Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվում՝ հօգուտ Չինաստան-Իրան-Ռուսաստան ալյանսի

Օրերս ավարտվեց Հայաստանում լայնորեն քննարկված Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցն Ադրբեջան։ Այն, ադրբեջանական ԶԼՄ-ների, քաղաքագետների կարծիքների համաձայն, անցավ բավականին դրական մթնոլորտում։

Ըստ գնահատականների, հաջողվել է որոշակիորեն մեղմել այն լարվածությունը, որն առկա էր ադրբեջանա-իրանական հարաբերություններում տևական ժամանակ։ ԻԻՀ նախագահն Ադրբեջանին ուղղված որակումներում բավականին շռայլ գտնվեց՝ ադրբեջանցի ժողովրդին անվանելով «եղբայրական» ժողովուրդ, օգտագործելով ադրբեջաներեն բառեր ու որակումներ։ Այս այցի ընթացքում ադրբեջանական կողմի համար ականջ շոյող հայտարարությունների պակաս չեղավ։ «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է, և դրան հարգանքով ենք մոտենում»,- Բաքվում հայտարարել է ԻԻՀ նախագահը։

Ըստ հաղորդագրությունների, Մասուդ Փեզեշքիանն ադրբեջանական պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման հնարավորությունը՝ այն տեսնելով երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ «Մենք կարող ենք բացել հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք անցնող միջանցքները։ Ոչ մեկին թույլ չենք տա մեր միջև հակասություններ ստեղծել։ Ես տեսնում եմ, որ նախագահ Ալիևն էլ է դրա կողմնակիցը, որի կամքը կա նաև մեզ մոտ։ Թե՛ Իրանի, թե՛ Ադրբեջանի համար կարող ենք լավ ապագա ստեղծել»,- նշել է Փեզեշքիանը։

Ադրբեջան պաշտոնական այցին ընդառաջ ԻԻՀ նախագահը հարցազրույց էր տվել ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկին՝ հայտարարելով․ «Մենք պետք է հարգենք միմյանց տարածքային ամբողջականությունը և չունենանք որևէ հավակնություն տարածքի նկատմամբ»։

Կարդացեք նաև

Փեզեշքիանը նաև նշել էր, որ Իսլամական Հանրապետությունը վաղուց է ձգտում, որ Երևանն ու Բաքուն երկխոսության միջոցով լուծեն հակասությունները և ապրեն խաղաղության մեջ։

«Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները և, բնականաբար, նույն շրջանակներում պաշտպանում ենք նաև Հայաստանի իրավունքները»,- նշել էր Իրանի նախագահը՝ մեղմորեն փորձելով պահպանել Իրանի կարմիր գծերը ՀՀ տարածքային ամբողջականության հարցում։

Առաջիկայում սպասվում են նաև Իսրայելի ու Թուրքիայի ղեկավարների այցերը Բաքու։ The Times of Israel-ը պարբերականն օրերս հայտնել էր, որ մայիսի 8-ին սպասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցն Ադրբեջան։ Այն կրում է պետական բնույթ, որի ընթացքում Նեթանյահուն բանակցություններ է վարելու ղեկավարության հետ և հանդիպելու է հրեական համայնքին։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ կողմերը նախատեսում են քննարկել, ի թիվս այլ հարցերի, Իսրայելի և Թուրքիայի միջև Սիրիայի շուրջ հարաբերություններում աճող լարվածությունը։ Ynet-ը հայտնել է, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության վերաբերյալ բանակցությունները, ինչպես նաև երկկողմ կապերի ընդլայնումը։ Իսրայելական մեկ այլ պարբերական՝ Jerusalem post-ը, գրել էր, որ քննարկվելու է Աբրահամյան համաձայնագրին Ադրբեջանի միանալու հեռանկարի հարցը։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «168 Ժամի» հետ զրույցում փորձեց մեկնաբանել հարցը, թե ինչ գործոններ նպաստեցին իրանա-ադրբեջանական հարաբերություններում կայունության միտումներին։ Նա նշեց, որ վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է ակտիվ փորձեր ձեռնարկել ոչ միայն տարածաշրջանային ուժերի հավասարակշռության վրա ազդելու, այլև Հարավային Կովկասում առաջատար դիրք զբաղեցնելու համար։

Նրա խոսքով, ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելուց հետո Ադրբեջանը սկսեց ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել այս նպատակին հասնելու համար։ Ըստ նրա՝ Ադրբեջանի այս ջանքերում նաև ցանկություն կա ավելացնելու սուբյեկտայնությունը և փոքր-ինչ անջատվելու Թուրքիայի ազդեցությունից, արտաքին քաղաքական վեկտորը տեղափոխելով դեպի Չինաստան, որտեղ խաղարկում է իր աշխարհագրական դիրքն ու դրանով պայմանավորված հաղորդակցական հնարավորությունները, փորձելով դառնալ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող երկիր, չմոռանալով «Հյուսիս-Հարավ» նախագծի մասին։

Իսկ այդ նախագծի համար, ըստ Տարասովի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի մասնակցությունն է հարկավոր։ «Թրամփը փորձեց հստակություն մտցնել իրանական ուղղությամբ, սկսելով բանակցություններ, այդ թվում՝ ՌԴ անուղղակի մասնակցությամբ։ Իսկ Չինաստան այցը, կարծում եմ, հաջողված էր, Չինաստանն էլ համագործակցում է Իրանի ու Ռուսաստանի հետ։ Ուստի մի շարք հանգամանքներ նպաստեցին, որպեսզի ԻԻՀ նախագահի այցն ունենա դրական ֆոն։ Եվ ամենահետաքրքրականը՝ եղավ ակնարկ, որ ռազմավարական գործընկերություն հաստատելու ցանկություն կա, ինչպիսին Ադրբեջանը հաստատել է Ռուսաստանի ու Չինաստանի հետ։ Այսինքն՝ Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում աշխարհաքաղաքական ու հաղորդակցական շահեր են ի հայտ գալիս, սա փոփոխություն է Հարավային Կովկասի համար։

Փեզեշքիանի այցի ընթացքում խոսվեց Արաքսի միջանցքի մասին, որը «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտի իրանական այլընտրանքն է։ Ալիևը հայտարարեց, որ դա մեծ հնարավորություններ կբացի կողմերի համար։ Ադրբեջանից հայտարարություններ են հնչում, թե Հայաստանով անցնող հնարավոր ճանապարհն այլևս գրավիչ չի կարող լինել, դրան այլընտրանք կա, և այլն։ Սակայն կա նոր իրավիճակ, որը կարող է նաև փոխվել, սա անցումային, փոփոխություններով շրջան է։ Մենք ականատես ենք դերերի բաշխման ակտիվ գործընթացների, որոնց ընթացքում մասնակիցները ձգտում են լավագույն արդյունքներին ու լուծումներին, ուստի հնարավոր չէ ասել, թե վաղն ինչ կլինի։ Սակայն այսօր պետք է արձանագրել, որ Հարավային Կովկասում իրավիճակներ են փոխվում, մեծանում է Չինաստանի ազդեցությունը, հետևաբար՝ ամրապնդվում են Ռուսաստանի ու Իրանի դիրքերը, ու այստեղ Ադրբեջանն իր հնարավորություններն է փորձում ակտիվ իրացնել»,- ասաց վերլուծաբանը։

Նա ասաց, որ Ադրբեջանը նաև իր դիվանագիտական դիրքերն է փորձում ամրապնդել Իսրայել-Թուրքիա բանակցություններ նախաձեռնելով, որոնք էլ լինելու են Իսրայելի վարչապետի ու Թուրքիայի նախագահի առաջիկա ադրբեջանական այցերի օրակարգում։ Վերլուծաբանը չի կարծում, որ ադրբեջանա-իրանական այս ջերմացումն անդրադառնալու է հայ-իրանական հարաբերությունների օրակարգի վրա, քանի որ ՀՀ-ի ուղղությամբ էլ Իրանն այլ շահեր ունի, որոնք կապ ունեն նաև Ադրբեջանի հետ։ «Ուստի Իրանը շարունակելու է իր քաղաքականությունը ռեգիոնում նույնությամբ»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում Երևանի քաղաքականությանը, ապա վերջին տարիներին էլ ՀՀ իշխանություններն էլ փորձել են աշխարհաքաղաքական վեկտոր փոխել, միանալով արևմտյան կառույցներին։ Սակայն, նրա խոսքով, հասկանալի չէ, թե ինչ քաղաքականություն են ներկայումս որդեգրել ՀՀ իշխանությունները։

«Հարաբերությունները վատթարացրել են Ռուսաստանի հետ, չկան իրատեսական հեռանկարներ Արևմուտքի հետ հարաբերություններում։ Սակայն ցանկությունը մեծ է դեպի Արևմուտք գնալու, պարզապես աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակը թույլ չի տալիս այդ որոշումը վերածել իրական քայլերի, ուստի ձևավորվել է անորոշ իրավիճակ ՀՀ արտաքին քաղաքականությունում»,- նման կարծիք հայտնեց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս