
«Արցախցիները մեր զավակներն են, մշտապես կապի մեջ ենք միմյանց հետ». Արցախի թեմի առաջնորդ

Մարտի 29-ից արցախահայերի կողմից Ազատության հրապարակում տեղադրված վրան-շտաբում շարունակվում են քննարկումները Հայաստանի ու Արցախի հասարակական-քաղաքական տարբեր ուժերի ու կառույցների ներկայացուցիչների, այդ թվում՝ ԵԽ պատգամավորների հետ։
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից արցախահայերը բռնի տեղահանվեցին և բռնեցին Հայաստան եկող ճանապարհը։ 150 հազար արցախահայեր այսօր կանգնած են բազմաթիվ խնդիրների առաջ, չունեն տուն, ֆինանսական աջակցություն, մեծ մասը չունի աշխատանք ու հիմնական ապրելու վայր։
Մարտի 29-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած մեծ հանրահավաքում արցախահայերը բարձրացրեցին այս խնդիրները, նաև ՀՀ իշխանություններին կոչ-պահանջ ներկայացրեցին՝ Արցախ հավաքական վերադարձի համար քայլեր ձեռնարկել, ինչպես նաև հայ գերիներին վերադարձնելը դարձնել օրակարգային հարց։
ՀՀ կառավարության կողմից այս հարցերին արձագանք չի եղել, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն այս ընթացքում հանդիպել են միայն փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, սակայն փոխվարչապետն անդրադարձել է միայն 40.000 դրամ աջակցության ծրագրին։ Կառավարության կողմից պայման է առաջ քաշվել՝ 40.000 դրամները կշարունակեն տալ արցախցիներին, եթե Ազատության հրապարակում տեղադրված վրան-շտաբը հանվի, ինչին խորհրդի անդամները դեմ են արտահայտվել։
Այս ընթացքում արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներին այցելել է նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նույնպես այցելել է արցախցիներին, զրուցել նրանց հետ, քննարկել նրանց մտահոգող բոլոր հարցերը։
«Ես շտաբ-վրանում արցախցիների հետ հանդիպել եմ բազմիցս, կրկին հանդիպելու եմ։ Իրենք են նաև ինձ մոտ եկել հանդիպման, ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Նրանք մեր զավակներն են, մշտապես կապի մեջ ենք միմյանց հետ, բայց որևէ պաշտոնական երանգ չենք տալիս»,- 168.am-ի հետ զրույցում հակիրճ նշեց Վրթանես սրբազանը։
Հիշեցնենք, որ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մի քանի անգամ Երևանում բողոքի ակցիա է կազմակերպվել, որի ընթացքում արցախահայերը մանրամասն ներկայացրել են իրենց պահանջները՝ սպասելով, որ իշխանությունները որևէ կերպ կարձագանքեն։