Տենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ Ենգոյան
«Իմ ելույթը նվիրված է Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի ոլորտային հիմնախնդիրներին, մասնավորապես՝ պետական բյուջեին և ֆինանսական վերահսկողությանը: Ինչո՞ւ, որովհետև ակնհայտ է՝ պետական բյուջեի միջոցների արդյունավետ և ռացիոնալ օգտագործման նկատմամբ պատշաճ ֆինանսական վերահսկողությունը հանդիսանալու է մեր պետության կայուն տնտեսություն ունենալու հիմքը: Եվ այս համատեքստում ես շատ կարևորում եմ պետական գնումների ոլորտում պետական բյուջեի միջոցների արդյունավետ ծախսումն ու դրա նկատմամբ վերահսկողությունը»,- այսօր Ազգային ժողովում ասաց «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ Հասմիկ Ենգոյանը:
Նա իր ելույթում խոսեց հետևյալ խնդիրների մասին:
Պետական գնումների ոլորտի խնդիրները
«Ինչո՞ւ եմ խոսում պետական գնումների մասին, հարգելի՛ գործընկերներ, որովհետև պետական բյուջեի միջոցների մոտավորապես մինչև 45%-ը ծախսվում է այս ոլորտում (մնացած հատվածն աշխատավարձերն են, սոցվճարները և ռազմական ծախսերը): Բնական է՝ եթե հնարավորություն լինի արդյունավետորեն ծախսել բյուջեի այդ 45%-ը, մենք կունենանք իրական խնայողություններ և իրապես հզոր տնտեսություն: Այս համատեքստում այս հանձնաժողովի կարևորագույն գործառույթներից մեկը պետք է լինի հենց ֆինանսական արդյունավետ վերահսկողությունը:
Իսկ ի՞նչ ունենք իրականում։ Իրականում վերահսկողական այն համակարգը, որը գոնե մինչև 2022 թվականն աշխատում էր, կառավարության նախաձեռնությամբ և Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով, հիմքում քանդվեց։
Ավելի առարկայական. 2022 թվականին կառավարությունը Ազգային ժողով ներկայացրեց մի նախագիծ, որով տնտեսվարողների՝ պետական գնումների ոլորտի բողոքարկման համակարգը էականորեն վերանայվեց, և, չեմ վախենա այս բառից, վատթարացվեց: Տնտեսվարողների իրավունքներն այս ոլորտում զգալիորեն նվազեցին, ինչը բերում և բերելու է լուրջ կոռուպցիոն ռիսկերի»,- ասաց նա:
Բողոքարկման համակարգի փոփոխությունները և դրանց հետևանքները
«Մինչև 2022 թվականը գնումների հետ կապված վեճերի դեպքում, երբ տնտեսվարողները նկատում էին պետական մարմինների կողմից ակնհայտ ապօրինություններ, նրանք հնարավորություն ունեին այն բողոքարկելու արդարադատական հատուկ վարչական մարմնում, որը կոչվում էր «Բողոքներ քննող անձ»:
2022 թվականին, կառավարության նախաձեռնությամբ, այդ մարմինը լուծարվեց, և բողոքներ քննելու հնարավորությունը տրվեց բացառապես դատարաններին:
Թվում է, թե սա զուտ իրավական վեճ է և այնքան էլ հետաքրքիր չէ, բայց իրականում ի՞նչ տեղի ունեցավ.
- Մատչելիության կորուստ. Նախկինում տնտեսվարողները կարող էին դիմել առանց փաստաբանի ծառայության, քանի որ ընթացակարգը հեշտ էր և էժան։ Այժմ, երբ հարցը տրվել է դատարաններին, տնտեսվարողները ստիպված են կրել հսկայական ծախսեր՝ դիմելով փաստաբանական ծառայությունների (որոնք, ի դեպ, անցել են նաև ԱԱՀ-ի դաշտ և ևս թանկացել են)։
- Պետական տուրքերի անհավանական աճ. Նույն փաթեթով փոփոխության ենթարկվեց նաև «Պետական տուրքի մասին» օրենքը։ Տենդերների բողոքների քննության համար սահմանված 20 000 դրամանոց պետական տուրքը դարձավ մինչև 10 միլիոն դրամ:
Պատկերացրեք իրավիճակը. եթե տնտեսվարողը տեսնում է, որ մրցույթի հրավերը խտրական է, գրված է «կոնկրետ ընկերության համար», կամ իրեն ապօրինաբար մերժել են՝ երկրորդ տեղ զբաղեցնող ավելի թանկ գին առաջարկած մասնակցին հաղթող ճանաչելու համար, և ցանկանում է վերականգնել իր իրավունքը, նա ստիպված է վճարել տվյալ գնման ընթացակարգի (տենդերի) գնի 1%-ի չափով տուրք։
Եթե վիճարկվում է, օրինակ, 1 միլիարդ դրամ արժողությամբ տենդեր, միայն իրավունքի ճանաչման համար դատարան ներկայացվող հայցի պետական տուրքը երեք ատյանների համար կարող է կազմել մինչև 30 միլիոն դրամ՝ չհաշված փաստաբանական ծախսերը»,- նկատեց իրավաբան պատգամավորը:
Համակարգային խնդիրներ և կոռուպցիոն ռիսկեր
«Այս ամենի արդյունքում տնտեսվարողների և մտածող մարդկանց մոտ ստեղծվում է հիմնավոր տպավորություն, որ այս նախագծով իշխող ուժը պարզապես չի ցանկանում, որ տենդերների ոլորտը վիճարկվի, որպեսզի պետական մարմիններն այս ոլորտում անեն այն, ինչ ուզենան: Տնտեսվարողները զերծ են մնում դատարան դիմելուց՝ վախենալով կորցնել այդ ահռելի գումարները, քանի որ մտնում են յուրատեսակ «պատերազմի մեջ» պետության հետ։
Նույնիսկ դատավորների համար է սա խնդրահարույց։ Եթե դատավորը բավարարում է հայցը, նա ստիպված է լինում կայացնել որոշում՝ պետական տուրքը (օրինակ՝ 10 կամ 20 միլիոն դրամ) տնտեսվարողին վերադարձնելու մասին: Մինչդեռ մասնավոր վեճերի դեպքում գումարը վերցվում է մի ընկերությունից և տրվում մյուսին, այստեղ մյուս կողմում պետությունն է, և գումարը պետք է ետ վերադարձվի պետբյուջեից։
Այսպիսով, օրենսդրական մակարդակով սահմանափակվել է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչը միանշանակ բերելու է պետական գնումների ոլորտում (բյուջեի 45%-ի հատվածում) ռեալ կոռուպցիոն սխեմաների ու մեխանիզմների ծաղկմանը: Չկա վերահսկողություն, չկա պատժման ինստիտուտ»,- նշեց Հասմիկ Ենգոյանը:
Վճիռները՝ առանց հետևանքների
«Ի պատիվ մեր դատարանների՝ անգամ այս հսկայական ֆինանսական բեռի պայմաններում կան տնտեսվարողներ, որոնք պայքարել են իրենց իրավունքների համար, և կան բազմաթիվ բավարարված հայցեր։ Դատարանները հաճախ ֆիքսել են, որ մրցույթի հրավերում նախատեսվել են խտրական պահանջներ, դրվել են կոնկրետ ընկերության շահերին ծառայող պայմաններ, և մասնակիցներն ապօրինաբար մերժվել են:
Հարգելի՛ գործընկերներ, հարց է առաջանում. քանի՞ ծառայողական քննություն է նշանակվել այդ մեղավոր գնահատող հանձնաժողովների և պատվիրատուների ղեկավարների նկատմամբ։ Ինձ այդպիսի տեղեկատվություն չի հասել: Բայց չէ՞ որ իշխող ուժն արդեն ունի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որտեղ սևով սպիտակի վրա ֆիքսվել է պետական տենդերների ոլորտում կատարված ապօրինությունը: Արդյո՞ք պատժվել են վերոհիշյալ անձինք: Իհարկե՝ ոչ, ինչը ևս մեկ անգամ հիմք է տալիս ենթադրելու, որ այս ոլորտում ծաղկում է կոռուպցիան:
Գնումների, մեկ անձից կատարվող գնումների և սև ցուցակների մասին դեռ շատ բան կարող եմ ասել, բայց հաշվի առնելով, որ ժամանակս սահմանափակ է, այս հնարավորությունից կօգտվեմ հաջորդիվ»,- եզրափակեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամը:
Մանրամասները՝ տեսանյութում:

