«Փաշինյանի կերպարանքը տեսա՞ք. նա բերման էր ենթարկվել». Արմեն Բաղդասարյան

Հայաստանում Վրաստանի դեսպանատան առաջ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ կոնյակագործների և բեռնափոխադրողների հետաքրքրում էր՝ ինչո՞ւ է ՌԴ կամ Մերձբալթյան երկրներ արտահանվող իրենց ալկոհոլային խմիչքները, հիմնականում՝ կոնյակը, տարանցիկ երկրում՝ Վրաստանում, ստուգումներիենթարկվում:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն այն կարծիքին է, որ բողոքի ակցիա իրականացնողները լավ օրից չէ, որ հավաքվել էին Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց:

«Տեսնում են, որ պետությունը չի զբաղվում այդ հարցով, իրենք ստիպված զբաղվում են այնպես, ինչպես կարողանում են: Միջին օղակների մակարդակով դա հեշտ լուծվող հարց է: Ես չեմ կարծում, թե Էկոնոմիկայի նախարարությունը եթե ցանկանար այդ հարցը լուծել, չէր կարողանա: Սա փնթի կառավարման հետևանք է, և չեմ կարծում, թե պետք է քաղաքական ենթատեքստ փնտրել դրանում, առավել ևս՝ հայ-վրացական միջպետական հարաբերություններում»,-168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ դրական պատասխանելով հարցին, թե արդյո՞ք սա 7 տարի նույն դասարանում մնալու հետևանքն է, որը Փաշինյանի ինքնախոստովանությունն էր:

Կարդացեք նաև

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս իրավիճակին՝ նա նշեց, որ Ադրբեջանն ունի իր պահանջները, և նրա համար միևնույն է՝ դրանց կատարմանը կհասնի պատերազմի՞ միջոցով, թե՞ համաձայնագրի միջոցով. «Դրա համար իրենք և՛ սահմանային լարվածությունը չեն թուլացնում՝ կրակում են, և՛ Թուրքիայի հետ համատեղ սպառնալից բովանդակությամբ զորավարժություն են իրականացնում, և՛ խոսում են խաղաղության մասին: Հարավային Կովկասի շուրջ կոնսենսուս դեռևս չկա, հայտնի չէ՝ Ադրբեջանը հնարավորությունների պատուհան կգտնի՞ ռազմական ագրեսիայի փորձ անելու համար, թե՞ ոչ, դրա համար երկու տարբերակներն էլ պահում է իր զինանոցում: Իսկ Հայաստանի իշխանություններն այնպիսի տպավորություն են փորձում ստեղծել, որ՝ վերջ, մենք մեզանից որևէ բան չենք ներկայացնում, որևէ բան չենք կարող անել, պետք է խելոք մնանք, և գուցե այդ դեպքում մեզ խղճան և մեր վրա չհարձակվեն: Իրականում, Հայաստանը դեռ այն երկիրը չէ, որի վրայով Ադրբեջանը քայլերթով փորձի անցնել: Մենք լուրջ ռեսուրսներ եթե չունենք էլ, կարող ենք ունենալ: Մենք զրո չենք, պետք չի մեզ անընդհատ վախեցնել: Իհարկե, պատերազմից պետք է զգուշանալ և ամեն ինչ պետք է անել, որպեսզի դա կանխես, բայց պետք չէ հուսահատության մատնել հասարակությանը, որովհետև հուսահատված հասարակությունն ի՞նչ է անում, նրանք, ովքեր շատ վախեցած են, գնում՝ ընտրում են օրվա իշխանություններին, որոնք թաթիկները վեր պարզած՝ պատրաստ են ամեն ինչ անել, կա՛մ թողնում հեռանում են երկրից»:

Նա որևէ ակնկալիք չունի իշխանություններից, քանի որ ըստ քաղաքական վերլուծաբանի՝ նրանք ընտրել են ամեն ինչում Վրաստանին կրկնօրինակելու ճանապարհը. «Վրաստանն ունի շատ ջերմ հարաբերություններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ունի սառեցված հարաբերություններ ՌԴ-ի հետ, նույնիսկ դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվել, բոլոր ճանապարհները տրամադրել է Թուրքիային և Ադրբեջանին, դրանից շահույթ է ստանում, էներգետիկ լրջագույն կախվածություն ունի այդ երկրներից, այդ երկրում կոմպակտ ադրբեջանական բնակչություն կա, վրացիներն այդտեղ որևէ խնդիր չեն տեսնում, թուրքերին և ադրբեջանցիներին վերաբերվում են՝ որպես եղբայրական ժողովուրդներ, և հանգիստ ապրում են»:

Հետևաբար, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն ուզում է Հայաստանը նույնպես տանել այդ ճանապարհով, որի վրա երկու հիմնական խոչընդոտ կա. «Առաջինը՝ մեր մտածողությունը, արժեհամակարգը այլ է, և այո, վրացիները մեր պես ցեղասպանության չեն ենթարկվել ոչ միայն 100 տարի առաջ, այլև բառացիորեն հիմա, Ադրբեջանը վրացական եկեղեցիները չի ավերում, վրացական հետքերը չի վերացնում: Երկրորդն աշխարհագրությունն է. Վրաստանը Թուրքիայի և Ադրբեջանի արանքում սեպ չէ, Հայաստանն է սեպ, և իրենք ծով ունեն, մենք չունենք: Փաշինյանի ծրագիրն իրականացվելու շանս չունի, բայց նա համառորեն երկու ուղղությամբ էլ աշխատում է. առաջինը, որ, ինչպես ինքն է ասում՝ մենք փոխվենք, մեր մտածելակերպը փոխվի, պրոբլեմ չի լինի, եթե արդբեջանցիները գան՝ կոմպակտ բնակվեն, եթե տնտեսական էքսպանսիայի ենթարկեն: Այդ «կրթվելը նորաձև է»-ի իմաստը դա է: Եվ աշխարհագրություն փոխելն էլ «Խաղաղության խաչմերուկ» կոչվածն է, երբ ասում է՝ եթե մեր բոլոր ճանապարհները տանք, իրենք այլևս մեզ սեպ չեն համարի: Թուրքական աշխարհը դրան էլ չի համաձայնում, որովհետև խնդիրն այն չէ, թե մենք ինչպես ենք ընկալում Թուրքիային և Ադրբեջանին, այլ այն, թե ինչպես են նրանք ընկալում մեզ: Փաշինյանը հո չի՞ կարող գնալ Գյանջա, մի հատ էլ այնտեղ «կրթվելը նորաձև է» արշավ անել և Ադրբեջանին համոզել, որ թշնամի չենք: Չի կարող գնալ՝ Թուրքիայում «կրթվելը նորաձև է» անել, նա մեզ է փոխում, բայց պետք է նաև Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերմունքը մեր նկատմամբ փոխի»:

Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայում ռազմական շքերթին ոչ թե մեկնել էր, այլ բերման էր ենթարկվել.

«Դուք նրա կերպարանքը տեսա՞ք, նա գնացածի նմա՞ն էր: Եթե չես գնում, չգիտես հետևանքները. Հիմա Հայաստանն այնպիսի վիճակում է, որ ով ասես՝ կարող է վնասել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս