
Սուրեն Պապիկյանը հրաժարվել է հայտնել՝ քանի՞ Տոռ-Մ2ԿՄ համակարգ են գնել նախկինների ծրագրով

Ապրիլի 30-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու՝
– ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի օրոք մշակված ՀՀ զինված ուժերի զարգացման 7-ամյա ծրագրով և նախկին իշխանությունների օրոք վերցված վարկով քանի՞ «Տոռ-Մ2ԿՄ» համակարգ կամ քանի՞ խմբաքանակ էր նախատեսված ձեռք բերել և 2018 թվականի իշխանափոխությունից հետո քանի՞սն է գնվել և Հայաստան հասել, ե՞րբ կամ արդյո՞ք 2020 թվականին, գուցե նաև 44-օրյա պատերազմի ընթացքո՞ւմ: Առհասարակ, ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորություններն այս համակարգի մասով կատարե՞լ է ամբողջովին:
– Քանի՞ Սու-30ՍՄ կործանիչ էր նախատեսված ձեռք բերել, և ինչո՞ւ միայն 4-ը գնվեց՝ առանց համապատասխան հրթիռների, ինչի մասին 2021 թվականի մարտին հայտարարել էր հենց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Այո, մենք ինքնաթիռը առել ենք, մայիսին ա էդ ինքնաթիռը էկել, և այո, հրթիռները չենք հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել»: Եվ արդյո՞ք այսօր կիրառվում են այդ 4 Սու-երը, թե՞ արդյունավետության խնդիր կա, ինչպես 2022 թվականին ակնարկել էր Նիկոլ Փաշինյանը:
– 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառվե՞լ են Սու-30-ները:
Մոտ երկու շաբաթ հետո պատասխան գրության մեջ Պաշտպանության նախարարությունը մերժել է մեր հարցադրումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը՝ հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետի և ՀՀ կառավարության 11.01.2024 թ.N 53-Ն որոշմամբ հաստատված ցանկի 8-րդ կետի պահանջներին:
Պաշտպանական գերատեսչության փոխարեն՝ բաց աղբյուրներից մենք ներկայացնենք մի քանի փաստ՝ ըստ ժամանակագրության:
Առաջին, 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ հայտնելով. «Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՌ-Մ2ԿՄ համակարգերով»: Քանակի մասին նա չէր նշել՝ գրելով. «Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող, ռազմական գաղտնիք է»:
Երկրորդ, 2021 թվականի փետրվարին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Ես անկեղծ պետք է խոստովանեմ, որ ես տեղյակ չեմ, թե ինչ փոփոխություններ են մտցրել, բայց ասում եմ՝ հաստատապես փոխվեց «ՏՈՌ» համալիրներ ձեռք բերելու պլանը, որը նախատեսված էր երեք խմբաքանակով, ՀՀ-ն ստացավ միայն մեկ խմբաքանակ, այն էլ՝ մեր ստորագրած պայմանագրով»:
Երրորդ, 2021 թվականի փետրվարին 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պնդել էր.
««ՏՈՌ-Մ2ԿՄ» համալիրների խմբաքանակը ինչպես կա, այնպես էլ մնացել է: Իսկ թե երբ պայմանագիր կկնքեն, չեմ կարող ասել: Մենք դեռ առաջին խմբաքանակը մինչև վերջ չենք ստացել: Խմբաքանակը պետք է ստանանք, զորքը յուրացնի, որից հետո նոր մյուս խմբաքանակները ձեռք բերվեն»:
Չորրորդ, «Փոթորիկ Կովկասում» հայ և ռուս քաղաքագետների վերլուծական հոդվածներից բաղկացած գրքում նշվում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի սկզբում հայկական կողմն ունեցել է «Տոռ-Մ2ԿՄ» 6 արձակման կայան (մեկուկես մարտկոց)՝ փակելու 280 կմ ռազմաճակատի գիծը:
Ինչ վերաբերում է Սու-30-ներին, ապա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պայմանավորվածություն էր ձեռք բերել 8-12 հատ Սու-30-ի մատակարարման շուրջ, բայց Հայաստանը գնեց միայն 4-ը: Իսկ կործանիչները 44-օրյա պատերազմի օրերին կիրառվել են, համենայնդեպս, այս մասին Քննիչ հանձնաժողովում հայտնել էր Տոնոյանը:
«2020-ի նոյեմբերի սկզբին ինձ զեկուցել են, որ Սու-30-ներն անցել են մարտական հերթապահության, քանի որ որոշակի հրթիռների համալրում է իրականացվել։ Սու-30-ները բազմաֆունկցիոնալ միջոցներ էին, որոնք ունեին և՛ գրոհային, և՛ կործանիչ գործառույթ։ Գրոհայինի առումով մենք 1-2 օրվա մարտական գործողությունների վարման առումով գոնե սկզբնական փուլում սպառազինության հետ կապված հագեցվածություն ունեինք, նաև այն հրթիռների, որոնք հիմա ժողովրդի մեջ կոչվում են անպիտան, ժանգոտված կամ չգիտեմ ինչ։ Այդ հրթիռները կիրառվել են նաև Սու-30-ների ուսումնական թռիչքների ժամանակ և խոցել են թիրախները»:
Սու-30-ների հետ կապված խոսակցությունը Քննիչ հանձնաժողովում շարունակվել էր դռնփակ ռեժիմով: Իսկ Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանական գերատեսչությունը կարող էր առնվազն օգտվել բաց փաստերից և չմերժել տեղեկատվություն տրամադրել, որի մի մասը վաղուց հայտնի է: