
Ինչի՞ համար Փաշինյանը գնաց Արցախի կործանմանը. Սուրեն Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը յութուբյան իր ալիքում անդրադարձավ 1994թ․ մայիսի 12-ին ստորագրված հրադադարի փաստաթղթին, որն ըստ նրա՝ պատմական է և շատ կարևոր հայոց նորագույն պատմության համար, քանի որ դրանով, առաջին հերթին, ճանաչվում է Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը։
Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ եթե ՀՀ իշխանություններն այն ժամանակ որոշեին ԼՂ-ն միացնել ՀՀ-ին, դա կենթադրեր, որ Հայաստանը մերժում է միջնորդական առաքելությունը՝ դրանից բխող հետևանքներով՝ Հայաստանը կհայտնվեր միջազգային մեկուսացման մեջ։
Անդրադառնալով գործող իշխանությունների հայտարարություններին, թե Արցախի կարգավիճակը դեռ 1991թ․ կամ 1996թ․ կանխորոշված էր, նա դրանք սուտ որակեց։
«Բոլոր պետություններն էլ ԼՂ-ն դե յուրե համարել են Ադրբեջանի մաս, բայց համարել են, որ կա կարգավորման գործընթաց, որը վերջնականապես պետք է լուծի ԼՂ կարգավիճակի խնդիրը»,- ասաց նա՝ մանրամասն ներկայացնելով բանակցային գործընթացի պատմությունը։
Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիները նա համարում է Արցախի կործանման շրջան․ «Փաշինյանը ոչ միայն իր սեղանին դրված շատ բալանսավորված կարգավորման տարբերակներն է մերժում, այլև այդ փաստը թաքցնում Հայաստանի հասարակությունից և կատարում քայլեր, որոնք գրգռում էին ոչ միայն Ադրբեջանին, այլև միջնորդներին» ,-ասաց նա վկայակոչելով Փաշինյանի մյունխենյան սկզբունքները, «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը և այլն։
«Երբ ես ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձիգ է, սա չի նշանակում, թե պատերազմը նա է սկսել, ես ասում եմ, որ Փաշինյանի քաղաքականությունը, անխոհեմությունը լեգիտիմացրել են պատերազմ սկսելու Ալիևի ցանկությունը»,- ասաց նա։
Սուրեն Սուրենյանցը նաև անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ Փաշինյանը գնաց Արցախի կարծանմանը․ «Առնվազն, 2022-ի մարտից Փաշինյանը փորձել է Հայաստանը դուրս բերել ռուսական ուղեծրից, այդ նպատակով նա աստիճանաբար Հայաստանը դուրս դրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համատեքստից, հետո Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում Միշելի հովանու ներքո ոչ մի երաշխիք չստացավ Արևմուտքից և ԵՄ-ից, բայց հանուն իր հիվանդ երևակայության բավարարման, նա միտումնավոր գնաց Արցախի կործանման։ Նրա գերնպատակը ո՛չ ԼՂ խնդրի լուծումն էր, ո՛չ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, այլ Հայաստանի ստրատեգիական կողմնորոշման փոփոխությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում