
Ինձ մի՛ ներվայնացրեք, շտապօգնության մեքենա կանչեք, թող ինձ տանեն հիվանդանոց. անընդհատ նույն հարցերն եք տալիս, մեղադրում եք. Աշոտյանի գործով վկայի ինքնազգացողությունը վատացավ դատախազի կրկնվող հարցերից
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում էՀայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին, ինչպես վերջին ժամանակահատվածում առհասարակ, շարունակվում էր վկաների հացաքննության փուլը:
Այսօրվա դատական նիստին շարունակվեց մեղադրանքի կողմի վկա, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Իրինա Մալխասյանի հարցաքննությունը։
Մեղադրող դատախազըհստակեցրեց պանսիոնատ ձեռքբերելուն առնչվող նիստերի վերաբերյալ մի քանի դրվագներ։
Դատախազ Դոլինյանի հարցին՝ «Նույն իմա՞ստն ունեն», Իրինա Մալխասյանը պատասխանեց՝ «Իմ հիշողության մեջ չի տպավորվել, որ նման հարց է քննարկվել», իսկ նախաքննական ցուցմունքի՝ «ես հաստատապես հիշում եմ` չի քննարկվել»ձևակերպումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ցանկացավ նույն միտքը ռուսերենով արտաբերել` հստակեցնելու համար։
Ռուսերեն փորձից հետո վկան հավելեց` առաջին նիստից հիշում է միայն Աշոտյանի ընտրության դրվագը։ Դատավորն ընթերցեց վկայի ցուցմունքից մի հատված, որտեղ նա պնդում էր` հաստատապես չի քննարկվել նման հարց` նկատելով, որ այդ ձևակերպումն իրողությունների ընթացքը փոխում է։ Ի պատասխան` Իրինա Մալխասյանը նշեց` այսօր հակված է ասել, որ չի տպավորվել այդ փաստն իր հիշողության մեջ։
Հաջորդիվ դատախազի կողմից այլ հստակեցումների պահանջին ի պատասխան` պաշտպանական կողմի փաստաբանները նշեցին, որ նույն հարցն է հնչեցվում, իսկ վկան մի քանի անգամ նշել է՝ չի տպավորվել։
Դատավորն ընդունեց այս առարկությունները` նկատելով, որ խոսքը տասը տարի առաջ կատարվածի մասին է, հետևաբար՝ մաթեմատիկական ճշգրտությամբ չպետք է դիտարկել վկայի ասածները։
Դոլինյանն այլ հարցադրումներ ուղղեց արդեն նիստերի քանակի վերաբերյալ, երբ վկան նշել էր «հստակ» հիշելու մասին։ Վկան արդեն ռուսերենով ու հայերենով փորձեց բացատրել` ինչ նկատի ունի. 3 նիստեր են տպավորվել։
«Կարող է պատահի՝ այլ նիստեր են եղել, բայց տասը տարի առաջ քանի՞ նիստ է եղել, չեմ կարող հիշել»,-ասաց նա։
Նախաքննության մասին այլ հարցադրումներին նա արձագանքեց. «Ես առաջին անգամ շփվեցի քննիչի հետ, ու այն շատ տպավորիչ էր»։Դահլիճում այս մեկնաբանությանն արձագանքեցին ծիծաղով:
Իրինա Մալխասյանը ռուսերենով ու հայերենով նաև պնդեց` դատախազը փորձում է հակասություն գտնել իր խոսքերում, մինչդեռ իր ասածում հակասություն չկա, ու պանսիոնատի մասին, ի զարմանս իրեն, տեղեկացել է «ՊՎԾ կոմիսիայից» հետո։
«Քննիչի կողմից ճնշում ու մանիպուլյացիա եղե՞լ է»` հարցին էլ վկան արձագանքեց, որ ճնշում չի եղել, հարգալից են եղել, իսկ մանիպուլյացիայի մասին էլ ասաց` ինձ այստեղ ավելի շատ են շփոթմունքի մեջ գցում։
Իրինա Մալխասյանի հարցաքննությունը վերջապես ավարտվեց, ինչին վերջինս արձագանքեց՝ հավատս իրոք չի գալիս:
Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարությամբ ամփոփեց այդ վկայի հարցաքննությունը` ուշադրություն հրավիրելով ռուսական լեզվամտածողության խնդրի վրա և թարգմանչի բացակայությունը համարելով խախտում։ Դատախազ Դոլինյանը, սակայն, չհամաձայնեց:
Մեկնարկեց հաջորդ վկայի` Սամվել Գալստյանի հարցաքննությունը։ Ի դեպ, նա երրորդ անգամ է ներկայանում, և միայն այսօր մեկնարկեց նրա հարցաքննությունը։ Վկան ներկայացել է առանց փաստաբանի։
Այս վկան ԵՊԲՀ ռազմաբժշակական կենտրոնի տնօրենի պաշտոնն է զբաղեցրել։ Համարվում է ՊՆ աշխատակից: Գործի մասին նրան հայտնի է այն, ինչ տպագրվել է մամուլում։
Պարգևավճարների մասին դատախազի հարցադրումներին ի պատասխան` նա նկատեց` միշտ ենթարկվել է օրենքին ու կարգին:
«Երբևիցե ոչ մեկի խոսքին չեմ ենթարկվել ու չեմ ենթարկվում»,-ասաց նա՝հավելելով, որ ինքը միայն ներկայացրել է պարգևատրման, իսկ որոշում կայացնողը ռեկտորն է եղել։
Հիմնավորեց, թե ինչու է, օրինակ, հաշվապահին ներկայացրել պարգևատրման։ Հավելեց նաև` առհասարակ պարգևատրել է այն մարդկանց, ովքեր ռազմաբժշկության մեջ ունեցել են ավանդ` օրինակ, հիշեց ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունները:
Հանրային մեղադրողի հարցերից վկայի ինքնազգացողությունը վատացավ, վերջինս պահանջեց շտապ բուժօգնություն կանչել ու իրեն տանել այդտեղից:
«Ինձ մի՛ ներվայնացրեք, շտապօգնության մեքենա կանչեք, թող ինձ տանեն հիվանդանոց: Ես բողոքելու եմ: Սրտի վիրահատություններ եմ տարել, անընդհատ նույն հարցերն եք տալիս, մեղադրում եք»,-ասաց վկան՝ հավելելով՝ ինքը հանցագործ չէ, հանցագործները մարդասպաններն են:
Դատական նիստն ընդմիջվեց:Վկային բժշկական օգնություն ցուցաբերվեց, ինչից հետո նա վերադարձավ դահլիճ, ներողություն խնդրեց դատավարության մասնակիցներից, այդ թվում՝ հանրային մեղադրողից: Հաջորդ նիստը կկայանա հունիսի 9-ին՝ ժամը 17:00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: