Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել հայ համայնքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հանդես է եկել ցավակցական ուղերձով՝ ուղղված Թուրքիայի հայ համայնքին։ Ուղերձը կարդացվել է Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում՝ «Սուրբ Նահատակների հիշատակի արարողության» ժամանակ։ Էրդողանը նման ուղերձներ սկսյալ 2012 թվականից հղում է ամեն տարի ապրիլի 24-ին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իր ուղերձում Թուրքիայի նախագահը հիշատակել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։

Նա նշել է, որ Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած «ապստամբությունների, հրոսակախմբերի գործողությունների և համաճարակների» հետևանքով զոհվածների կորստի ցավը մինչ օրս զգալի է։

Էրդողանի ուղերձում տեղ են գտել հետևյալ ձևակերպումները․

«Մենք երբեք թույլ չենք տվել և երբեք թույլ չենք տա, որ մեր քաղաքացիներից որևէ մեկն ինչ-որ պատճառով խտրականության, օտարման կամ մարգինալացման ենթարկվի:

Մեր հայ քաղաքացիների խաղաղությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը, ովքեր արժեքավոր ներդրում են ունենում մեր երկրի մշակույթի, արվեստի, քաղաքականության, տնտեսության, կրթության և հասարակական կյանքի մեջ, կշարունակեն մնալ մեր առաջնահերթությունը։

Ճիշտ այնպես, ինչպես միասին ենք հասել այս օրվան, մենք միասին, ուս ուսի կկառուցենք Թուրքիայի դարաշրջանը:

Մեր կիսալուսնով և աստղով դրոշի հանգստություն պարգևող հովանու ներքո, մենք հավերժ ազատ կապրենք որպես Թուրքիայի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:

Այս մտքերով ևս մեկ անգամ ես անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի կրած ցավը անցյալում, և հարգանքով հիշատակում կյանքը կորցրած օսմանյան քաղաքացիներին»:

Տեսանյութեր

Լրահոս