Փաշինյանը գնացել է Պուտինի դուռը, որ երաշխավորի իր գոյությունը. նա Հաղթանակի միջոցառում նշելու չի գնացել. Արմեն Մանվելյան

«Անկախ նրանից, որ Հայաստանի գործող իշխանությունը հայ ժողովրդին տարել է պարտության՝ Ալիևին հանձնելով հաղթանակի արդյունք Արցախը, ահռելի ջանքերի գնով ազատագրված Շուշին, միևնույն է՝ մայիսը մեզ համար Եռատոնի ամիս է. Եռատոնը մնալու և շարունակվելու է։ Մենք ապրելու ենք՝ ունենալով վստահություն, որ վաղ թե ուշ լինելու ենք Շուշիում»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Մայիսի 9-ի խորհրդի և մայիսյան Եռատոնի մասին, նման տեսակետ հայտնեց «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանը։

«ՀՀ այս իշխանությունը եկել է երեք արար իրականացնելու համար՝ հանձնել Շուշին, հանձնել Արցախը, Հայաստանը կործանել. նրանց նպատակն է՝ Հայաստանը վերածել թուրանական աշխարհի սպասարկման կենտրոնի»,- ասաց Մանվելյանը՝ հավելելով՝ հենց նման զարգացումների ֆոնին է, որ հայ ժողովրդի համար հաղթական տոներն առավել կարևոր են դառնում, որովհետև բոլոր ազգերը ձևավորվել են պատմական հաղթանակների հիշողությամբ։

«Պատահական չէ, որ այս իշխանությունը ցանկանում է հաղթանակների ժամանակաշրջանն ավարտին հասցնել, որովհետև նպատակ կա՝ հայի ինքնությունը ոչնչացնել»,- ասաց պատմական գիտությունների թեկնածուն։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Մայիսի 9-ին՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված հաղթական շքերթին Հայաստանի զորախմբի չմասնակցության, բայց Մոսկվայում Փաշինյանի ներկայության փաստին, ապա Արմեն Մանվելյանն ընդգծեց՝ հայկական զորախմբի բացակայությունը Կարմիր հրապարակում տեղավորվում է հաղթանակների արժեքը նսեմացնելու, հաղթանակի գաղափարից հրաժարվելու այս իշխանության պլաններում։

«ԽՍՀՄ կազմում չի եղել որևէ երկիր, որը մասնակցել է Հայրենական պատերազմին 3 դիվիզիայով, այդպիսի երկիր եղել է սովետական Հայաստանը։ 3 դիվիզիայից ազգային թամանյանական դիվիզիան հասել է Բեռլին։ Հիմա այս իշխանության համար դա ծանրություն է։ Թե ինչո՞ւ էր Փաշինյանը գնացել Մոսկվա, ինձ համար այս հարցի պատասխանը մեկն է՝ նա կորցրել է իր եվրոպական տերերի հետ կապը։

Այդ մարդիկ հրաժարվում են Փաշինյանի համար երաշխավոր դառնալ։ Փաշինյանը գնացել է Մոսկվա՝ Պուտինի դուռը, որպեսզի երաշխավորի իր գոյությունը։ Փաշինյանը կենդանի մնալու խնդիր է լուծում իր համար. կրկնում եմ՝ իշխանության մնալն իր համար գոյաբանական խնդիր է, հետևապես՝ նա Մոսկվա չէր գնացել Հաղթանակի միջոցառում նշելու համար»,- ասաց Արմեն Մանվելյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս