստանի հետ հարաբերությունների բնույթը թյուրքական երկու երկրներում ընկալվել է՝ որպես սեպ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, ուստի սա նրանց համար կարևոր հանգրվան է, հատկապես, երբ ՀՀ իշխանությունները շահագրգռված են այդ կարգավորմամբ և պատմական ու տարածքային հարցեր չեն բարձրացնում, ավելին, խոսում են ներկայի, իրական Հայաստանի վրա կենտրոնանալու մասին, ինչը ևս ուղերձ է այն մասին, որ Հայաստանը «մոռացել է» իր պատմական պահանջատիրության մասին ու կենտրոնացել միմիայն ներկայիս սահմանների վրա:
Բայց, ինչպես տեսնում ենք, նույնիսկ այդ ամենը չի ստեղծում բավարար հնարավորություն ստորագրելու համաձայնագիր, քանի որ ադրբեջանական կողմը նորանոր պահանջներ է դնում սեղանին, դրանք անընդհատ ավելանում են: Խոսվում էր երկու պահանջի մասին, սակայն սրա հետ մեկտեղ՝ պահանջ կա ադրբեջանցիների իբրև թե վերադարձի գործընթացի ու նաև անխոչընդոտ ճանապարհի:
ՀՀ իշխանությունները վերջին երկու հարցերը անջատել են համաձայնագրից, սակայն Ադրբեջանը հարցին մոտենում է փաթեթով, որն անորոշ է դարձնում Խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարը»,- ասաց վերլուծաբանը:
Ուստի, ըստ նրա, թեման կարևոր է ոչ միայն Ադրբեջանի, Թուրքիայի, այնպես էլ թյուրքական աշխարհ կոչվածի համար, որոնք առաջ են մղում Միջին միջանցք պրոյեկտը որոշ արևմտյան կենտրոնների դրդմամբ:
«Ուստի Էրդողանն իր ելույթում բնականորեն խոսեց Հարավային Կովկասի ու Հայաստանի մասին, որոնք առանցքային են այս կազմակերպության անդամ երկրների ծրագրերի տեսանկյունից: Թուրքիայի ԱԽ նիստում ևս հարցի ներառումը պատահական չէ, քանի որ Թուրքիան, կարծում եմ, ակնկալում է այնուամենայնիվ, որ համաձայնագիրը շուտ կստորագրվի, ուստի նրանք քննարկումներով պատրաստվում են փոփոխությունների ռեգիոնում»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին: