
Դավիթ Իշխանյանը Բաքվում հայտարարել է՝ իր գումարտակը մասնակցել է Աղդամի ուղղությամբ մարտական գործողություններին

Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ադրբեջանական «դատավարությունը» հենց սկզբից մեր դիտակետում է եղել և կա, ու մենք ցույց ենք տալիս Բաքվի՝ իրական փաստերի աղավաղումները, բերելով կոնկրետ ապացույցներ:
Մեր վերջին անդրադարձներում գրել ենք, որ Բաքվի «դատավարության» թիրախում Արցախի առաջին պատերազմում հայկական կողմի իրականացրած ռազմական օպերացիաներն են, այդ թվում՝ Շուշիի օպերացիան և այն անձինք, որոնք առնչություն են ունեցել դրա հետ:
Մենք նշել ենք նաև, որ ադրբեջանական կողմը սկսել է քննել նաև Առաջին պատերազմի ընթացքում Մոնթե Մելքոնյանի և Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարության ու նրանց ենթակայության տակ գործած ստորաբաժանումների կատարած մարտական գործողությունները: Հենց այս համատեքստում է հարցաքննվել Դավիթ Իշխանյանը, ով Մարտունիում եղած գումարտակներից մեկի հրամանատարն է եղել:
Մայիսի 5-ին նույն թեմայի շուրջ է շարունակվել Բաքվի «դատավարությունը»:
Մասնավորապես, ներկայացվել է մի տեսանյութ՝ թվագրված 1993թ. ապրիլ, և ցուցադրվող կադրերում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավարի կարգավիճակում Սերժ Սարգսյանն այցելել է Մարտունու պաշտպանական շրջան, իսկ նրան դիմավորող հրամանատարներն են Մոնթե Մելքոնյանը և Դավիթ Իշխանյանը:
Դատարանում ադրբեջանական կողմը նկատել է, թե տեսանյութի ուսումնասիրությունները թույլ են տալիս պնդել, որ Սերժ Սարգսյանը նշված պաշտպանական շրջան էր գնացել իրավիճակի ստուգման և հրահանգավորման նպատակով: Ի՞նչն է այստեղ դատապարտելի:
ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավարի այցը պատերազմական գոտի՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով, հանցագործությո՞ւն է, հատկապես 1993-ին որոշակի ժամանակահատվածում, երբ որքան էլ արդեն ունեինք ազատագրված Քարվաճառ, բայց ընդհանուր իրավիճակը բարդ էր: Եվ 1993 թվականի ամռան ամիսներին է այնուհետև հայկական կողմը լուրջ հաջողություններ ունեցել. ազատագրվեց Մարտակերտը, Աղդամը՝ Ակնան, և այլն:
Ավելին, 168.am-ը մի առիթով գրել է, որ 1993-ի հունիսից սկսած՝ Ադրբեջանն ուղիներ էր փնտրում երկխոսելու Արցախի հետ: Դեռ առիթ կլինի այս մասին խոսելու, քանի որ Ադրբեջանը մի օր Բաքվի դատարանում հասնելու է նաև Աղդամի և մյուս բնակավայրերի բուն ռազմական տեսանկյունից գրավման կամ ազատագրման օպերացիաներին, ինչը, իհարկե, աբսուրդ է:
Վերադառնանք Բաքվի «դատավարությանը» ներկայացված տեսանյութին:
Ադրբեջանական կողմի հաղորդմամբ, այդտեղ Մոնթե Մելքոնյանը զեկուցում է Սերժ Սարգսյանին իրավիճակի մասին, իսկ վերջինը պատասխանում է. «Խոսքը ոչ թե կրակի դադարեցման մասին է, այլ խոսքը հարձակողական օպերացիաների և նոր տարածքների գրավման մասին է»:
Ադրբեջանական կողմը Սերժ Սարգսյանի խոսքերն ամբողջությամբ չի փոխանցում: Եվ մինչև Բաքվի դատարանում հիշատակած խոսքերը, համապատասխան տեսանյութում Սերժ Սարգսյանը Մոնթեին ասում է.
«Չի կարող համբերել դա այդքան»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ ադրբեջանական կողմի գործողություններին պիտի համարժեք պատասխան տալ:
Այնուհետև Սերժ Սարգսյանը Մոնթեին ասում է նաև՝ եթե Ադրբեջանը «ռմբակոծում սկսի, դուք էլ սկսեք»:
Եվ այս խոսքերից հետո է, որ շարունակել է՝ «այստեղ ոչ թե խոսքը կրակը դադարեցնելու մասին է, այլ հարձակողական գործողությունների՝ տարածք գրավելու»:
Ի դեպ, այդ նույն ժամանակահատվածում, Մարտունու ՊՇ-ում հաջողությունների ֆոնին, կային նաև որոշակի թերություններ, որոնց վերացման ուղղությամբ անհետաձգելի միջոցներ պիտի ձեռնարկվեին:
Արդյոք չպե՞տք է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավարը համապատասխան հրահանգավորումներ տար:
Ինչևէ, Բաքվի դատարանում ներկայացված տեսանյութի համատեքստում քննարկել են նաև Սերժ Սարգսյանի և Դավիթ Իշխանյանի զրույցը, ով, ըստ ադրբեջանական կողմի, ներկայացրել է Աղդամի շրջանում եղած օպերատիվ իրավիճակը՝ Աբդալ Գյուլաբլի գյուղի ուղղությամբ: Եվ այս համատեքստում Դավիթ Իշխանյանին Ադրբեջանի պետական մեղադրողները հարցեր են ուղղել:
Դավիթ Իշխանյանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հաստատել է տեսանյութի իրական լինելը, և, որ հիշում է Սերժ Սարգսյանի այցը տվյալ տարածք. «նա այցելել էր իմ գումարտակ, ծանոթացել դիրքերում տիրող իրավիճակին»:
Ադրբեջանական կողմի՝ «տարածքներ գրավելու» վերաբերյալ հարցին, Դավիթ Իշխանյանն արձագանքել է. «Ես չեմ կարող մեկնաբանել Սերժ Սարգսյանի խոսքերը»:
Միաժամանակ, ըստ ադրբեջանական կողմի, Իշխանյանն ասել է, որ իր ղեկավարած գումարտակի ապահովումը ստացվել է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբից, և, որ իր գումարտակը 1993 թվականի հուլիս-օգոստոսին մասնակցել է Աղդամի ուղղությամբ մարտական գործողություններին:
Նշենք, որ Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի համար շարունակում էր սպառնալիք մնալ Աղդամը, որտեղից քաղաքն ադրբեջանական կողմը հրետակոծում էր 152մմ հեռահար հրանոթներով՝ միաժամանակ փորձելով ճեղքել Ասկերանի ուղղության պաշտպանությունը և ուղիղ գծով մտնել Ստեփանակերտ, ուստի Աղդամի ազատագրումը գերխնդիր դարձավ, դրա իրականացումն Արցախի անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն էր: Ամեն ինչից բացի, Աղդամը նաև կոմունիկացիոն կարևոր հանգույց էր։
Եվ դեռ 1993-ի հունիսին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մի քանի ուղղություններով սկսել էին Աղդամը շրջապատող հենակետերի լռեցման լայնածավալ գործողությունը, արդեն հուլիսի 4-ից հայկական ուժերը գործի դրեցին Աղդամի ազատագրման բուն օպերացիան:
Նույն օրը, փորձելով կասեցնել Աղդամի շրջապատումը, թշնամին հզոր հարձակում էր ձեռնարկել Ասկերանի, Մարտակերտի ու Հադրութի ուղղություններով, սակայն արդյունքում կորցրել Աղդամի համար բացառիկ կարևորություն ունեցող Շելլին իշխող բարձունքները։
Հետագա օրերին համառ մարտեր էին ծավալվել Աղդամը շրջապատող բարձունքների համար, որոնք հաջորդաբար անցան հայկական ուժերի վերահսկողության տակ, ինչից հետո Աղդամում գտնվող ադրբեջանական զորքերի գլխին կախվել էր լիակատար շրջափակման մեջ հայտնվելու անմիջական վտանգը, և ադրբեջանցիները լիակատար ջախջախումից խուսափելու համար ստիպված նահանջեցին։
Հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մտան քաղաք։
Հակաօդային պաշտպանության հայ մարտիկների ջանքերով էլ չեզոքացվել էր թշնամու ունեցած օդային գերազանցությունը։
Ի դեպ, 1993-ին Աղդամի անկումից հետո Բաքուն առաջին անգամ ուղիղ շփման մեջ էր մտել Ստեփանակերտի հետ, և ձեռք էր բերվել հուլիսի 25-ից, ժամը 00.00-ից եռօրյա հրադադարի հաստատման մասին համաձայնությունը:
Հավելենք, որ մի առիթով Աղդամը վերցնելու հետ կապված՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր.
«Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը»:
Ի դեպ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայկական համալսարանի դասախոսների և ունկնդիրների հետ հանդիպմանը նաև հայտարարել էր, որ Արցախի պատերազմական հաղթանակները կերտվել են ամբողջ հայ ժողովրդի շնորհիվ, եթե չլիներ Հայաստանի և ամբողջ հայ ազգի օժանդակությունը, չէինք կարող հասնել այդպիսի արդյունքների:
Այսինքն, հայկական կողմն Ադրբեջանի կողմից սանձազերծված Առաջին պատերազմում հաղթել է, և պատերազմական օպերացիաների դատաքննության առարկա դարձնելը, մեղմ ասած, աբսուրդ է:
Իսկ մայիսի 5-ի «դատական» նիստին չի անտեսվել նաև Բերձորի ազատագրման փաստը: Եվ ոչինչ, որ Ադրբեջանը, խախտելով արդեն 44-օրյա պատերազմի արդյունքում ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետը, փակել է Լաչինի միջանցքը:
Դատական հաջորդ նիստը նշանակված է մայիսի 8-ին։