
Փաշինյանի՝ ոհմակային տրամաբանությունը դատապարտող սոցիալ-հոգեբանական դասերը և դրա դեմն առնելու քաղաքական կաշկանդվածությունը

Բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների, հանդիպող արատավոր երևույթների համատեքստում Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերի ժամանակ պարբերաբար նշում է, թե դրանք «կտոր-կտոր» գալիս են քաղաքացիական կյանքից: Այսինքն, բանակում առկա խնդիրների մեծ մասը բանակում չեն ծնվել, ուստի անելիքը զինված ուժերից դուրս է՝ ընտանիք, մանկապարտեզ, բուհ:
168.am-ն այս թեմային մանրամասն անդրադարձել է՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանը մոռանում է՝ ուսումնական հաստատություններում մթնոլորտի և գրված ու չգրված օրենքների առկայության համար՝ որպես երկրի ղեկավար, ինքն է պատասխանատու՝ կադրերի նշանակումից՝ մինչև «իրական Հայաստանի» տրամաբանության մեջ պարտադրվող ուղերձներ՝ միայն հացիվ… հայրենիք-պետություն հասկացությունների արհեստական բախում, և այլն:
Ի վերջո, երկրում հանցագործության, թմրամոլության, խաղամոլության ցուցանիշների խայտառակ աճի համար հենց երկրի ղեկավարն է պատասխանատու:
Եվ երբ այս արատավոր երևույթները ոչ միայն մտնում են բանակ, այլև ամրապնդվում և տարածվում են բանակում, դրա համար միայն հասարակությունը չէ, որ մեղավոր է: Ավելին, երբ լինում են սպաներ, որոնք այդ արատավոր երևույթների կրողն ու տարածողն են, դրա համար հենց երկրի քաղաքական և ռազմական ղեկավարությունն է մեղավոր: Եվ այս առումով բանակում տիրող խայտառակ իրավիճակի մասին հենց ՔՊ-ական պատգամավորներն են տարբեր առիթներով խոսել, բարձրաձայնել՝ հայտարարելով, որ այլևս չպետք է լռել:
Իսկ Փաշինյանն այս թեմայի մեջ կառավարության նիստերի ընթացքում դատապարտել է նաև հայհոյանքն ու բռնությունը:
«Հետո ասում են՝ բա բանակում այդ ո՞նց եղավ: Տենց եղավ, որովհետև 15-րդ բառը հայհոյանքն է, 30-րդ բառն ուրիշից ինչ-որ բան խլելու կուլտուրան է և գերիշխանություն ու գերակայություն հաստատելը, համագործակցության տրամաբանությունը դուրս դնելը, ոհմակային տրամաբանության մեջ ամբողջ կյանքը և կյանքի փիլիսոփայությունը դասավորելը։ Հետո ասում են՝ բա ո՞նց եղավ։ Հենց տենց եղավ»,- ապրիլի 23-ի կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Ճակատագրի հեգնանքով փաշինյանական այս սոցիալ-հոգեբանական դասերի ֆոնին Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն ուղիղ եթերով ակտիվիստի է ծեծում, և ոչ մենակ:
Նրա նկատմամբ քրեական վարույթ կա հարուցված, բայց պաշտոնավարումն առնվազն կասեցված չէ:
Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը, որը ներկայացնում է Տեր-Մարգարյանը, նրա քայլը «հանուն պետության» «հայ տղամարդու» արարք է համարում: Մինչև հիմա, սակայն, մենք գիտեինք, թե հայ տղամարդը պետության և պետականության համար կռիվ է տալիս մարտական դիրքում, սահմանին, դիվանագիտական պատերազմում, և այլն:
Այսինքն, գործ ունենք Փաշինյանի ասած՝ սոցիալ-հոգեբանական սխալ պատկերացումների կամ խեղվածության հետ, որը դուրս է տրամաբանությունից և տեղի է տվել ոհմակային չգրված օրենքներին՝ անկախ նրանից՝ սադրե՞լ են, թե՞ չեն սադրել, և ի՞նչն է սադրանք համարվում:
Բայց խնդիրն այն է, որ քաղաքական հանգամանքներով պայմանավորված՝ Փաշինյանը կաշկանդված է դեմ գնալ կառավարության նիստերի ժամանակ իր կողմից քննադատված պատկերացումները կրողներին, ոհմակային տրամաբանությանը:
Փաստ է, որ Փաշինյանը չի կարողանում պայքարել իր կողմից հրապարակավ անընդունելի երևույթների դեմ, որոնք, իր խոսքով, մտնում են բանակ՝ դրանով իսկ լեգիտիմացնելով այդ արատավոր երևույթները:
Եվ արդյո՞ք նման պայմաններում Փաշինյանը բարոյական իրավունք է ունենալու հետագայում կառավարության նիստերի ժամանակ խոսել վերը նշված երևույթների մասին, երբ իրենց նշանակած թաղապետն օրենքի սահմաններից դուրս է գալիս, բռնություն կիրառում:
Ի՞նչ օրինակ է իր հետ բանակ տանելու վաղվա զինվորը, երբ, ասենք՝ հրամանատարի պահանջն իրեն հաճելի չլինի, կամ՝ երբ վերադասը դիրքում քնած զինվոր տեսնի, պիտի ծեծե՞ն իրար, և ասեն՝ արել են «հանուն պետությա՞ն»…
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը համաձայնելով մեր դիտարկումների հետ՝ նշեց.
«Նիկոլ Փաշինյանն օգտագործում է տարբեր առիթներ, միջոցառումներ՝ կառավարության նիստերից մինչև խորհրդարանական ամբիոն, հայտարարելու, որ բանակում տեղի ունեցող արատավոր բարքերը գալիս են հասարակությունից: Բայց այդ հասարակության մեջ այդ արատավոր բարքերը հենց այնպես հո չե՞ն ծնվում: Արատավոր բարքերը ծնվում, ջրվում և բազմացվում են, օրինակ, գործող իշխանության գործունեությամբ, որը խրախուսում է բռնությունը, ազատ խոսքի նկատմամբ սահմանափակումները, հասարակական և քաղաքական հարաբերություններում օրենքից դուրս հարցերի կարգավորումը՝ ուժի կիրառման միջոցով: Բացի այն խնդիրներից, որ հասարակության մեջ այս կամ այն կերպ գործում են, կամ այս կամ այն հասարակության շրջանում առկա են, հատուկ վտանգավորություն է փոխանցվում, երբ ինքը՝ պետությունը կամ իշխանությունը, հանդես է գալիս որպես շահառու՝ արատավոր բարքերի ստեղծման, խորացման և դրանք հասարակական, քաղաքական բոլոր ուղղություններում սերմանման առումով:
Այսինքն, բանակում առկա խնդիրների, այս տեսանկյունից, որոնք հասարակությունից բանակ ներթափանցմանն են վերաբերում, գլխավոր պատասխանատուն գործող իշխանությունն է, որն իր վարքագծով սնուցում է հասարակական անընդունելի բարքերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Այնպես չէ, որ նախկին իշխանությունների օրոք վերը նշված դեպքեր չէին արձանագրվում՝ բռնություն, ծեծ և այլն, բայց Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության խոստումով, որ բացառելու են նման դեպքերը: Նիկոլ Փաշինյանն է գրեթե ամեն կառավարության նիստին խոսում և քննադատում այդօրինակ երևույթները՝ ցույց տալով դրանց «ծագումնաբանությունը», և հենց ինքն էլ քաղաքական ինչ-ինչ կաշկանդվածությունից ելնելով՝ նման բարքերի դեմը չառնելով, ըստ էության, խրախուսում է դրանք:
Եվ քանի որ այս ամենը քննարկում են զուտ բանակում առկա իրավիճակի համատեքստում, պետք է հիշեցնենք, որ ժամանակին Սեյրան Օհանյանը՝ որպես ՀՀ պաշտպանության նախարար, եկավ այն եզրահանգման, որ չի կարելի բանակում ոչ կանոնադրական հարաբերություններն արդարացնել՝ «բանակը հասարակության հայելին է»-ով:
Ավելին, առնվազն 2014 թվականից նա արգելել էր բանակում երկու արտահայտություն՝ «բանակը հասարակության հայելին է», «բոլոր բանակներում էլ տեղի են ունենում միջադեպեր», քանի որ, ըստ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, «ազատ հասարակությունից բանակը տարբերվում է իր ռեժիմով, կարգապահությամբ, և այնտեղ արատավոր բարքերի դեմ պայքարը կարելի է ավելի հետևողական մղել, քան ազատ հասարակության մեջ»:
Իսկ Փաշինյանն ասում է՝ բանակում անելիք չկա, քանի որ այդտեղ առկա խնդիրների 90 տոկոսը հասարակությունից է գալիս, բայց բանակից դուրս դրանք ինչպես հարկն է չի կանխում: Սա է խնդիրը: