Բաժիններ՝

25-օրյա հավաքների շրջանակում քաղաքացիները դառնալու են քրեական և վարչական հետապնդման զոհ. օրենքի գործադրման համար տեխնիկական լուծում տրված չէ. Գեղամ Մանուկյան

Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքում, ռազմական ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում են կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը և ռազմական ոստիկանության լիազորությունների շրջանակը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը:

Օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում վարժական հավաքից խուսափելը պատժվում է տուգանքով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Եթե խուսափումն իրականացվել է մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթղթեր կեղծելու միջոցով, ապա պատիժը կարող է հասնել 2-5 տարվա ազատազրկման։

Պաշտպանության նախարարությունում վստահ են, որ այս խստացումը կնվազեցնի վարժական հավաքից խուսափելու դեպքերը։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ շրջանառության մեջ դրված նախագծի շուրջ աշխատանքային քննարկում են ունեցել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, որտեղ մի քանի խնդիրներ են բարձրաձայնվել 25-օրյա վարժական հավաքների հետ կապված:

«Վարժական հավաքներից խուսափելու շրջանակներում վերջերս ԱԺ կողմից ընդունված որոշամբ, որին մենք դեմ ենք քվեարկել, azdarar.am-ում տեղադրված ծանուցումն արդեն համարվում է, որ քաղաքացուն ծանուցել են, և եթե դրանից հետո քաղաքացին չի ներկայանում, համարվում է վարժական հավաքից խուսափում: Իսկ azdarar.am-ում ուղղակի խայտառակ տեխնիկական խնդիրներ կան, և քաղաքացիների մեծ մասը պարզապես չի կարող իր անուն-ազգանունը գտնել այնտեղ: Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ընդունել է, որ կա նման խնդիր:

Եվ ի՞նչ է ստացվում՝ ԱԺ-ում բերեցին, օրենքը շըփ-թըփ ընդունեցին, բայց այդ օրենքի գործադրման համար որևէ տեխնիկական լուծում չեն տվել: Եվ քաղաքացիներն այդ առումով դառնալու են քրեական և վարչական հետապնդման զոհ»,- ասաց պատգամավորը:

Հավելենք, որ չնայած առկա բացերին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 25-օրյա վարժական հավաքների մոդելը հաջողված է համարում:

Իսկ պահեստազորայինների վարժական հաջորդ հավաքը նախատեսված է 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ:

Տեսանյութեր

Լրահոս