Երբ հայրենասիրությունը փորձում են գնել. ՔՊ-ականի առաջարկած օրինագիծը հակասում է Սահմանադրությանը. գնդակը ՊՆ դաշտում է

Մայիսի 12-ին իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն ասուլիս էր հրավիրել ՝ ներկայացնելու իր կողմից շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայության ոլորտի բարեփոխումներին։

Մասնավորապես, առաջարկվում են հետևյալ խստացնող և խրախուսող կարգավորումները՝

– Որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության,

– ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարի,

Կարդացեք նաև

– մինչև 18 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ,

– քրեականացնել փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը կամ խուսափելը կամ հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելը կամ խուսափելը,

– ֆինանսական միջոցներ ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների դրամական ապահովության չափերի բարձրացմանը, որն այժմ կազմում է ամսական 3400 դրամ,

-կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին (ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն, ծառայել 6 ամիս և պետական բյուջե վճարել 15 մլն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 մլն դրամ), այսօր նման հնարավորություն ունեն 27 տարին լրացածները և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք,

– խրախուսել արական սեռի անձանց ստանալ ՀՀ քաղաքացիություն մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքի լրանալը՝ տալով հնարավորություն ծառայել կրճատված ժամկետով կամ ծառայության անցնելու փոխարեն վճարել սահմանված չափով գումար։

Հայկ Սարգսյանի շրջանառության մեջ դրած օրենսդրական փաթեթը հակասում է Սահմանադրությանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Հայկ Սարգսյանից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարարությունը գրավոր իր դիրքորոշումը հայտնել է, ինչին իշխանական պատգամավորը պատասխանել էր.

«Կառավարության բոլոր անդամների կարծիքները կան, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության: Բայց ավելի լավ է, թող իրենք ներկայացնեն: Ընդհանուր առմամբ, դրական է կառավարությունը…»:

Թե ինչ դիրքորոշում ունի, ըստ էության, փողով բանակից ազատվելու օրինական հնարավորություն ստեղծող այս գաղափարի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, առաջիկայում պարզ կդառնա:

ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը ներկայացրել, էր իրավական փորձաքննության արդյունքները, որտեղ նշվում է, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության մի քանի հոդվածների տեսանկյունից: Եկել են այն եզրահանգման, որ օրենսդրական փաթեթը ենթակա է լրամշակման և լրացուցիչ հիմնավորման:

Երբ փորձ է արվում հայրենասիրությունը գնել…

Այս համատեքստում մի քանի այլ փաստ հիշեցնենք՝ ըստ ժամանակագրության:

Փաստ առաջին

2023թ. Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ էր դրել  օրենքի նախագիծ, որով հնարավորություն էր տրվելու 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Այսինքն, զինվորական ծառայության անցնել կամ կրճատված ժամկետով ծառայել՝ ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։

Ի դեպ, այդ ժամանակ ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչությունը ևս մի շարք խնդրահարույց կետեր էր գտել առաջարկված նախագծում, այդ թվում՝ Սահմանադրության հետ կապված:

Իր հերթին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը լրատվամիջոցներին ասել էր, որ «եկող սերունդների համար կարող է ստեղծվել իրավիճակ, որ հայրենասիրությունը կարելի է գնել, որովհետև էդ մարդիկ կասեն՝ ինչ-որ պիտի կատարեինք, կատարել ենք»:

168.am-ի հետ զրույցում էլ  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն օրենսդրական նախաձեռնությունը համարել էր բարոյազուրկ և անընդունելի:

«Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից խուսափելը պետական իշխանության կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ են, որոնց համար սահմանված է 2 տարուց սկսած ազատազրկման ձևով պատիժ, իսկ որոշ դեպքերում առավելագույն պատիժը կարող է հասնել մինչև 12 տարի: Քրեական օրենսգրքով վերոհիշյալ` կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլուխը նախատեսում է մոտ 20 հոդված:

Եթե առաջնորդվում ենք նման տրամաբանությամբ, ապա ինչո՞ւ չի առաջարկվում այդ հոդվածներով բոլոր քրեական գործերը կարճել կամ վարույթները դադարեցնել 15 մլն դրամի դիմաց: Իսկ լավագույն տարբերակը, կարծում եմ, կլիներ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված համընդհանուր համաներման գործիքակազմի կիրառումը»:

Բայց այս իրողությունը չի խանգարել, որ ՔՊ-ական պատգամավորի նշված օրենսդրական նախաձեռնությունը գործնականում դառնա կիրառելի: Վերջերս «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար:

Այստեղ, թերևս, հարկ է հետ գնալ 2017 թվական և հիշեցնել, որ 2017-ի նոյեմբերին ՀՀ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի լրամշակված տարբերակին, որի համաձայն՝ զինծառայությունից խուսափածները քրեական հետապնդումից պետք է ազատվեին ամեն զորակոչի համար 200.000 դրամի դիմաց՝ նախկին 100.000 դրամի փոխարեն:

Իսկ ի սկզբանե ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկել էր յուրաքանչյուր զորակոչի դիմաց սահմանել 500 հազար դրամի չափով տույժ։

Միաժամանակ, «Շանթ» Հ/Ը-ին տված հարցազրույցում այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր , որ ծառայությունից խուսափած անձանց տույժի դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրենքը, ըստ էության, հայրենիքից դեպի սփյուռք մղելու օրենսդրություն է:

«Մեր ընդդիմախոսների հիմնական փաստարկն այն է, թե ի՞նչ է եղել, թող չծառայողը երկու պայմանագրայինի գումար վճարի, այդ գումարով երկու հոգի ծառայեն, և այդպես ավելի արդյունավետ կլինի: Այդ համակարգի ոչ արդար և անարդյունավետ լինելու մասին ես խոսել եմ, բայց խնդիրն այլ է: Հենց այդ պահին էր, որ ես ասացի՝ դե եկե՛ք՝ գումարը դարձնենք ինը միլիոն դրամ, որովհետև մոտավորապես այդքան է կազմում երկու պայմանագրային զինծառայողի ծառայության գումարը: Եվ միանգամից սկսվեց աղմուկը, թե հիմա էլ պաշտպանության նախարարը որոշել է այս գումարը բարձրացնել։ Մենք միանգամից ասացինք, որ իրականում ոչ այդ գումարն ենք ուզում, ոչ էլ այն գումարը, որ այսօր կա, որ դա չի լուծում այն խնդիրը, որը պետք է լուծի»,– մանրամասնել էր Վիգեն Սարգսյանը:

Հակադարձմանը, թե՝ այսինքն՝ կա՛մ թող փախած մնա՞ն, կա՛մ թող գան և դատվե՞ն, Պաշտպանության նախկին նախարարը պատասխանել էր՝ թող գան և ծառայեն:

«Դա շատ ավելի պատվաբեր է, քան և՛ փախած մնալը, և՛ դատվելը»,– ընդգծել էր Սարգսյանը:

Իսկ 2017-ին ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Պաշտպանության նախարարից հետաքրքրվել էր, թե ինչ մոտեցում ունի Վիգեն Սարգսյանը հարցի վերաբերյալ, որ 27 տարին լրացած և օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են տուգանք վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից, ինչին Վիգեն Սարգսյանը պատասխանել էր.

«Ես դեմ եմ այդ օրենքին, առիթ ունեցել եմ խոսելու կառավարությունում և այս դահլիճում՝ իմ մոտեցումները չեն փոխվել։ Կարծում եմ, որ չի կարելի գումարով ազատվել սահմանադրական պարտավորություններից։ Կարծում եմ, որ չի կարելի, անընդունելի է, որ փող ունեցողը կարող է չծառայել, իսկ ով փող չունի, անապահով է, գնա ու առաջնագծում ծառայի»:

Հավելենք, որ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի իրավապահ մարմինների հետախուզության մեջ էր 12698 մարդ: Նրանցից 10741 հոգին հետախուզվում էր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու հատկանիշներով:

Ի դեպ, իշխանափոխությունից հետո 2018թ. հունիսին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համաձայնել էր Վիգեն Սարգսյանի այն տեսակետի հետ, որ որոշակի տարիքից հետո բանակից խուսափելու և դրա համար գումար վճարելու գործընթացը պետք է կանգնի։

Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ նախկինում ընդամենը փորձել են զինծառայությունից խուսափած հետախուզվողներին հնարավորություն տալ վերադառնալ հայրենիք, բայց փողով բանակից ազատվելու համակարգ չպետք է ստեղծվեր:

Փաստ երկրորդ

2019-ին էլ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծ էր շրջանառվել, որով քաղաքացին 10 մլն դրամ վճարելով՝ կարող էր 1 ամիս ժամկետով արագացված ծառայություն անցնել: Այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեմ էր արտահայտվել: Մասնավորապես, պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշել էր, որ Սարգսյանի առաջարկածն իրենց համար անընդունելի է:

 

«Զորակոչվելուց հետո ցանկացած զինծառայող անցնում է առնվազն 5 ամսվա ուսումնական փուլ, մինչև դա չանցնի, չի կարող անցնել իսկական զինվորական պարտականությունները կատարելուն, չի կարող ներգրավվել մարտական հերթապահությանը: Որևէ հիմնավորում չունի 1 ամսվա մեջ ծառայություն իրականացնելը»,- հիմնավորել էր նա:

Այդ ժամանակ ԳՇ պետ Արտակ Դավթյանը ևս դեմ էր արտահայտվել փողով բանակից ազատվելուն կամ արագացված կարգով ծառայելուն.

«Վատ եմ վերաբերվում այդ նախագծին: Մեր հասարակությունում կան անձինք, ովքեր ուղղակի կծախեն իրենց տները և այդ 10 միլիոն դրամը կտան: Մոտեցման տեսանկյունից գտնում եմ, որ ճիշտ չէ: Ես ուզում եմ, որ բոլորը ծառայեն՝ դա շատ մեծ գրավական է»,- շեշտել էր գեներալը:

Իսկ հիմա, ինչպես ասում են՝ գնդակը Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարության դաշտում է, հատկապես, որ առաջարկվող փոփոխություններով ոչ բանակի մարտունակության հարց են լուծելու, ոչ էլ մարդկային ռեսուրսի խնդիր, ոչ էլ, առավելևս, գրավչության: Չմոռանանք, որ նպատակ կա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու, և ոչինչ, որ 2024 թվականի աշնանը ՀՀ պաշտպանության նախարարն ԱԺ ամբիոնից հայտարարել էր՝  «Զինծառայության ժամկետի կրճատման կարող ենք գնալ, բայց պետք է հաշվի առնենք անվտանգային իրավիճակը»: Ասել, որ այսօր ունենք ոչ ռիսկային անվտանգային իրավիճակ, այդպես չէ, այլապես իշխանությունները չէին 25-օրյա վարժանքից խուսափելու դեպքում խստացումներ չէին նախատեսի: Ավելին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին վերաբերող հոդվածում չէին ավելացնի հետևյալ ձևակերպումը՝ «…ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավելու նպատակով»: Այլ հարց է՝ որ 25-օրյա վարժական հավաքի մասնակցին մարտական հերթապահության տանել պետք է ոչ թե միշտ, այլ՝ ըստ անհրաժեշտության, և դա պետք է հիմնավորվի:

Իսկ գլոբալ առումով ունենք մի իրավիճակ, երբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, բայց դրանց առկայությունը բացարձակ չի վկայում պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին, մեծ հաշվով, ինչի մասին իշխանափոխությունից հետո խոսում է Փաշինյանի իշխանությունը, եթե չասենք՝ դրանք վնասում են բանակի արդյունավետ գործունեությանը, որից մեկն էլ այսօրվա տեսքով ատեստացիայի համակարգն է, որի «վնասներին» առաջիկայում կանդրադառնանք:

Տեսանյութեր

Լրահոս