Բաժիններ՝

Թրամփն իր վարչակազմի 100-օրյա ձեռքբերումներն անվանել է «պատմական»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 100-օրյա պաշտոնավարման ժամկետում իր վարչակազմի ձեռքբերումները պատմական է որակել։ Այս մասին նա գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցում։ 

«Մինչ մենք մոտենում ենք մեր պատմական առաջին 100 օրվան, ես հպարտությամբ հայտարարում եմ, որ Անձնակազմի հարցերով նախագահական գրասենյակը հաստատել է քաղաքական պաշտոնների ավելի քան 80%-ը մեր ամենամեծ նախարարություններում, այդ թվում՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունում, Պետքարտուղարությունում, պաշտպանության, ֆինանսների, վետերանների գործերի և առևտրի նախարարություններում», – գրել է Թրամփը։ 

ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ իր վարչակազմը գերազանցել է նախորդ վարչակազմերի կողմից սահմանված «բոլոր ռեկորդները»։

«Եվ մենք կշարունակենք քրտնաջան աշխատել՝ վարձելու ամենաիրավասու, աշխատասեր հայրենասերներին, որոնք կօգնեն մեզ մուտք գործել մեր երկրի Ոսկեդար», – հավելել է նա։

Իշխանության գալուց հետո Թրամփը մեկնարկել է պետական ​​ապարատի արդյունավետ կառավարմանն ուղղված արշավ։ Մասնավորապես, ստեղծվել է Կառավարության արդյունավետության վարչություն (DOGE)՝ միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորությամբ, որի գործառույթն է «կրճատել պետական ապարատի անարդյունավետ ծախսերը»։ 

CNN-ի հաշվարկների համաձայն՝ Թրամփի նախագահության երեք ամիսների ընթացքում ԱՄՆ-ում աշխատանքից ազատվել է 121 000 պետական աշխատող։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ABC News-ի, Washington Post-ի և Ipsos-ի կողմից անցկացված հարցման տվյալների համաձայն՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում գտնվելուց 100 օր անց արձանագրվել է, որ Դոնալդ Թրամփը հավանության ամենացածր վարկանիշն ունի ամերիկացի ղեկավարների շրջանում վերջին 80 տարվա ընթացքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս