Բաժիններ՝

Այս պահին փակագծեր չեմ ուզում բացել, բայց գնալու ենք պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու ճանապարհով. Հայկ Սարգսյան

Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու իր կողմից շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայության ոլորտի բարեփոխումներին։

Իսկ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների նպատակը, ըստ պատգամավորի, սրանք են՝

– զորակոչվողների թվի ավելացում,

– զինվորական ծառայության գրավչության բարձրացում,

Կարդացեք նաև

– արտագաղթի կանխարգելում,

ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատում,

– զորակոչից խուսափման դեմ կանխարգելիչ մեխանիզմների ներդրում, ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերի քրեականացում:

Ի՞նչ խստացնող և խրախուսող կարգավորումներ են խոստանում իշխանությունները:

– Որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության,

– ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարի,

– մինչև 18 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ,

– քրեականացնել փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը կամ խուսափելը կամ հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելը կամ խուսափելը,

– ֆինանսական միջոցներ ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների դրամական ապահովության չափերի բարձրացմանը, որն այժմ կազմում է ամսական 3400 դրամ,

-կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին (ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն, ծառայել 6 ամիս և պետական բյուջե վճարել 15 մլն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 մլն դրամ), այսօր նման հնարավորություն ունեն 27 տարին լրացածները և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք,

– խրախուսել արական սեռի անձանց ստանալ ՀՀ քաղաքացիություն մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքի լրանալը՝ տալով հնարավորություն ծառայել կրճատված ժամկետով կամ ծառայության անցնելու փոխարեն վճարել սահմանված չափով գումար։

Նման օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն, ըստ Հայկ Սարգսյանի, կա, եթե հաշվի ենք առնում, որ մինչև 18 տարին լրանալն արական սեռի անձինք հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից:

«2020-2024 թվականներին մինչև 18 տարեկան արական սեռի 8 721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից: Սա մոտավորապես 2 զորակոչի ընթացքում բանակ զորակոչվածների թվին մոտ թիվ է: Երկրորդ, մեկնում են ՀՀ-ից բուժման, ուսման կամ այլ նպատակով և մինչև 27 կամ 37 տարեկանը լրանալը չեն վերադառնում: Նշեմ, որ 37 տարին դա վաղեմության անցնելու տարիքն է»,- մանրամասնել է պատգամավորը՝ շարունակելով, որ վերջին 5 տարվա ընթացքում շուրջ 42.000 արական սեռի անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն, և նրանց ընդամենը 7 տոկոսը կամ 3000-ն են դա արել մինչև 27 տարին լրանալը:

168.amգրել է, որ 2024 թվականի նոյեմբերին ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է զորակոչի խնդիրներին և հայտարարել.

«Զորակոչը շարունակում է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներից մեկը հանդիսանալ, մենք սրա մասին պիտի բարձրաձայն խոսենք։ Մի երևույթ կա, երբ ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի չծառայի։ Այս առումով պետք է լյուստրացիա սկսենք մեր շրջապատում, դիմել եմ նաև վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում: Իմ կարծիքով, պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի, հարազատների զավակները հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից: Այդ երևույթը կա, ցավալի ցուցանիշներ կարող ենք արձանագրել: Պետք է մենք բարոյական հենքի վրա մեզ հետ առերեսվենք, և ինձ համար վատ տենդենցի դեմը վերջապես առնենք»:

Այնպես որ՝ զորակոչի և ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու հետ կապված լյուստրացիայի անհրաժեշտություն և լայն դաշտ կա:

Իսկ հրավիրած ասուլիսին ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը նշել է, որ գնալու են նաև պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու ճանապարհով:

«Ինչ վերաբերում է ծառայության 2 տարին 1.5 տարի դարձնելուն, դա կառավարության ծրագրի մեջ է մտնում: Պաշտպանության նախարարի հետ ես խոսել եմ, և ցանկանում էի, որ այդ փոփոխությունն այս փաթեթի շրջանակում լինի, բայց սրան կանդրադառնանք աշնանը կամ եկող տարի գարնանը: Այս պահին փակագծեր չեմ ուզում բացել, բայց գնալու ենք այդ ճանապարհով»,- շեշտել է նա:

Նշենք, որ անցած տարի Սուրեն Պապիկյանը ծառայության ժամկետը կրճատել-չկրճատելու հարցն անվտանգային խնդիր էր համարել:

Տեսանյութեր

Լրահոս